ԳլխավորՄի կտոր գիրք

Դու` անծանոթ մի նոր աշխարհ, ես` մի հմուտ աշխարհագետ… Սևակ

Պարույր Սեւակ

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի′դ պես,
Ու քայլում էր քեզնի′ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա′ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:

Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո′չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա′յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա′:
Եվ անցիր դո′ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա′ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

Դու մի′ հարցրու.«Սիրո՞ւմ ես ինձ»

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի′ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս`
Սուտ պատասխան չեն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի′ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի′ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:

Եվ ասում եմ ե′ս` միօրյա′ հավատացյալ,
Իսկ դու լսի′ր, իմ նորօրյա′ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա′տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,-
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո′ւն:

Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի`
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի′ նման,
Եվ լինենք կույր` կրակի′ պես,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե′ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի′ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին…

Այնժամ գուցե բնազդաբար ե′ս քեզ հարցնեմ.
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե′ս քեզ հարցնեմ`
Պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքըդ աստվածուհու,
Նախկին տեսքըդ ա′յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնըվել:
Դու ուրի′շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ»…

Նոր ծանոթություն

Ծանոթանա՞նք:
Շա՜տ լավ:
Բայց ես անո′ւն չունեմ:
Թե ուզում ես, խնդրեմ, «Հոմո Սապիենս» կոչիր
Եվ ազգանվան տեղ էլ ասա «Հարավ»:

Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո′:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:

Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ-որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում:
Չէ′, ես սխալվեցի.
Գաղտնիքն ընդունում եմ,
Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,
Որ միշտ բազմակետ է բազմացընում…

Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,
Որ բերան է տրված ո′չ ուտելու,
Այլ խոսելո՜ւ համար:
Եվ ավելին.
Շուրթերո՜վ են խորհում, ո՛չ թե գանգուղեղով:
Ծանոթացա՞նք:
Դեռ ո՞չ:
Շարունակե՞մ:

Սովա՜ծ են ոտներըս.
Թող հո′ղ կոխեն մի քիչ:
Եվ աչքերս են սոված.
Չի կշտացնում լույսը…

Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում…

Եվ չի պոկվում ինձնից մի անսահման կարոտ,
Ու զզվել եմ արդեն պարզությունից գծի:
Թե կեռ-կորությունը շռայլություն է մեծ,
Չկարոտե՞մ գոնե այն կետ-գծին,
Որ նեղ նպատա′կ չէ,
Այլ երազա՜նք այրող…

Ծանոթացա՞նք արդյոք:
Բեթհովենի′ց հարցրու,
Մի′ մոռացիր, սակայն, որ նա խուլ է մի քիչ
Եվ կարող է հարցըդ չհասկանալ:

Իսկ ես ավելացնեմ,- քեզ օգնելու հույսով,-
Որ ինձ փոքրիշատե ճանաչելու համար
Հարկավոր է զրկվել… նախապաշարմունքից:
Որ և հեշտ չէ նույնքան,
Որքան որ ապրելը…

Ո′չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ,
Իսկ թե ստիպված եմ, այսուհանդերձ, ստել`
Մեղավորը ե′ս չեմ,
Իսկ թե ո՞վ է` քե՜զ ինչ:
Ինչո՞վ պիտի օգնես,
Ի՞նչ կփոխես:

Անկեղծության համար թե խաչեին,
Քրիստոսը վաղո՜ւց չէր ունենա պաշտող:
Ա՜խ, այդ պաշտամունքը, որ ձևեր է փոխում,
Ինչպես մոր մեջ սաղմը,
Բայց ծնվելիս ծնվում մի′շտ մանուկի նման`
Ուղեղը դեռ անբան և աչքերը դեռ գոց…

Ծանոթացա՞նք արդյոք:
Դու` չգիտեմ,
Իսկ քեզ ճանաչեցի ես իսկապես:
Քո փոխարեն աչքերդ ասում են լուռ,
Որ ինձ համարում ես ծանըր հիվանդ,
Եվ զառանցանք` խոսքըս:
Բայց հավատա՜.
Խոսքս զառանցանք չէ,
Ոչ էլ հիվանդ եմ ես:
Ես պարզապես վաղուց համոզված եմ,
Որ դուր գալու ծանոթ առևտըրում
Հարկավոր է լինել չմանրվող դրամ
Եվ չծախսել իրեն կոպեկ-կոպեկ…

Ծանոթացա՞նք արդյոք:
Անշո′ւշտ, ծանոթացա՜նք:
Բաժանվելուց առաջ թույլ տուր ասեմ գոնե,
Որ քեզ նմանները, իմ սիրելի′,
Գուցե կարողանան ինձ ամե՜ն ինչ անել,
Բայց չեն կարող խլել լավատեսի
Իմ ժպիտը, այո′, իմ ժպի՜տը,
Նամանավանդ եթե չմոռանանք,
Որ ժպիտի ինչ-որ մի տեսակն է նաև
Անմահ քմծիծաղը…

Մնաս բարև՜:

Պարույր Սեւակ (24.01.1924-17.06.1971)

Comment here