ԳլխավորՄի կտոր գիրք

Շերվուդ Անդերսոն. «Մարած կրակներ»

Շերվուդ Անդերսոն

Ամերիկացի արձակագիր Շերվուդ Անդերսոնի (13.09.1876-08.03.1941) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Մարած կրակներ» պատմվածքից, որն ամբողջությամբ կարող եք կարդալ «Երեւանյան էսքիզ» կայքում։

***

Կիրակի երեկոյան ժամը յոթին Մերի Քոքրընը դուրս եկավ այն տնից, որտեղ ապրում էր հոր՝ բժիշկ Լեսթըր Քոքրընի հետ։ Հազար ինը հարյուր ութ թվականի հունիս ամիսն էր, իսկ Մերին տասնութ տարեկան էր։ Նա Թրիմընթից քայլեց մինչև Գլխավոր փողոցը և երկաթգծերը անցնելով հասավ այդ փողոցի հյուսիսային մասը, որն իր ցաքուցրիվ տներով ու փոքրիկ խանութներով ավելի մռայլ տեսք էր ստանում մանավանդ կիրակի օրերին, երբ շրջակայքում քիչ մարդ էր լինում։ Մերին հորն ասել էր, որ եկեղեցի է գնում, բայց նման մտադրություն չուներ։ Աղջիկն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում անել։ «Կհեռանամ տնից ու մի քիչ կմտածեմ»,- մտքում ասաց նա՝ դանդաղ քայլելով։ Երեկոյան հրաշալի եղանակ էր սպասվում, և նա գերադասում էր զբոսնել, քան մռայլ ու տամուկ եկեղեցում լսել քահանայի քարոզները, որոնք ոչնչով չէին օգնելու նրա ծրագրերի իրագործմանը։ Աղջկա գործերը լավ չէին, ժամանակն էր լրջորեն մտահոգվել ապագայի մասին։

Մերին այդ մտահոգ վիճակի մեջ ընկել էր երեկ երեկոյան, հոր հետ ունեցած զրույցից հետո։ Հայրը անսպասելիորեն հայտնել էր, որ սրտի արատ ունի, և մահը ամեն վայրկյան կարող է անխուսափելի լինել։ Բժիշկ Քոքրընը այդ լուրը հայտնեց, երբ աղջկա հետ իր բուժարանում էին՝ այն սենյակների ետևում, որտեղ հայր ու աղջիկ էին ապրում։

Դրսում աղջամուղջն էր թանձրանում, երբ Մերին բուժարան մտավ ու տեսավ միայնակ նստած հորը։ Բուժարանն ու նրանց սենյակները Իլինոյս նահանգի Հանսթբըրգ քաղաքի հինավուրց շենքի առաջին հարկում էին, իսկ Մերիի հայրը այդ լուրը հայտնելիս կանգնել էր Թրիմընթ փողոցին նայող պատուհանի մոտ։ Շաբաթ օր էր։ Երեկոյի նվազուն շշունջը թափառում էր Գլխավոր փողոցի շրջակայքում։ Չիկագոյի երեկոյան գնացքը հենց նոր էր մեկնել։ Հյուրանոցի ավտոբուսը Լինքոլն փողոցից հռնդյունով մտավ Թրիմընթ և շարժվեց դեպի հյուրանոց, որ Գլխավոր փողոցի ծայրին էր գտնվում։ Ձիերի սմբակներից փոշին մեղմորեն պարուրվելով՝ օդ բարձրացավ, իսկ մարդկանց խառնաշփոթ ամբոխը հետևեց հանրակառքին։ Թրիմընթ փողոցում արդեն շարվել էին երկանիվ կառքերը․ ֆերմերներն էին իրենց կանանց հետ եկել քաղաք առևտուր անելու և մի քիչ դեսից-դենից խոսելու։

Կայարանի ավտոբուսի հեռանալուց հետո երեք֊չորս երկանիվ կառքեր մտան փողոց։ Մի երիտասարդ օգնեց, որ կառքերից մեկում նստած իր սիրած աղջիկն իջներ։ Երիտասարդը գորովանքով և ինքնավստահ բռնեց սիրածի ձեռքը, և այդ աղջկա նման քնքշանքով շոյվելու ցանկությունը, որը Մերին մինչ այդ էլ բազմաթիվ անգամներ զգացել էր, կրկնվեց գրեթե այն նույն պահին, երբ հայրը անսպասելիորեն հայտնեց իր մոտալուտ մահվան լուրը։

***

Իր մոտալուտ մահվան մասին բժիշկ Քոքրընը պատմեց հանդարտ ու սառը ձայնով։ Աղջկան ընդհանրապես թվում էր, որ հորը վերաբերող ամեն ինչ անպայման սառը ու հանդարտ պետք է լինի։ «Ես սրտի արատ ունեմ»,- պարզ ու մեկեն ասաց հայրը։ — «Վաղուց էի կասկածում։ Իսկ հինգշաբթի օրը, երբ Չիկագոյում էի, մանրազնին քննության ենթարկվեցի։ Այնպես որ ամեն վայրկյան կարող եմ մեռնել։ Այս մասին քեզ չէի ասի, բայց մի բան կա, որ․․․ Հասկանում ես, ես մի քիչ փող կկտակեմ քեզ և ինքդ կտնօրինես քո ապագան»։
Բժիշկը մոտեցավ աղջկան, որը կանգնել էր պատուհանի մոտ և ձեռքը հպել ապակուն։ Մերին այդ լուրը լսելիս գունատվեց և նրա ձեռքերն սկսեցին դողալ։ Չնայած իրեն հատուկ սառնասրտությանը, հայրը հուզվեց և փորձեց սիրտ տալ աղջկան։ «Դե, դե․․․, — տարակուսանքով ասաց նա։ — Մի վախեցիր։ Ես երեսուն տարվա բժիշկ եմ ու լավ գիտեմ, որ սրտի արատի հարցերում բժշկագիտությունը դեռ շատ բան չի պարզել։ Մի խոսքով, սրտի արատ ունեցող մարդուն մահը կարող է մի քանի տարի ուշ այցելել»։ Հայրը ջղայնորեն ծիծաղեց։ «Լսել եմ, ասում են նույնիսկ, որ երկարակեցությունն ապահովելու լավագույն միջոցը սրտի արատի հետ «պայմանագիր կնքելն է»։

Այս ասելով, բժիշկը շրջվեց ու փողոց իջնող սանդուղքով դուրս եկավ բուժարանից։ Աղջկա հետ խոսելիս ուզում էր ձեռքը դնել նրա ուսին, բայց այդ զգացումը շատ էր անսովոր, որովհետև մինչ այդ երբեք չէր արտահայտել իր զգացմունքները աղջկա նկատմամբ։ Ուստի ինքնավստահություն չգտավ վճռական քայլ անելու։

***

Մերին քայլերն արագացրեց։ Հարազատ քաղաքի այդ նոր, անծանոթ թաղամասը, որը միշտ աչքի էր ընկնում իր բազմազբաղ, խռովահույզ կյանքով, ուժեղ տպավորություն էր գործում նրա վրա։ Աղջկա էության մեջ ոխակալ ու մռայլ մի բան կար, որ ստիպում էր մարդաշատ փողոցում գտնվող իրենց տանը, որտեղ կյանքը նույնպես ոխակալ ու մռայլ էր անցնում, ողբերգական զգացումով ապրելու։ Հոր սովորական լռակյացությունը, ծնողների անհաջող, խորհրդավոր ամուսնությունը, շրջապատի կարծիքը իր ընտանիքի մասին, աղջկա մեջ կամակոր վերաբերմունք էին արթնացրել կյանքի այնպիսի հարցերի նկատմամբ, որոնք չէր կարող ըմբռնել։

Բացի այդ, Մերիի մտքերի ետևում թաքնված էին տենդագին հետաքրքրասիրությունն ու համարձակ վճռականությունը դեպի արկածները։ Աղջիկն ասես մորը կորցրած փոքրիկ եղնիկ լիներ, որը թափառում էր կեր ճարելու։ Տարին քսան անգամ Մերին երեկոները թափառում էր քաղաքի նոր և արագ բարգավաճող գործարանային թաղամասում։ Նա տասնութ տարեկան էր և արդեն սկսել էր կնոջ նմանվել։ Գիտեր, որ իր տարիքի աղջիկները չէին համարձակվի միայնակ զբոսնել այդ թաղամասում։ Նման զգացումը ինչ-որ չափով հպարտացնում էր նրան, և փողոցով անցնելիս, աղջիկը համարձակ նայեց շուրջը։

Վիլմըթ փողոցում ապրող բանվորներից շատերը, որոնց քաղաք էր բերել կահկարասիների ֆաբրիկայի տերը, օտար լեզուներով էին խոսում։ Մերին քայլում էր այդ բանվորների կողքով և հաճույք էր ստանում նրանց անհասկանալի խոսակցություններից։ Աղջկան թվում էր, թե ինքը ճամփորդում է հարազատ քաղաքից հեռու, օտար երկրում։ Գլխավոր փողոցի հարավային մասում կամ քաղաքի արևելյան թաղամասի բնակելի փողոցներում ապրող երիտասարդների, ջահել կանանց, վաճառականների, քլերկների, իրավաբանների, Հանթսբըրգի հաջողակ բանվորների նկատմամբ, որոնց արդեն ճանաչում էր, նա միշտ թաքուն դժկամություն էր տածում։ Այդ դժկամությունը չէր ներդաշնակվում նրա բնավորությանը։ Դրանում համոզված էր։ Աղջիկն ուղղակի հեռու էր մնացել մարդկանցից։ «Պատճառն այն է, որ ես իմ մոր աղջիկն եմ», — մտածում էր Մերին և հազվադեպ էր երևում քաղաքի այն թաղամասերում, որտեղ իր դասակարգի աղջիկներն էին ապրում։

***

Հանսթբըրգում Մերին միշտ ապրել է մեկուսի, և հիմա, երբ հասունանում, կին էր դառնում, հարազատ միջավայրը ավելի ու ավելի հեղձուցիչ էր թվում նրան։ Ճիշտ է, նրա վարքուբարքի դեմ քաղաքում դեռ ուղղակի հարց չէր բարձրացել, բայց աղջիկն զգում էր՝ իր նկատմամբ մի տեսակ դժկամություն կար։ Հիշում էր, ծնողների վեճերը վերջ չունեին։ Ամբողջ Հանսթբըրգը նրանց գլխին էր թափվում, իսկ ոմանք հեգնանքով նայում էին փոքրիկ աղջկան ու ասում․ «Խեղճ երեխա․․․ մեղք է․․․»։
Մի անգամ, ամռան թխպամած մի երեկո, երբ հայրը գյուղ էր գնացել, իսկ ինքը նստել էր բուժարանում, լսեց, թե ինչպես մի տղամարդ ու մի կին, խավարի միջով անցնելիս՝ իրենց մասին էին խոսում։ «Հրաշալի գեղեցկուհի է այդ բժիշկ Քոքրընի աղջիկը», — ասաց տղամարդը։ Կինը ծիծաղեց։ «Նա հասունանում է և արդեն սկսել է հրապուրել տղամարդկանց։ Լավ հիշիր խոսքերս։ Կտեսնես, թե ինչ է դառնալու։ Մոր աղջիկը չի՞․․․ Պտուղը ծառից հեռու չի ընկնում», — պատասխանեց կինը։

Մերին տասը-տասնհինգ րոպե նստեց պարտեզում, խնձորի ծառի տակ գլորված քարին՝ մտածելով իր և հոր նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքի մասին։ «Այդ մահը մեզ միայն կհեռացնի այստեղից», — ասաց մտքում, հետո զարմացավ՝ մի՞թե մոտալուտ մահը պետք է աներ այն, ինչ տարիներ շարունակ չէր արել իրենց գլխավերևում կախված վիշտը։ Հանկարծ հորն այցելող մահվան ուրվականը այնքան էլ սարսափելի չթված նրան։ Որոշ ժամանակ այն նույնիսկ հաճելի ու շնորհագեղ կերպարանք ստացավ՝ բարի մտադրությամբ։ Մահվան ձեռքը բացելու էր հոր տան դուռը և իրեն դեպի նոր կյանք էր առաջնորդելու։ Պատանեկան այրող կրքով նա պատկերացրեց այդ նոր կյանքի առաջին արկածները։

***

Մերին քայլեց ճանապարհով, հետո բլրից իջնելով, դեպի Վիլմըթ փողոցի կողմը գնաց։ Մոր մասին քաղաքում ծայր առած բամբասանքների պատառիկները նորից արձագանքվեցին աղջկա ականջներում։ Ասում էին, թե մայրը վաղուց անհետացել էր, ամռան մի երեկո, ինչ-որ ստահակի հետ, որ սովորություն է ունեցել ժամերով պարապ-սարապ կանգնել Սմիտֆիլդի վարձու ձիերի ախոռի առջև։ Հիմա էլ մի ուրիշ ջահել սրիկա փորձում է նույն բանը իր հետ անել։ Այդ միտքը կատաղեցրեց աղջկան։ Եթե մի սուր բան լիներ ձեռքին, տենդագին մտածեց Մերին, ինքն ավելի ուժգին կհարվածեր Դյուկ Ցիթըրին։ Այդ ջղային վիճակում նրա երևակայության մեջ փայլեց հոր կերպարանքը, որի առողջությունն արդեն քայքայվել էր և որը մահվան շեմին էր կանգնել։

«Հորս էլ առիթ է պետք, որ քեզ նման մի սրիկայի հանդիպի ու սպանի», գոռաց աղջիկը՝ շրջվելով Դյուկի կողմը, որը, խաղողի որդերից ազատվելով, ճանապարհ էր բարձրացել և սկսել էր հետևել աղջկան։ «Հայրս ուզում է քեզ նմաններին սպանել, որ քաղաքում սուտ բամբասանքներ չտարածեն մորս հասցեին»։
Դյուկ Ցիթըրին պատժելու տենչից ազատվելով, Մերին նույն պահին ամաչեց քիչ առաջվա իր պոռթկման համար և, լուռ հեկեկալով, արագ քայլեց ճանապարհով։ Դյուկը գլխիկոր հետևեց նրան։ «Միսս Քոքրըն, ես վատ բան չէի ուզում անել, — աղերսանքով ասաց նա։ — Ես չէի ուզում ոչ մի վատ բան անել։ Հայրիկիդ չասես։ Ուղղակի ուզում էի կատակել։ Ասում եմ, մտքումս ոչ մի վատ բան չկար»։

Ամռան աղջամուղջն սկսել էր թանձրանալ, և իրենց մութ պատշգամբներում կամ Վիլմըթ փողոցի ցանկապատի մոտ հավաքված մարդկանց դեմքերը նմանվում էին ձվաձև քնքույշ լուսինների։

***

Երբ Մերին երեկոյան դուրս եկավ զբոսանքի, բժիշկ Քոքրընը մի ժամի չափ միայնակ նստեց իր բուժարանում։ Աղջամուղջը հետզհետե թանձրանում էր, և փողոցի մյուս կողմում, Սմիտֆիլդի վարձու ձիերի ախոռի առջև, ամբողջ հետմիջօրեին արկղերին ու աթոռներին նստած տղամարդիկ տուն գնացին՝ ընթրելու։ Փողոցից լսվող ձայները աստիճանաբար խլացան։ Երբեմն, հինգ, տասը րոպեն մեկ լռություն էր տիրում։ Հետո, մի հեռու փողոցից երեխայի ճիչ լսվեց։ Շուտով եկեղեցու զանգերն սկսեցին ղողանջել։
Բժիշկն այնքան էլ մաքրասեր մարդ չէր և հաճախ մի քանի օր մոռանում էր սափրվել։ Քոքրընը երկար, բարակ մատներով տրորեց չսափրած մազերը։ Հիվանդությունն ավելի խոր էր ազդել, քան կարծում էր, իսկ հոգին ճիգ էր անում սահելով հեռանալ մարմնից։ Հաճախ, երբ այդպես նստած էր լինում, երեխայի պես մտախոհ նայում էր գոգին դրած չորուցամաք ձեռքերին։

Երբեմն նրան թվում էր, թե դրանք իր ձեռքերը չեն։ Նա սկսեց փիլիսոփայել։ «Տարօրինակ բան է կատարվում մարմնիս հետ։ Արդեն քանի տարի է, ինչ ապրում եմ դրա մեջ, բայց ինչքան քիչ է այն օգտակար եղել ինձ։ Եվ հիմա էլ՝ երբեք չգործածված՝ պիտի մեռնի ու քայքայվի։ Զարմանալի է, ինչո՞ւ այն ուրիշ կենվոր չի ընդունել»։ Նա տխուր ժպտաց իր երևակայության վրա, հետո շարունակեց․ «Իհարկե, ես մարդկանց մասին բավականին մտքեր ունեցել եմ, իսկ այս շուրթերն ու լեզուն նրա համար են, որ արտահայտեն իմ զգացմունքները, բայց ես դրանք ծուլորեն մի կողմ եմ դրել։ Երբ իմ Էլենն ապրում էր ինձ հետ, ես սառն ու անզգա մարդ էի նրա համար։ Մինչդեռ ներսումս մի բան պրկվում ու պրկվում էր, փորձելով պատռվել»։

Հիշեց, թե երիտասարդության օրերին, երբ լուռ նստում էր կնոջ կողքին, այս նույն բուժարանում, ինչքան հաճախ նրա ձեռքերն ակամա ձգվում էին հասնելու Էլենին, փաղաքշելու նրա դեմքը, մազերը․․․
Այո, քաղաքում համարյա բոլորն էլ համոզված էին, որ բժշկի ամուսնությունը անհաջող վերջաբան է ունենալու։ Կինը դերասանուհի էր եղել ինչ-որ թատերախմբում, որը հյուրախաղերի գալով Հանթսբըրգ և ընկնելով ֆինանսական ծանր կացության մեջ, մնացել էր այնտեղ։ Հենց այդ ժամանակ էլ դերասանուհին հիվանդացավ և փող չուներ հյուրանոցի վարձը վճարելու։ Երիտասարդ բժիշկը օգնեց աղջկան, իսկ երբ վերջինս ապաքինվեց, երկանիվ կառքով հաճախ գյուղ էր տանում դերասանուհուն՝ զբոսնելու։ Աղջկա կյանքը ծանր էր անցել և նա դժկամությամբ էր սպասում, որ ապրելու էր այսպիսի տխուր ու տաղտուկ քաղաքում։

Բժշկի հետ ամուսնանալուց հետո, երբ Մերին ծնվեց, կինը հանկարծ զգաց, որ ի վիճակի չէ իր կյանքը երջանկորեն շարունակել սառն ու լռակյաց ամուսնու հետ։ Պատմում էին, որ դերասանուհին փախել է մի ստահակի՝ պանդոկապանի տղայի հետ, որովհետև վերջինս նույնպես նույն օրն էր անհետացել քաղաքից։ Բայց դա ճիշտ չէր, քանի որ Լեսթըր Քոքրընն ինքն էր Չիկագո տարել կնոջը։ Այնտեղ էլ Էլենը աշխատանքի էր ընդունվել դեպի արևմտյան նահանգներ հյուրախաղերի մեկնող թատերախմբում։ Հետո, հյուրանոցի դռան մոտ կնոջ ափի մեջ փող էր դրել ու լռությամբ, նույնիսկ առանց մնաս-բարով ասելու և համբուրելու, թողել-հեռացել էր։

Comment here