Մենք սպասում ենք։ Բոլորս։ Ու «սպասող» կոչվելու համար բոլորովին պարտադիր չէ որեւէ նշանավոր արձանի մոտ կանգնած կամ սրճարանում նստած՝ մերթընդմերթ ժամացույցի թվատախտակին նայել՝ նյարդային կամ սլաքները հիպնոսացնել փորձող հայացքով։ Սպասում է եւ այս պահին համակարգչի առջեւ նյութ գրել փորձող լրագրողը, եւ ֆեյսբուքյան լրահոսի կատաղի վազքին աչալուրջ կամ ծույլ-ծույլ հետեւող տղան կամ աղջիկը, եւ աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացնող (առավել եւս՝ դրան մասնակցող) չինովնիկը, եւ որեւէ շեֆ-խոհարարը որեւէ ռեստորանում կամ մատուցողուհին՝ սրճարանի մի անկյունում մի աթոռի հենված։
Սպասում է մեկը՝ քննաշրջանի ավարտին, մեկը՝ դրսից պարբերաբար ստացվող գումարին, մեկը՝ թոշակին, մեկը՝ արձակուրդին, մեկը՝ արձակուրդի ավարտին։ Մեկը՝ ձմեռային մռայլությունից փախչելու հնարավորությանն ու առիթին, մեկը՝ աշխատավարձի բարձրացման համար ղեկավարի հետ խոսելու համարձակությանը, մեկը՝ ցանքսին, մեկը՝ բերքահավաքին, մեկը՝ լույսին ու ջերմությանը, մեկը՝ ստվերին ու զովությանը։ Սպասողները շատ-շատ են, բայց նրանց շարքում առանձնանում են նրանք, ովքեր սիրում են կամ ում թվում է, թե սիրում են, եւ նրանք, ովքեր ամենուրեք՝ նույնիսկ երազում, սպասում ու փնտրում են այն միակին, ում Աստված ու ճակատագիրը նախատեսել է հենց իրենց համար։
Մեկը, ում մի հայացքից լավ ու վատ կզգան, ում մասին լոկ մտածելիս՝ արդեն ճախրելու ունակ կզգան իրենց, ում հետ լինելու րոպեները չեն փոխի աշխարհում ոչ մի բանի հետ, ում հետ ամենօրյա նույնիսկ ամենաձանձրալի աշխատանքը երանություն կթվա, ում հետ բազմիցս կրկնված բառերը կհնչեն հենց նոր ստեղծված երաժշտության պես։ Սպասում են մեկին, ով միայն դեռ մտքում է, ում չեն էլ պատկերացնում, բայց վստահ են, որ հանդիպելու դեպքում կճանաչեն նրան՝ այդ միակին, աշխարհի 8 միլիարդ բնակիչների մեջ։ Սպասում են նրան, ով բոլորից առավել ու անձանձրույթ, բոլորից անհամբեր կսպասի իրենց զանգին, տեսությանը, խոսքին կամ հպմանը…
Ու սպասում ենք։ Բոլորս։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։