…Լսի՛ր ինձ, այն օրից, ինչ զգացել եմ իմ անձի մենությունը, թվում է, ամեն օր ավելի ու ավելի, խորանում եմ ստորգետնյա մութ մի տարածության մեջ, որի ծայրերը չեմ գտնում, չեմ ճանաչում վերջը նրա, և որը գուցե ոչ մի ծայր էլ չունի: Գնում եմ այնտեղ միայնակ, ինքս ինձ հետ, չկա կողքիս ոչ ոք, չկա շուրջս ոչ ոք, նույն մթամած ուղին ինձ հետ անցնող որևէ կենդանի էակ: Ստորերկրյա անդունդն այդ կյանքն է: Երբեմն աղմուկներ, ձայներ, ճիչեր եմ լսում…կուրորեն առաջանում եմ դեպի մշուշոտ աղաղակներն այդ: Բայց ստույգ չգիտեմ` որտեղից են գալիս դրանք, երբեք ոչ մեկին չեմ հանդիպում մթության մեջ, որ պարուրել է ինձ, չեմ գտնում երբեք ուրիշ ոչ մի ձեռք: Հասկանու՞մ ես:
***
Է՜հ, մարդը չգիտի, թե ինչ է կատարվում մեկ ուրիշի մեջ անդադար: Մենք առավել հեռու ենք միմյանցից, քան այս աստղերը, ավելի մեկուսի հատկապես, որովհետև անմեկնելի է միտքը:
Գիտե՞ս ավելի սարսափելի մի բան, քան մարդկային այս արարածների հաստատուն հպումն է, որ բացահայտել անկարող ենք: Սիրում ենք միմյանց այնպես, ասես շղթայված լինենք, իրար շատ մոտ` միմյանց պարզված ձեռքերով, առանց իրար միատարրվելու կարողության: Միաձույլ դառնալու մի տանջահարույց կարիք տիրում է մեզ, բայց մեր բոլոր ջանքերն անպտուղ են մնում, անօգուտ` մեր թափառումները, խոստովանանքը մեր ` ապարդյուն, անկարող` մեր նվաղումը, իզուր` փաղաքշանքները: Երբ ցանկանում ենք միատարրվել, միմյանց նկատմամբ ձգտումները գեթ ավելի են հեռացնում մեզ միմյանցից:
***
Ես ինձ երբեք ավելի միայնակ չեմ զգում, քան այնժամ, երբ նվիրաբերում եմ սիրտս մի ընկերոջ, քանզի այդժամ ավելի լավ եմ հասկանում անհաղթահարելի խոչընդոտը: Նա այստեղ է` այդ մարդը, ես տեսնում եմ նրա պայծառ աչքերը` ուղղված ինձ, բայց ընդհանրապես չգիտեմ դրանց հետևում թաքնված նրա հոգին: Նա լսում է ինձ: Ի՞նչ է մտածում: Այո՛, ի՞նչ: Չե՞ս հասկանում այդ տառապանքը: Գուցե ատում է ինձ, կամ արհամարհում, կամ ծաղրում գուցե: Նա մտածում է իմ ասածների մասին, դատում է ինձ, հեգնում, դատապարտում, ինձ փոքրոգի կամ հիմար կարծում: Ինչպե՞ս իմանալ` ինչ է մտածում: Ինչպե՞ս իմանալ` սիրում է նա ինձ այնպես, ինչպես ես եմ սիրում, և ի՞նչ է պտտվում այդ փոքրիկ կլորիկ գլխում: Ինչպիսի՜ առեղծված, մարդկային մի արարածի անծանոթ միտքը, դարանակալ ու ազատատենչ միտքը, որ չենք կարող ո՛չ ճանաչել, ո՛չ կառավարել, ո՛չ իշխել, ո՛չ հաղթել:
***
Կանայք են, որ ամենից ավելի ստիպում են ինձ կրկին նկատել իմ մենությունը:
Թշվառությու՜ն… Ինչքա՜ն եմ տառապել նրանց պատճառով, որովհետև հաճախ են տվել ինձ միայնակ չլինելու պատրանքը, ավելի հաճախ, քան տղամարդիկ:
Երբ թափանցում ենք Սիրո աշխարհը, թվում է` ազատագրվում ենք: Գերմարդկային մի երջանկություն պարուրում է մեզ: Գիտե՞ս ինչու: Գիտե՞ս` որտեղից է գալիս անսահման երջանկության այդ զգացումը: Դա միայն այն պատճառով է, որ երևակայում ենք մեզ, թե միայնակ չենք այլևս: Էությանդ մեկուսացումն ու լքումն ավարտված են թվում: Ինչպիսի՜ սխալմունք: Այդ հավերժական սիրո կարիքով, որ կրծում է մեր մենակյաց հոգին, կինը Երազի ամենամեծ խաբկանքն է` ավելի ևս տառապյալ, քան գուցե մենք:
Դու գիտես երկարամազ, հմայագեղ, մեզ խենթության հասցնող այդ արարածի հետ դեմ-դիմաց անցկացրած հիացիկ ժամերը: Ի՞նչ մոլություն է պարուրում մեր հոգուն: Ի՞նչ պատրանք է տիրում մեզ:
Ես և նա, թվում է` ուր որ է մի ամբողջությու՞ն պիտի կազմենք: Բայց այդ «ուր որ է»-ն երբեք վրա չի հասնում, և շաբաթների սպասումից, հուսադրումից ու խաբուսիկ երջանկությունից հետո մի օր հանկարծակի ինձ գտնում եմ ավելի քան երբևէ միայնակ:
***
Ինչ վերաբերում է ինձ, հիմա, ես փակել եմ հոգիս: Չեմ ասում այլևս ոչ մեկին, թե ինչ եմ կարծում, ինչ եմ մտածում, ինչ եմ սիրում: Ինձ դատապարտված համարելով դառնալի մենության` ես նայում եմ իրերին` առանց առաջադրելու կարծիքս: Ինչի՞ս են կարծիքներ, վեճեր, հավատներ: Չկարողանալով ոչինչ կիսել որևէ մեկի հետ` հիասթափված եմ ամենից: Իմ անտես միտքը դառնում է անհասանելի բոլորին: Ես միօրինակ պատասխաններ ունեմ ամենօրյա հարցադրումներին, և մի ժպիտ, որ ասում է «Այո», երբ ես անգամ ճիգ չեմ գործադրում խոսելու:
Հասկանու՞մ ես ինձ:
Հատվածներ «Մենություն» պատմվածքից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։