ԳլխավորԽոսքՄի կտոր ժպիտ

Նախնադարյան հովվերգություն

Հսկա քարանձավում, որտեղ մի քանի կանայք կրակն էին հսկում ու մեկ-մեկ ծուլորեն փայտ կամ ծղոտե փնջեր նետում կրակի բերանը, կիսախավար էր, բայց տաք։ Կալումբա ցեղախմբի գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչների մի մասը կավացեխից աման-չաման էր պատրաստում, մի մասն էլ բույսերի արմատներից չիր էր սարքում՝ ձմեռվա համար։ Մոտ 25-30 երեխա էլ վազվզում էր, խաղում ու որքան ուժ ունեին՝ բղավում՝ դուրս չգալով սակայն քարանձավից, քանի որ մայրերը խստիվ արգելել էին։ Անձրեւ էր, տեղատարափ անձրեւ։ Ու չնայած այդ եղանակին՝ բոլոր տղամարդիկ, բացի ամենածերերից, բնակավայրից ոչ շատ հեռու  ձորի բերանին, ծուղակ էին սարքում՝ դաժան ու նենգ իխտոզավրերի ու պտերոզավրերի համար, որոնց ահից ցեղախմբի անդամները չէին կարողանում ազատ տեղաշարժվել։ Իսկ դա տղամարդկանց հնարավորություն չէր տալիս որսի գնալ ու միս բերել։ Հարկադիր գործազրկությունը տղամարդկանց դարձրել էր դյուրագրգիռ, իսկ կանայք ընկել էին հոռետեսության գիրկը՝ ոչ մի հույս չկապելով ապագայի հետ։

Գեղեցկուհի Կիջղան, ով ընդամենը 17 գարուն էր տեսել, բոլորից աննկատ նստել էր քարանձավի խորշերից մեկի մոտ ու նայում էր կլորավուն լուսամուտից դուրս։ Անձրեւի կաթիլները լուսամուտի ապակու վրա երեւի թե շատ գեղեցիկ կլինեին, բայց Կիջղան այդ մասին ինչ իմանար. դեռ ապակու գյուտին 4 հազար տարի կար։

Լավ, շեղվեցինք։ Ուրեմն մեր գեղեցկուհի Կիջղան տխուր էր այդ օրը։ Մի տեսակ տեղը չէր գտնում հսկա քարանձավում, ուր ամեն ինչ այնքան հարազատ ու հարմարավետ էր իրեն թվացել մինչ այն օրը, երբ հասկացավ, որ սիրահարված է։ Մեր մեջ ասած, աղջիկն այդ մասին չէր էլ մտածում կամ ենթադրում, ուղղակի արդեն քանի օր էր՝ անընդհատ ուզում էր Զտղայի հետ խոսել, խաղալ, նրա հետ աշխատել կամ պարզապես լուռ նստել նրա մոտ։ Ու մի կողմից կարոտը, մի կողմից անհանգստությունը, երբ Զտղան քարանձավում չէր լինում, խանգարում էին Կիջղային հանգիստ նստել տեղը կամ իր ամենօրյա պարտականությունները կատարել մյուս կանանց հետ։

Իսկ Զտղան, ով արդեն 18 ձմեռ տեսած այր էր, քարանձավ-տանն էր լինում միայն ուտելու եւ քնելու ժամերին, մնացած ժամանակ դրսերում էր՝ կամ որսորդություն էր անում, կամ այդ տարածքի բոլոր բնակիչների ընդհանուր թշնամիների՝ զանազան դինոզավրերի դեմ պայքարում, կամ կռվում հարեւան ցեղախմբերի դեմ. դե մեկ-մեկ էլ թույլ էր տալիս իրեն, որպես իսկական տղամարդ, ժամանակ անցկացնել 3 քարանձավ այն կողմ գտնվող տարածքում, որտեղ գլխավոր քուրմը արմատներից սարքած ինչ-որ գույնզգույն հեղուկներ էր խառնում իրար ու տալիս տղամարդկանց։ Ինքը՝ քուրմը, մեկ-մեկ, երբ ռադիոծածկույթից դուրս չէր գտնվում ու կապ էր հաստատում երկնային ուժերի հետ, սկսում էր զանազան տարօրինակ բաներ խոսել այն մասին, որ մի քանի հազար տարի հետո, երբ ինքը կրկին ծնվի, ապրելու է Երեւան անունով մի երկրում ու բարմեն է աշխատելու «Կարաոկե-բար» կոչվող ինչ-որ քարանձավում։ Իհարկե, ոչ ոք ոչ մի բան չէր հասկանում քուրմի ասածներից, բայց մի տեսակ ավելի հարգանքով էին լցվում քուրմի նկատմամբ ու ավելի շատ վախենում նրանից։ Ինչեւէ, այդ հեղուկները խմելով՝ տղամարդիկ ավելի քաջ ու համարձակ էին դառնում, բայց եւ ավելի շատ էին խոսում ու գլուխ գովում։

Կիջղան նույնսիկ չգիտեր՝ իսկ ինչ է իր մասին մտածում Զտղան։ Չէ որ չնայած իր գեղեցկությանը՝ ցեղում այնքան ուրիշ աղջիկներ կային, որ երազում էին Զտղայի հետ խոսել, խաղալ, նրա հետ աշխատել կամ պարզապես լուռ նստել նրա մոտ։ Կիջղան գիտեր, թե երբ պարզ կլինի իրեն տանջող բոլոր հարցերի պատասխանը։ Գլխավոր քուրմը մի քանի օր առաջ, երբ ամբողջ ցեղախումբը, հաջող որսի առիթով,  տոնական ընթրիքի էր նստած, հայտարարեց, որ երբ արեւը 5 անգամ դուրս գա դիմացի լեռան հետեւից ու 5 անգամ գնա քնելու՝ սարի հակառակ կողմում, ըմբշամարտի ներքարանձավային առաջնություն է տեղի ունենալու։ Կիջղան մի քիչ լավ չէր հասկանում այդ բառերի իմաստը, բայց գիտեր, որ ցեղախմբի երիտասարդ տղամարդիկ այդ օրը զույգ-զույգ կռվելու են միմյանց դեմ, եւ ով կարողանա հակառակորդին մեջքի վրա գցել՝ նա էլ հաղթող է ճանաչվելու։ Հաղթողներն էլ, քուրմի որոշած հերթականությամբ, իրավունք են ստանալու ցեղախմբի աղջիկներից իրեն կին ընտրել։

***

Զտղան տխուր էր։ Չնայած արտաքուստ ոչինչ ցույց չէր տալիս ու մյուս տղամարդկանց հետ զանազան գերաններ էր քարշ տալիս, քարե դանակը ճարպկորեն գործածելով՝ սրում էր փայտեր, կտրում էր զանազան երկարության բուսական պարաններ, մի խոսքով՝ եռանդով մասնակցում էր թակարդ-ծուղակի շինարարական աշխատանքներին, սակայն ուշքն ու միտքն անընդհատ այնտեղ էր՝ իրենց քարանձավում, ուր Կիջղան էր։ Այն օրից, երբ նա հասկացավ, որ սիրահարված է, ավելի ճիշտ իր մեջ ցանկություն զգաց ավելի շատ խոսել, խաղալ, նրա հետ աշխատել կամ պարզապես լուռ նստել աղջկա մոտ, նա իր տեղը չէր գտնում։ Ու եթե առաջ մեծ հաճույքով գնում էր որսորդության, վերադառնում, ընթրում բոլորի հետ, քաշվում քարանձավի իր խորշն ու երջանիկ քնում, այժմ մի տեսակ նյարդայնանում էր ամեն ինչից, ցանկանում էր անընդհատ առանձին լինել Կիջղայի հետ, նրա համար որսար ու բերեր մսի ամենահամեղ ու նուրբ կտորները, նրան զարդարեր իր որսած կենդանու ամենահազվագյուտ մորթիներով, մի խոսքով, նրա հետ անցկացներ իր ողջ ժամանակը։ Դե եթե հնարավոր լիներ՝ մեկ-մեկ էլ քիթը քսեր աղջկա քթին…

Մի տեսակ երանավետ ժպիտ իջավ տղայի դեմքին, բայց եւ միանգամից Զտղան հանկարծակի կարմրեց իր այդ անպարկեշտ մտքից ու թաքուն հայացք գցեց մնացած տղամարդկանց՝ տեսնելու՝ հո չհասկացա՞ն, թե ինչ է իր մտքով անցնում։ Տեսնելով, որ ամեն ինչ կարգին է՝ Զտղան շարունակեց երազել, թե ինչպես է Կիջղայի ձեռքը բռնած՝ տանում նրան Սիրո արահետով դեպի նորապսակների համար նախատեսված քարայրներից մեկը, ուր կանցկացնեն իրենց մեղրաշաբաթը… Բոլորից ծածուկ Զտղան նախապես «Քարանձավտուրից» տեղեկացել էր, որ իր նախընտրած քարայրի գները այնքան էլ թանկ չեն՝ ընդամենը մամոնտի 2 ժանիք, առյուծի 3 թաթ եւ հովազի մեկ անվնաս մորթի։ Զտղան նույնիսկ վերհիշեց քարի ետեւում պպզած աշխատակցուհու հետ ունեցած զրույցից մի կտոր։

— Ամեն ինչ պարզ է, շնորհակալություն, մենակ մի հարց է ինձ տանջում՝ ինչո՞ւ առյուծի 3, այլ ոչ թե 4 կամ 2 թաթ, ո՞րն է դրա իմաստը։

— Ընկեր ջան, ես շարքային աշխատող եմ ու գները ինքս չեմ որոշում։ Ձեր հարցի պատասխանը միայն մեր տնօրենը կարող է տալ, բայց նա էլ տեղում չէ, գնացել է 4 սար այն կողմ՝ գործուղման։  Իսկ եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս՝ դիմեք ուրիշ գործակալության։

Վերջին բառի վրա թե աշխատակցուհին, թե Զտղան մի պահ զարմացած միմյանց նայեցին՝ մտածելով, թե ինչ է նշանակում այդ բառը, չնայած Զտղան նաեւ տնօրեն բառը չէր հասկացել, բայց կռահել  էր, որ դա երեւի «Քարանձավտուրի» գլխավոր քուրմն է:

Զտղան եւս անհամբեր սպասում էր, մինչեւ արեւը 5 անգամ ծագի դիմացի լեռան ետեւից։ Նա հույս ուներ ըմբշամարտի առաջնությունում հաղթել հակառակորդին ու արժանանալ Կիղջայի ձեռքին, եւ ոչ միայն։ Մի մտահոգություն էլ ուներ սրտի խորքում՝ իսկ ինչ է մտածում աղջիկն իր մասին։ Չնայած իրենց ցեղի ավանդույթների համաձայն՝ տղան կարող էր ընտրել հարսնացուին նույնիսկ առանց նրա համաձայնությունը ստանալու, բայց ինքն այդպես չէր ուզում, քանի որ սիրում էր։ Դե սիրելս որն է, պարզապես, ինչպես արդեն ասացինք, ցանկանում էր ավելի շատ խոսել, խաղալ, նրա հետ աշխատել կամ պարզապես լուռ նստել աղջկա մոտ, էլ չասենք՝ քիթը քսել քթին…

***

Մ.թ.ա. 5014 թվականի մի սովորական օր էր, ավելի ճիշտ գիշեր, սովորական՝  աշխարհի բոլոր մարդկանց համար, բացառությամբ կալումբա ցեղախմբի անդամների։ Ամիսն ու ամսաթիվը չենք նշում, քանի որ այդ ժամանակ մարդիկ գաղափար չունեին ամիսների, շաբաթների եւ ամսաթվերի մասին։ Իրենք չգիտեին էլ նույնիսկ՝ ինչ է է տարին կամ թվականը։ Այդ մենք ենք հետահայաց հաշվումներով պարզել, որ այդ հիշարժան գիշեր հենց մ.թ.ա. 5014 թվականին էր։ Ինչեւէ։ Մայր քարանձավի իր ննջարանում Կիղջան անհանգիստ շուռումուռ էր գալիս մորթե անկողնու վրա ու չէր կարողանում ոչ մի կերպ քնել։ Վաղը Մեծ մրցության օրն էր, որը կարող էր դառնալ նաեւ իր ամուսնության օրը։ Անհանգիստ էր աղջիկը. չնայած հարսանեկան մորթին դեռ 30 ցերեկ, 30 գիշեր առաջ էր վերցրել քուրմի կնոջից (նա էլ այդ բիզնեսն էր անում. ամուսնու կապերի շնորհիվ 3 շքեղ մորթի էր ստացել 11 սար այն կողմից, ու մսի, աղի, փայտի կամ մեկ այլ մորթու դիմաց տրամադրում էր ամուսնության պատրաստվող կալամբուհիներին), մի քանի անգամ էլ փորձել էր, թե մազերն ինչպես է հյուսելու, որ խեցեղեն վզնոցն է գցելու, բայց եւ այնպես անհանգիստ էր՝ հանկարծ ու մի բան այնպես չստացվի, ու հանկարծ ինքը խայտառակ չլինի բոլորի, բայց ամենակարեւորը՝ Զտղայի առջեւ։ «Է, Զտղա, Զտղա, երեւի հիմա մուշ-մուշ քնած ես՝ չիմանալով նույնիսկ, թե ես այստեղ ինչեր եմ քաշում»-կիսատխուր-անհանգիստ մտածում էր աղջիկը։

Մայր քարանձավի հակառակ կողմում՝ երիտասարդ տղաների մասի իր խորշում քնած չէր նաեւ Զտղան։ Բացի այն, որ վաղը վճռվելու էր իր ճակատագիրը, նրան անհանգստացնում էր նաեւ Կիջղայի մասին մտքերը։ Իսկ եթե բացի այն, որ պարտվի ու կորցնի նրան, բա խայտառակությո՞ւնը։ Բա էլ ո՞նց կնայի աղջկա շեղ ու կանաչ աչքերին։

Ա. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ (շարունակությունը՝ այստեղ)

Comment here