ԳլխավորԼուր

Ղազախստանում ուսանողը դասի ժամանակ ցած է նետվել 6-րդ հարկից

Ղազախստանի Կոկշետաու քաղաքում տեղի համալսարանի «Բնապահպանություն» ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողն այսօր՝ դասի ժամանակ, ցած է նետվել 6-րդ հարկում գտնվող լսարանի պատուհանից։ Այս մասին տեղեկացնում է liter.kz-ն։

Պատահարի մասին շտապօգնությունը զանգ է ստացել ժ. 13.19-ին։

19-ամյա ուսանողի մոտ ախտորոշվել է դեմքի ոսկորների ջարդվածք եւ թոքերի վնասվածք։ Նրան վիրահատել են, վիճակը գնահատվում է ծանր։

Դասընկերները պատմել են, որ «Բնության օգտագործման բնապահպանական հարցեր» առարկայի դասի ժամանակ ուսանողը վատ է զգացել, մոտեցել է լուսամուտին եւ ձեռքերով ջարդել ապակիները, ապա փորձել է դուրս նետվել։ Ընկերները խանգարել են՝ բռնելով նրա ոտքերից, սակայն տղան թափ է տվել իրեն ու վայր ընկել 6-րդ հարկից՝ ձյան շերտի վրա։

Ուսանողն աչքի է ընկել լավ առաջադիմությամբ, կրթաթոշակ է ստացել։

Արարքի դրդապատճառն առայժմ հայտնի չէ։

Comment here