ԳլխավորՄի կտոր գիրք

Հենրիկ Էդոյանի ծննդյան օրն է

Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանի ծննդյան օրն է։

***

Անվերջություն

Մենք արթուն էինք,
մենք չէինք քնել,
մեր աչքերի դեմ
գիշերն էր լողում
Ադամի տեսքով,
հետո մի կնոջ
մարմին էր երևում,
որն իր մերկությունը
փաթաթում էր մեզ,
բայց մենք արթուն էինք,
մենք չէինք քնել
մայրամուտից առաջ
եւ նրանից հետո:

***

Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:

Այսքան առավոտներից հետո

Այսքան առավոտներից հետո
ցերեկը դատարկ է մնում:
Ցերեկը, որի վրա,
դու ուզում ես կարել քո խոսքը,
փշրվում է քո դեմ,
և մնում է խոսքը,
միայն խոսքը,
որից փախչում ես դու:
Դու փողոցում կորցնում ես
քո հարստությունը և աղքատանում:
Հետո փողոցի վրա կարելով քո աղքատ դեմքը
դու հեռանում ես:
Ցերեկը նորից դատարկ է մնում
առանց քեզ:

Արթնացում

Գտա ևս մեկ օր:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:

Դու մենակ չես

Մի՛ վախեցիր, դու մենակ չես, քո
թիկունքում կանգնած է մեկը, որ գիտի՝
ինչ է պետք, և գիտի այն ուղին, որով
դու պիտի
անցնես, նա տեսնում է քեզ, ուղղում քո քայլերը,
ջնջում քո սխալները: Դու մենակ չես:
Սպասի՛ր: Մեկը քեզ համար
մի տուն է կառուցում, որի գծագիրը
դրված է սեղանիդ, թեև նա ուրիշ տեղ է, մի ուրիշ քաղաքի
քարտեզի վրա: Եվ որքան միջօրեն
ավելի պարզվում է, ավելի լուսավորվում, այնքան գիշերը
ավելի խիտ է դառնում:
Բայց դու մենակ չես,
քո թիկունքում կանգնած է մեկը:
Կենսագրական տվյալներից

…և նա որոշեց իր կյանքից մի անգամ
արձակուրդ առնել իր հաշվին:

***

Քո մարմինը ծածկում է լույսը, որը
ես չեմ տեսնում,
որպեսզի այն տեսնեմ ես
պետք է գրկեմ քեզ,
երբ քո մարմինը դանդաղ չքանում է —
նրանից այն կողմ
ճառագում է լույսը
քեզ գրկած իմ ձեռքերը
լուսավորվում են։

Վերջերգ

Այս մարդն ուզում էր խոսել, բայց երբ խոսում էր՝ իր խոսքը
այն չէր, ինչ նա ուզում էր, ուրիշ էր բոլորովին: Ոչինչ
չէր ստացվում: Որոշեց լռել,
բայց իր լռությունը այն չէր, ինչ ուզում էր: Դա ուրիշ
լռություն էր: Հուսահատությունից ձեռքը թափ
տվեց: Եվ նրան հասկացան:

Comment here