ԳլխավորՄի կտոր գիրք

«Սերը ժանտախտի օրերին». Գաբրիել Գարսիա Մարկես

Դոկտոր Ուրբինոն կառչեց թութակի վզից, հաղթական շշնջալով. «Բռնվեցի~ր»։  Բայց անմիջապես էլ բաց թողեց նրան, որովհետեւ սանդուղքը սահեց ոտքերի տակից, եւ նա մի պահ օդում կախված մնաց ու այդ պահին էլ հասցրեց մտածել, որ մեռնում է առանց հաղորդվելու, առանց ժամանակ ունենալու, որ մեղքերը քավի, առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու, հոգեգալստյան կիրակի, երեկոյան ժամը չորսն անց  յոթ րոպեին։

Ֆերմինա Դասան խոհանոցում ընթրիքի ապուրն էր փորձում, երբ լսեց Դիգնա Պարդոյի ահաբեկված ճիչը, ապա եւ հարեւան սպասավորների աղմուկը։ Գցեց շերեփը եւ վազեց՝ որքան թույլ կտար իր տարիքի անհաղթահարելի ծանրությունը, խելագարի պես ճչալով, դեռեւս չիմանալով, թե ինչ է պատահել մանգոյի տերեւների ներքո, եւ նրա սիրտը ցավից սեղմվեց, երբ տեսավ իր ամուսնուն՝ մեջքի վրա ցեխի մեջ փռված, այս կյանքի համար մեռած, բայց իր վերջին րոպեին ճգնելով դիմագրավել մահվան վերջին հարվածը, որպեսզի կինը ժամանակ ունենա իրեն հասնելու։ Հասցրեց ամբոխի մեջ ճանաչել նրան՝ նրանից հեռու մեռնելու անկրկնելի ցավից ծնված արցունքների միջից եւ վերջին  անգամ նայեց նրան, որովհետեւ այլեւս երբեք նրան չէր նայելու՝ ավելի լուսավոր, ավելի թախծոտ եւ ավելի երախտապարտ  աչքերով, որ կինը չէր տեսել երբեք համատեղ կյանքի կես դարի ընթացքում, եւ վերջին շնչի հետ հասցրեց ասել.

— Միայն Տերը գիտե, թե ինչքան եմ քեզ սիրել։

Դա հիշարժան եւ անհեթեթ մահ էր։

***

Շատ տարիներ անց, երբ նա աշխատում էր հիշել, թե իրականում ինչպիսին էր քնարական ալքիմիայով իդեալականացված այդ աղջիկը, չէր կարողանում նրան առանձնացնել այդ ժամանակների անառակ երեկոներից։ Թեեւ տառապանքի այդ օրերին, սպասելով իր առաջին նամակի պատասխանին, ինքն աննկատ մնալով, հետեւում էր եւ տեսնում էր նրան արտացոլանքի փոխված, կեսօրվա ժամը երկուսի նշի ծաղիկների անձրեւի տակ, ուր տարվա ցանկացած եղանակին ապրիլ էր։

Լոտարիո Թուգուտին երգչախմբում ջութակով նվագակցելը եւս նրան հետաքրքրում էր ընդամենը նրանով, որ տեսներ, թե ինչպես է երգի ալիքներից թրթռում աղջկա կուրծքը։ Բայց այդ ցնորքն էլ վերջացավ միակ երանության կորստով, քանի որ վերերկրային երաժշտությունը, իր հոգեվիճակին համահունչ, այնքան պարզունակ էր ստացվում աղջկան սիրո վալսերով բոցավառելու ձգտումից, որ Լոտարի Թուգուտը ստիպված եղավ նրան հեռացնել նվագախմբից։

Դա այն ժամանակն էր, երբ ամբողջվին հանձնվելով իր ցավին, նա սկսեց ուտել գարդենիայի թերթիկները, որ Տրանսիտո Արիսան աճեցրել էր տան առջեւ, պատերի տակ, եւ դրանից էր առնում Ֆերմինա Դասայի համը։ Նաեւ այդ ժամանակ էր, որ մոր սնդուկում պատահաբար գտավ օդեկոլոնի մեկ լիտրանոց շիշը, որ գնել էին Համբուրգ-Ամերիկա գծի մաքսանենգ ծովայիններից, եւ չզսպեց այն փորձելու գայթակղությունը, որպեսզի սիրած կնոջ համը լիովին զգա։ Օդեկոլոնը խմեց մինչեւ առավոտ, կում առ կում, հարբելով Ֆերմինա Դասայով, նախ նավահանգստի հյուրանոցում եւ ապա՝ ծովով գերված, ծովապատնեշի մոտ, ուր սեր էին անում անտուն սիրահարները, մինչեւ որ գիտակցությունը կորցրեց։ Տրանսիտո Արիսան, որ մինչեւ առավոտյան ժամը վեցը սպասում էր նրան, ոչ ողջ, ոչ մեռած փնտրում էր նրան այնպիսի գաղտնի տեղերում, որ չէիր սպասի, եւ կեսօրից քիչ անց նրան գտավ իր ետ տված օդեկոլոնի լճում, ծովածոցի այն մասում, ուր հասնում էին միայն խեղդվողները։

***

Գաղափարը ծնվեց անսպասելի, երբ ընթրում էին նեղ շրջանում։ Կապիտանն անհանգստանում էր մի հարցում. ինչքան ժամանակ է՝ ուզում էր քննարկել Ֆլորենտինո Արիսայի հետ։ Սա միշտ խուսափում էր իր սովորական դարձած փաստարկով. «Այդ բաները Լեոնա Կասիանին ավելի լավ կկարգավորի, քան ես»։ Բայց այս անգամ լսեց նրան։ Բանն այն էր, որ նավերը հոսանքով վեր էին բարձրանում բեռով, իսկ իջնում էին դատարկ, երբ ուղեւորների հետ հակառակն էր լինում։ «Բեռը մի առավելութուն ունի. Ավելի շատ է վճարում եւ ապա՝ չի ուտում»,-ասաց։

Ֆերմինա Դասան ուտում էր վատ տրամադրությամբ, ձանձրանալով երկու տղամարդկանց հոգնեցուցիչ վիճաբանությունից, տարբեր գնացուցակներ մտցնելու օգուտների մասին, բայց Ֆլորենտինո Արիսան գնաց մինչեւ վերջ եւ միայն այդ ժամանակ տվեց մի հարց, որը փրկարար գաղափար թվաց կապիտանին։

— Իսկ եթե խոսենք ենթադրաբար,-ասաց,-հնարավոր կլինե՞ր երթ կատարել առանց բեռի եւ ուղեւորների, առանց որեւէ նավահանգիստ մտնելու, առանց որեւէ մեկին հանդիպելու։

Կապիտանն ասաց, որ դա հնարավոր է միայն տեսականորեն։ ԿԳԸ-ն գործող պայմանագիր ունի, որ Ֆլորենտինո Արիսան իրենից լավ գիտի, պայմանագրեր բեռների, ուղեւորների եւ շատ այլ բաների վերաբերյալ, որոնցից խուսափել անհնար է։ Միակ բանը, որը թույլ կտար թռչել ամեն ինչի վրայով, դա նավի վրա ժանտախտի դեպքն է։ Նավը հայտարարվում է կարանտինի մեջ, դեղին դրոշակ է բարձրացնում եւ նավարկում է արտակարգ դրության մեջ։ Կապիտան Սամարիտանոն ստիպված է եղել մի քանի անգամ այդպես անել ժանտախտի բազմաթիվ դեպքերում, երբ դրանք հայտնաբերվում էին նավի մեջ, թեեւ հետո բժշկական ծառայությունները բժիշկներին ստիպել են վկայություն տալ, որ դա ընդամենը թանչ (արյունալուծ-խմբ.) է եղել։ Ավելին, գետի պատմության մեջ շատ անգամներ կատակով են ժանտախտի դեղին դրոշակ բարձրացրել, որպեսզի անցանկալի հյուրերին չվերցնեն, որպեսզի կանխեն անտեղի ստուգումները։ Ֆլորենտինո Արիսան սեղանի տակ գտավ Ֆերմինա Դասայի ձեռքը։

-Շատ լավ,-ասաց, այդպես էլ կանենք։

Կապիտանն անակնկալի եկավ, բայց անմիջապես էլ ծովային հին գայլի բնազդով ամեն ինչ տեսավ շատ պարզ։

-Ես այս նավի վրա եմ հրամայում, իսկ դուք հրամայում եք մեզ,-ասաց,-այնպես որ, եթե լուրջ եք ասում, ինձ գրավոր հրաման տվեք, եւ հենց հիմա դուրս կգանք։

Լուրջ էր, իհարկե, եւ Ֆլորենտինո Արիսան ստորագրեց հրամանը։ Վերջ ի վերջո ամեն մարդ էլ գիտե, որ ժանտախտի օրերը չեն անցել, չնայած բժշկական ծառայությունների հնարած ուրախ հեքիաթներին։ Ինչ մնում էր նավին, խնդիր չկար։ Բարձված աննշան բեռը վերադարձրեց, ուղեւորներին ասաց, որ նավի սարքավորումները շարքից դուրս են եկել, եւ նրանց կուղարկեն առավոտյան, մի այլ ընկերության նավով։ Եթե նման բաներն արվում են այդպիսի անբարոյական եւ նույնիսկ ստոր դրդումներով, Ֆլորենտինո Արիսան չի հասկանում, թե ինչու օրինական չի լինի, եթե դա արվի հանուն սիրո։ Միակ բանը, որ խնդրեց կապիտանը, այն էր, որ թույլ տա մտնել Նարե նավահանգիստ՝ վերցնելու համար որեւէ մեկին, որը կընկերանա իրեն՝ ուղեւորության ընթացքում. նա նույնպես ուներ իր սրտի գաղտնարանը։

Այսպիսով «Նոր հավատարմությունը» խարիսխը բարձրացրեց հաջորդ օրվա լուսաբացին, առանց բեռի եւ ուղեւորների՝ ժանտախտի դեղին դրոշակը ցնծուն ծածանելով մեծ կայմաձողի վրա։ Իրիկնամուտին Նարե նավահանգստից վերցրին մի կնոջ, շատ ավելի բարձրահասակ ու ամրակազմ, քան կապիտանը, արտասովոր գեղեցկությամբ։ Նրան միայն մորուքն էր պակաս, որ կրկես հրավիրեին։ Նրան անվանում էին Զենաիդա Նեւես, բայց կապիտանը կոչում էր «Իմ խենթուկ»։  Նրա հին ընկերուհիներից էր, նրանցից, ում սովորաբար վերցնում են մի նավահանգստից, որ թողնեն մի ուրիշում։ Նա նավ բարձրացավ, իր հետ բերելով բերկրանքի մի ալիք։ Այդ տխուր դիարանում, որտեղ Ֆլորենտինո Արիսան նորից ապրեց Ռոսալբայի կարոտը, տեսնելով Էնվիգադոյի գնացքը, որը դժվարությամբ բարձրանում էր ջորիների լեռնածերպով։ Հանկարծ փլվեց ամազոնյան անձրեւի մի հեղեղ, որը փոքր ընդհատումներով շարունակվեց մնացած ողջ ուղեւորության ընթացքում։ Բայց դա ոչ մեկին չէր հետաքրքրում։ Լողացող տոնն իր տանիքն ուներ։ Այդ տոնին որպես անձնական ներդրում, երեկոյան Ֆերմինա Դասան անձնակազմի ծափերի տակ իջավ խոհանոց եւ բոլորի ծափերի տակ պատրաստեց իր հնարած ճաշատեսակը, որը Ֆլորենտինո Արիսան իր մտքում կնքեց Սիրասմբուկ։

Օրվա ընթացքում թուղթ էին խաղում, կուշտուկուռ ուտում էին, ետճաշյա քունն անց էին կացնում արեւի տակ, որը նրանց ուժասպառ էր անում, իսկ արեւը հազիվ իջած՝ թնդում էր նվագախումբը, եւ նրանք սաղմոնով օղի էին խմում ուզածին չափ։ Դա մի ուղեւորություն էր արագընթաց, թեթեւ նավով, ջուրը զգալիորեն բարձրացել էր անձրեւից, որը տեղաց ոչ միայն այդ շաբաթ, այլեւ ողջ ճանապարհին։ Մի քանի գյուղերից իրենց ցավակցությունը հայտնեցին կրակոցով՝ ժանտախտին ահաբեկելու համար, իսկ իրենք շնորհակալություն էին հայտնում լալագին շչակով։

Ճանապարհին հանդիպող ինչ ընկերության նավ էլ լիներ, նրանց ցավակցության ազդանշան էր առաքում։ Մագանգե բնակավայրում, որտեղ Մերսեդեսն էր ծնվել, մնացած ճանապարհի համար փայտ բարձեցին։

Երբ առողջ ականջի մեջ զգաց նավի շչակի ձայնը, Ֆերմինա Դասան վախեցավ, բայց անիսոնի օղու հաջորդ օրը երկու ականջներով էլ շատ լավ էր լսում։ Նա հայտնաբերեց, որ վարդերն ավելի բուրավետ են, քան առաջ, որ թռչունները լուսաբացին շատ ավելի լավ են երգում, քան առաջ, եւ որ Աստված մի ծովակով է ստեղծել եւ իջեցրել Տամալամեկեի հարթավայրում, որ սա արթնացնի իրեն։ Կապիտանը լսեց նրա ձայնը, շեղեց նավի ընթացքը եւ վերջապես տեսավ ընտանիքի հսկայական մորը, որը կուրծք էր տալիս ձագին՝ թեւերի մեջ պահած։ Ոչ Ֆլորենտինոն, ոչ էլ Ֆերմինան իրենց չէին էլ հարցնում, թե ինչպես են ձուլվել մեկմեկու։ Կինը նրան օգնում էր հոգնաներ դնել, արթնանում էր նրանից շուտ, որ խոզանակով մաքրեր արհեստական ատամնաշարը, որը քնելուց առաջ նա դնում էր բաժակի մեջ, եւ գտնում էր նրա կորցրած ակնոցը, որն իրեն ծառայում էր կարդալու եւ կարկատելու համար։ Մի առավոտ Ֆերմինան արթնանալով, նրան տեսավ կիսամթնում իր վերնաշապկի կոճակը կարելիս եւ շտապեց ինքն անել, նախքան նա կկրկներ սովորական արտահայտությունը, թե երկու կին է անհրաժեշտ։ Փոխարենը Ֆերմինան նրանից միայն մի բան էր ուզում, որ բանկաներ կպցներ մեջքացավի դեմ։

Ֆլորենտինո Արիսան իր կողմից արթնացրել էր նվագախմբի ջութակի նկատմամբ իր կարոտը եւ կես օրից կարողացավ նրա համար կատարել «Թագակիր աստվածուհին» վալսը, եւ այն նվագեց ժամերով, մինչեւ որ ուժով լռեցրին։ Մի գիշեր, իր կյանքում առաջին անգամ, Ֆերմինա Դասան հանկարծ արթնացավ լացից խեղդվելով, որը ոչ թե չարությունից էր, այլ ցավից։ Հիշել էր նավակի այն պառավներին, որոնց նավավարն էր սպանել թիակներով։ Իսկ անսպառ անձրեւները, ընդհակառակը, նրան չէին զայրացնում, եւ նա ուշացումով մտածեց, որ Փարիզը, հավանաբար, այնքան էլ մռայլ չի եղել, որքան ինքն էր կարծում, եւ ոչ էլ Սանտա Ֆեն է իր փողոցներում այդքան շատ թափորներ ունեցել։  Ֆլորենտինո Արիսայի հետ այլ, գալիք ուղեւորությունների բաղձանքը բարձրացավ հորիզոնում՝ խելագար ուղեւորություններ առանց ճամպրուկի, առանց հասարակական պարտականությունների՝ զուտ սիրո ուղեւորություններ։

Գաբրիել Գարսիա Մարկես,

Հատվածներ «Սերը ժանտախտի օրերին» ստեղծագործությունից

Comment here