ԳլխավորԽոսքՄի կտոր ժպիտ

Նախնադարյան հովվերգություն-2

(սկիզբը՝ այստեղ)

Վերջապես բացվեց մ.թ.ա. 5014 թվականի մեր նկարագրած օրվա հաջորդ օրը։ Վաղ առավոտից տոնական եռուզեռ էր կալումբացիների գլխավոր քարանձավի առջեւ՝ գլխավոր հրապարակում։ Տղամարդիկ ծիսական պարեր էին պարում ու միահամուռ ձայներ արձակում՝ երաժշտության նման ինչ-որ բան ստեղծելով, իսկ կանայք կրակի շուրջ տոնական մսեղեն էին խորովում ու ցեղի ունեցած լավագույն կավե ամանները դասավորում հրապարակի մի եզրում գտնվող տոնական սեղանին, որը ի սկզբանե այդտեղ բուսած հարթ մակերեսով ու մոտ 1.5 մ բարձրությամբ մի երկար ժայռ էր։

Երբ արեգակը բարձրացավ ու հասավ երկնքի ուղիղ կենտրոնին՝ գլխավոր քուրմը կանգնելով հրապարակի կենտրոնում՝ ողջունեց ներկաներին, մի քանի բառով բացատրեց մրցույթի կանոններն ու աղջիկ ընտրելու կարգը եւ մասնակիցներին հաջողություն մաղթեց՝ ի փառս կալումբա ցեղի գլխավոր աստված Կալուի։

Հրապարակի մի անկյունում շարված հարսնացուները (իսկ նրանք 2 ամբողջ ու կես տասնյակ էին)՝ զարդարված իրենց ամենաթանկարժեք խեցիներով ու տոնական մորթիներով, սկսեցին հետեւել հերթով հրապարակ մտնող ու միմյանց գետնել փորձող տղաներին։ Այդ գարնանը մրցության տարիքի էր հասել ուղիղ մեկ տասնյակը։ Ու քանի որ միայն հաղթողներն էին հարսնացու ընտրելու, նշանակում է՝ այդ օրը ամուսնանալու երջանկությանն էր արժանանալու ընդամենը կես տասնյակ կալումբուհի։ Ու դա ավելի էր մեծացնում աղջիկների հուզմունքն ու անհանգստությունը, քանի որ արդեն հաջորդ գարնանը նրանց մեծ մասը, չնայած դեռ կպահպաներ իր գեղեցկությունը, սակայն արդեն կկոչվեին քարանձավում մնացածներ ու գրեթե շանս չէին ունենա Սիրո արահետով քայլելու համար։

Կիջղան, չնայած արտաքին հանգստությանը, հուզմունքից հազիվ էր ոտքի վրա մնում։ Առաջին զույգ մենամարտողների մեջ Զտղան չկար։ Նա չկար եւ 2-րդ ու 3-րդ զույգերի մեջ։ Կիջղայի նյարդերը քիչ էր մնում տեղի տային, երբ գլխավոր քուրմի հերթական ազդանշանից հետո հրապարակ մտավ Զտղան ու էլի մեկը, ով բոլորովին դուր չեկավ աղջկան։ Չնայած նրան ոչ մեկն էլ դուր չէր գալիս, քանի որ տղամարդ ասելով հասկանում էր միայն մեկին՝ Զտղային։ Ի վերջո, երկար թվացող հերթական մենամարտն էլ ավարտվեց։ Դե պարզ է՝ հաղթեց Զտղան, որովհետեւ բայց այն, որ նա շատ ուժեղ էր ու ճարպիկ, նաեւ նա էր բոլորից շատ ուզում հաղթել, քանի որ սիրահարված էր։

Վերջապես մրցավարը, էէ, կներեք, գլխավոր քուրմը, եզրային քրմերի հետ խորհրդակցելուց ու արդյունքներն ամփոփելուց հետո, հայտարարեց այն կես տասնյակ կալումբացիների անունները, ովքեր կարող էին կին վերցնել 2.5 տասնյակից յուրաքանչյուրին։ Կիջղան ու Զտղան սարսափից տրոփող սրտերով աղոթում էին իրենց ցեղի բոլոր հայտնի ու անհայտ աստվածներին, բույսերին ու կենդանիներին, որ որեւէ մեկը Կիջղային չընտրի՝ մինչեւ Զտղայի հերթը հասնելը։ Չէ, այդ օրը կարծես բախտը բարեհաճ էր սիրահար զույգի նկատմամբ։ Չնայած Զտղան մնաց ամենավերջում, սակայն Կիջղան դեռ աղջիկների խմբում էր։ «Զարմանում եմ մերոնց ճաշակի վրա, ախր ոնց չեն նկատել ամենագեղեցիկ, ամենահմայիչ, ամենանուրբ…»,-երջանիկ տարակուսանքով մտածում էր Զտղան։ Վերջապես նա մոտեցավ աղջիկների խմբին ու ձեռքը մեկնեց դեպի Կիղջան, բայց վերջինս դեռ չէր հասցրել աշխարհով մեկ լինել, երբ կողքի կանգնած մի ուրիշ աղջիկ կտրուկ առաջ նետվեց ու ցանկացավ հայտնվել Կիջղայի եւ Զտղայի միջեւ. ցեղի մեկ այլ ավանդույթի համաձայն, նա, ում առաջինը կկպչեր փեսացուի ձեռքը, ինքը կդառնար տղայի կինը։

Այդ կարգը սահմանվել էր այն բանի համար, որ փեսացուները հերթով ու երկարատեւ ձեռք չտային բոլոր հարսնացուներին ու չարատավորեին նրանց բարի համբավը։ Սակայն Զտղան պատրաստ էր նաեւ այդ փորձությանը, քանի որ հայրը, երբ շատ էր օգտագործում գլխավոր քրմի գունավոր հեղուկները, միշտ բողոքում էր տղային (շատ ցածրաձայն, իհարկե), որ այդ Զտղայի մա’յրն է իրեն ընտրել՝ այնպես անելով, որ ընտրության ժամանակ կպնի տղայի հոր ձեռքին։

Խուսափելով ինքնակոչի ոտնձգությունից՝ նա միանգամից կողք քայլ կատարեց ու չնայելով նույնիսկ բերանքսիվայր փռված աղջկա վրա՝ ձեռքը հանգիստ ու տիրականորեն դրեց Կիղջայի ուսին։ Վերջ, նրանց էլ ոչ ոք իրավունք չուներ միմյանցից բաժանելու։ Ուրախության, շնորհավորանքների, ոտքերի ու ձեռքերի միմյանց բախումների աղմուկի միջով նրանք միասին, մյուս զույգերի պես, շարժվեցին դեպի տոնական սեղանի՝ իրենց հատկացված հատվածը՝ պատրաստվելով մի լավ սնվել հարսանեկան ճանապարհորդությունից առաջ։ Բայց տոնական աղմուկը կտրուը ընդհատվեց սարսափահար  բղավոցներով. գլխավոր քարանձավին էր մոտենում գրեթե քարանձավի բարձրության մի դինոզավր։

Հարսանքավորները շնչակտուր նետվեցին քարանձավ՝ միմյանց հրմշտելով ու հրելով, մղվելով ամենախորքը, որտեղ շատ նեղ էր ու անհասանելի՝ դինոզավրի համար։ Զտղան էլ՝ Կիջղայի հետ միասին։ Քարանձավի մի խորշում պատսպարված՝ նրանք ամեն դեպքում երջանիկ, բայց եւ վախեցած՝ սպասում էին դինոզավրի հեռանալուն, սակայն հսկա ու անուղեղ կենդանին նստել էր քարանձավի մուտքի մոտ ու սպասում էր՝ որսի մեծ ակնկալիքով։ Ու այստեղ Զտղան, ով շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասիրություն ու տղայական թասիբ, հանկարծակի ոտքի ելավ ու չնայելով Կիջղային խնդրանքներին՝ շարժվեց դեպի քարանձավի մուտքը՝ ընկերական մի քանի բառ ասելու դինոզավրին։ Ողջ կալումբա ցեղը շունչը պահած՝ մի տեսակ հրաժեշտ տվող հայացքով ճանապարհեց անմիտ (մի մասի կարծիքով) կամ հերոս (մյուս մասի կարծիքով) տղային։ Զտղան դուրս եկավ քարանձավից, եւ ով զարմանք, մի քանի րոպեից գետինը սկսեց համաչափ ցնցվել հեռացող դինոզավրի քայլերից։ Ու երբ ապշահար մարդիկ դուրս նետվեցին՝ համոզվելու համար, որ հերոսի հետ ամեն ինչ կարգին է՝ տեսան նրան՝ գրեթե ճերմակ դեմքով, սակայն հանգիստ ու հաղթական կանգնած մուտքի մոտ։

Այստեղ արդեն իսկապես մոտեցավ մեր նախնադարյան սիրո առաջին պատմության վերջը։ Կիջղան ու Զտղան մեկնեցին իրենց ամրագրած քարանձավը, որտեղից վերադարձան ուղիղ մեկ շաբաթ անց՝ ուրախ ու երջանիկ։ Ավելի երկար չէին կարող մնալ. համ այդքանի համար էր վճարված, համ էլ հաջորդ օրը երկուշաբթի էր, ու երկուսն էլ աշխատանքի էին։

Այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե ինչ ասաց Զտղան դինոզավրին։

Ա. Կ.

Comment here