Երկուշաբթի— Այդ նորահայտ երկարամազ արարածն ինձ անչափ ձանձրացնում է։ Նա ամբողջ ժամանակ ցցված է աչքիս առջեւ եւ կրնկակոխ հետեւում է ինձ։ Դա ինձ բնավ դուր չի գալիս. ես ընկերության սովոր չեմ։ Թող գնա ուրիշ կենդանիների մոտ… Այսօր ամպամած է, քամին արեւելքից է, կարծում եմ՝ մենք մի լավ տեղատարափ կտեսնենք։ Մե՞նք։ Որտեղից ես կարող էի ճանկել այս բառը… Հիշեցի, նոր էակն է այն գործածում։
Երեքշաբթի— Հետազոտեցի ջրի վիթխարի գահավիժումը։ Թերեւս դա ամենալավ բանն է, որ կա իմ կալվածքում։ Նոր էակն այն Նիագարայի ջրվեժ է անվանում։ Ինչո՞ւ։ Ոչ ոքի հայտնի չէ։ Ասում է, թե դա այդպիսի տեսք ունի։ Ըստ իս, դա դեռ բավարար հիմք չէ։ Իմ կարծիքով, դա մի հիմար հորինվածք է եւ ցնդաբանություն։ Բայց ես ինքս հիմա զուրկ եմ մի բանի որեւէ անուն տալու ամեն հնարավորությունից։ Դեռ բերանս չբացած՝ նոր էակը հորինում է այդ անունները։ Եվ ամեն անգամ նույն պատճառաբանությամբ՝ դա այդպիսի տեսք ունի։ Վերցնենք, օրինակի համար, դոդոն։ Նոր էակը պնդում է, որ բավական է միայն նայել դոդոյին եւ իսկույն երեւում է, «որ դա իսկը դոդո է»։ Ուրեմն, դա պետք է մնա դոդո, ոչինչ չես կարող անել։ Ես այնքան ուժ չունեմ, որ պայքարեմ դրա դեմ, եւ միտք էլ չունի, քանի որ դա անօգուտ բան է։ Դոդո′։ Դա նույնքան նման է դոդոյի, որքան ես ինքս։
Չորեքշաբթի— Անձրեւից պատսպարվելու համար մի հյուղակ սարքեցի, բայց չկարողացա գոնե մեկ րոպե միայնակ հանգստանալ նրանում։ Նոր էակը առանց հրավերի ներս խուժեց։ Իսկ երբ փորձեցի նրան վռնդել, սկսեց ջուրը դուրս թափել այն փոսորակներից, որոնք նրան ծառայում են շրջապատի առարկաները զննելու համար, իսկ հետո սկսեց այդ ջուրը սրբել թաթերի հակառակ երեսով եւ այնպիսի ձայներ արձակել, ինչպիսին արձակում են մյուս կենդանիները, երբ փորձանքի մեջ են ընկնում։ Թո’ղ այդպես լինի։ Միայն թե նա չխոսի։ Բայց նա անդադար խոսում է։ Գուցե իմ բառերի մեջ որոշ ծաղր, կծու հեգնանք էր հնչում, բայց ես ամենեւին չէի ուզում վիրավորել խղճուկին։ Պարզապես, դեռ երբեք ես մարդկային ձայն չէի լսել, եւ այդ հանդիսավոր նիրհուն լռությունն ու մենությունը խախտող ամեն մի անսովոր ձայն կեղծ նոտայի նման սղոցում է լսողությունս։ Իսկ այս նոր հնչյունները, ի լրումն, այնքա~ն մոտիկից են լսվում։ Դրանք ամբողջ ժամանակ հնչում են իմ թիկունքում, ուղղակի ականջիս տակ՝ մերթ մեկ, մերթ մյուս կողմից, իսկ ես սովոր եմ միայն որոշ հեռավորությունից լսվող աղմուկի։
Ուրբաթ— Հակառակ իմ բոլոր ջանքներին, անվանումները շարունակվում են ծնվել ինչպես պատահի։ Իմ կալվածքի համար ես շատ լավ անուն ունեի՝ երաժշտական ու գեղեցիկ. Դրախտային այգի։ Ինքս իմ մեջ հիմա էլ շարունակում եմ այդպես կոչել, բայց հրապարակորեն՝ այլեւս ոչ։ Նոր էակը պնդում է, թե այստեղ չափազանց շատ ծառեր կան, եւ’ ժայռեր, եւ’ բաց լանդշաֆտներ, ուստի եւ սա բնավ էլ նման չէ այգու։ Նա ասում է, թե զբոսայգու, միմիայն զբոսայգու է նման։ Եվ ահա, նույնիսկ առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց Նիագարյան զբոսայգի։ Հենց միայն դա, իմ կարծիքով, բավականաչափ համոզիչ կերպով ցույց է տալիս, թե նա ինչ աստիճանի է իրեն թույլ տալիս ինքնագլուխ բաներ անել։ Ու հիմա էլ այստեղ հանկարծ երեւաց մի ցուցանակ՝ «ԿԱՆԱՉԸ ՉՏՐՈՐԵ′Լ»։
Ես այլեւս առաջվա նման երջանիկ չէի։
Շաբաթ— Նոր էակը չափազանց շատ պտուղ է ուտում։ Այսպես մենք երկար չենք դիմանա։ Դարձյալ «մենք». այդ նրա բառն է։ Բայց դա հիմա դարձել է նաեւ իմը, եւ զարմանալի չէ, քանի որ ամեն րոպե այն լսում եմ։ Այսօր առավոտից թանձր մառախուղ է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա մառախուղի ժամանակ տնից դուրս չեմ գալիս։ Նոր էակը հակառակն է անում։ Ցանկացած եղանակի նա շրմփացնելով քայլում է ջրափոսերով, իսկ հետո ցեխոտ ոտքերով ներխուժում է իմ հյուղակը։ Եվ սկսում է խոսել։ Մի ժամանակ որքա~ն խաղաղ ու հարմարավետ էի ես ապրում այստեղ։
Կիրակի— Ժամանակը մի կերպ սպանեցի։ Կիրակի օրերն ինձ համար գնալով ավելի ձանձրալի են դառնում։ Դեռ նոյեմբերին կիրակին հատկապես առանձնացվել էր որպես շաբաթվա՝ հանգստի համար նախատեսված միակ օր։ Առաջ շաբաթվա մեջ վեցական այդպիսի օր ունեի։ Այսօր առավոտյան տեսա, թե ինչպես նոր էակը փորձում էր խնձորներ գցել այն ծառից, որի վրա արգելք էր դրված։
Երկուշաբթի— Նոր էակը պնդում է, թե իր անունը Եվա է։ Դե, ինչ կա որ, ես չեմ առարկում։ Նա ասում է, թե ես պետք է նրան այդպես կանչեմ, երբ ուզում եմ, որ ինձ մոտ գա։ Ես ասացի, որ դա, իմ կարծիքով, արդեն ավելորդություն է։ Այդ բառը, ըստ երեւույթին, ինձ անչափ բարձրացրեց նրա աչքում։ Եվ իսկապես, դա բավականին երկար ու լավ բառ է, հարկավոր է այսուհետեւ էլ գործածել։ Նոր էակը ասում է, թե ինքը սոսկ «նա» չէ, այլ «կին»։ Կարծում եմ, որ տարակուսելի է։ Ասենք, ինձ համար միեւնույն է, թե նա ինչ է։ Թող լինի «կին», միայն թե ինձ հանգիստ թողնի եւ լռի։
Մարկ Տվեն, հատված «Ադամի օրագիրը» գրքից
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։