Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Սթենֆորդի համալսարան

Սթենֆորդի համալսարանը (ամբողջական անվանումը` Leland Stanford junior University, Լելանդ Սթենֆորդ կրտսերի անվան համալսարան) գտնվում է Սիլիկոնային հովտում` Պալո-Ալտո քաղաքի մոտ (Սան Ֆրանցիսկոյից 60 կմ հարավ)` ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմնադրվել է 1891 թ. երկաթուղային ձեռնարկատեր, ԱՄՆ-ի սենատոր ու Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Լելանդ Սթենֆորդի ու նրա կնոջ` Ջեյն Սթենֆորդի կողմից: Համալսարանն անվանակոչվել է ի պատիվ նրանց որդու` Լելանդ Սթենֆորդ -կրտսերի, ով մահացել էր 1884 թ.` չբոլորելով 16 տարին:

Պաշտոնապես կրթօջախը դռները բացել է 1891 թ. հոկտեմբերի 1-ին` 599 ուսանողով:

Սթենֆորդի համալսարանը տարեկան ունենում է մոտ 4000 դիմորդ` ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ արտերկրից. ընդունվում է 180-ը: Ներկայումս բուհում կրթություն է ստանում մոտ 20 հազար ուսանող, դասավանդում` 1615 դասախոս: Ուսման վարձը 60.000-70.000 ամերիկյան դոլար է:

Համալսարանի հայտնի ֆակուլտետներից են իրավաբանության, հումանիտար գիտությունների, մանկավարժության, կիրառական ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, բժշկության ֆակուլտետները։

Սթենֆորդի համալսարանում գործում են մի շարք կենտրոններ: Դրանցից է Միջազգային անվտանգության և համագործակցության կենտրոնը (CISAC-Center For International Security and Cooreration), Միջազգային անվտանգության և սպառազինությունների վերահսկման կենտրոնը։

Սթենֆորդի եկեղեցին գտնվում է համալսարանական ավանի կենտրոնում. այն հայտնի է նաև Մեմչու անունով: Կառուցվել է Ջեյն Սթենֆորդի կողմից, 1900 թվականի սկզբին` ի հիշատակ ամուսնու` Լելանդ Սթենֆորդի: Հռոմեա-բյուզանդական ճարտարապետական ոճ ունեցող այս եկեղեցում 1903 թվականից սկսած տեղի է ունեցել մոտ 7500 պսակադրության արարողություն:

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում համալսարանն զբաղեցնում է 2-րդ տեղը (World University Ranking 2019-2020): Բուհի նշանավոր շրջանավարտներից են Հերբերտ Հուվերը` ԱՄՆ 31-րդ նախագահը,  արձակագիր Ջոն Սթայնբեքը հաճախել է Սթենֆորդի համալսարան, սակայն անավարտ է թողել ուսումը: Սթենֆորում ուսումն անավարտ է թողել նաև ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին։

Կրթական հաստատության շուրջ 22 դասախոս և գիտաշխատող արժանացել է գիտական աշխարհի թիվ 1 պարգևին` Նոբելյան մրցանակի:

Բուհի շրջանավարտները հիմնադրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Hewlett -Packard», «Electronic Arts», «Sun Microsistems», «Nvidia Yahoo», «Cisco Sistems», «Silico», «Silicon Graphics» և «Google»:

2012 թ. դեկտեմբերի 10-ին Սիլիկոնյան հովտում` Սթենֆորդի համալսարանում, տեղի է ունեցել «Արմ-Թեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ համաժողովը:

Սթենֆորդի համալսարանում ուսումնառության միջին գինը տարեկան 62 հազար դոլար է։

Հասցեն՝ 450 Serra Mall, Stanford, CA 94305

Կայքը՝ https://www.stanford.edu/

Comment here