ԳլխավորԼուր

Ե՞րբ կհրապարակվի բուհերի թափուր տեղերի ցանկը. ԳԹԿ-ն մանրամասնում է

Դիմորդ, հայտագրում

ԳԹԿ-ն dimord.am-ում կտեղադրի այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթից հետո թափուր մնացած տեղերի ցանկն այսօր ժամը 16-ից հետո։

Այս մասին Usanogh.am-ին հայտնեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Ծնողները, դիմորդները, բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ այդ մասնագիտություններին։ Ընդ որում՝ պարտադիր չէ գրանցված լինել՝ դրանց հասանելիություն ունենալու համար»,-ասաց նա։

Լրացուցիչ մրցույթը մինչեւ 6 մասնագիտությունների համար է՝ դրական (7.5 ու ավելի) գնահատականներով հանձնած 2 քննությունների արդյունքով, հավելեց Խաչանուշ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ այտագրման գործընթացը սկսվում է հուլիսի 20-ին և ավարտվում հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:

Հիմնական փուլի մրցույթով արդեն ընդունված դիմորդները լրացուցիչ մրցույթին մասնակցել չեն կարող։

Թափուր տեղերի մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է։

Հավելենք, որ 2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Հիմնական փուլի արդյունքներով բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։ Այսինքն այս պահին կա 3100 թափուր տեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews