ԳլխավորՄի կտոր գիրք

«Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց…». Համո Սահյան

Տղամարդ, տարեց մարդ

Ներկայացնում ենք Համո Սահյանի (Հմայակ Սահակի Գրիգորյան, 14 ապրիլի, 1914- 17 հուլիսի, 1993) բանաստեղծություններից։

***

Ում համար իմ ուշքը գնաց,
Նա ինձ համար երազ մնաց,
Բայց երբ հետո ուշքի եկավ
Որ ջուր պիտի շաղեր վրաս,
Ուշքի բերեր ժամանակին,
Ուշացել էր…Ուշ էր արդեն:

Ով ինձ համար ուշքը կորցրեց
Ով գիտի ում սիրտը կոտրեց:
Չտեսնելու տվի անցա
Բայց երբ հետո ուշքի եկա,
Թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ, ուշ էր արդեն:

Եվ ապրում ենք ափսոսալով,
Եվ դժվար ենք ուշքի գալիս,
Որ ուշացած ուշքի գալով
Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:

***

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:

Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

***

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ, հոգնել։

***

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

***

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

— 2 —

Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

— 3 —

Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի…

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից…

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:

***

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»։

***

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…