Ավելի լուրջԳլխավորԽոսք

Ամեն օր՝ կիրակի

Համազգային, ավելի ճիշտ՝ համաշխարհային ինքնամեկուսացման այս օրերին բնակարանի կամ տան սահմաններում պարփակված ընտանիքի անդամները ծանր կամ պարզապես փորձության են ենթարկվում. կկարողանա՞ն համակեցության կանոնները պահպանել 24 ժամ-7 օր ռեժիմով։

Նույնիսկ 20-30 տարվա ստաժ, առավել եւս՝ 20-30 տարվա ստաժ ունեցող ընտանիքներում կյանքն ու ամենօրյա կենցաղը հիմնովին փոխվել են. պատկերացնո՞ւմ եք այն տղամարդու վիճակը, ով սովորաբար ցերեկային ժամերին տանն է լինում միայն կիրակի օրերին, կամ այն կնոջ վիճակը, ով ցերեկային ժամերին ամուսնու հետ շփվում էր միայն կիրակի օրերին։

Իսկ պատկերացնո՞ւմ եք այն կնոջ վիճակը, ով կեսկատակ-կեսլուրջ տրտնջում էր՝ երբ եմ գործի գնալու՝ հանգստանամ՝ հոգնելով կիրակնօրյա եփել-թափել-լվալ-արդուկել-մաքրել-պսպղացնելուց, եւ այն տղամարդու վիճակը, ով սովորաբար հանգստանում է բազմոցին պառկած՝ հեռուստացուցի հեռակառավարման վահանակը ձեռքին, եւ ով փոխում է հորիզոնական դիրքը միայն սուրճ խմել-ծխելու, սնվելու կամ սննդի մնացորդներից ազատվելու, եւ վերջապես՝ «տեղերը մտնել»-քնելու համար։

Իսկ եթե տանը բացի ամուսիններից՝ ինքնամեկուսացման պատվիրաններն են փորձում պահպանել նաեւ 1-2 երեխա, 1-2 սկեսուր կամ սկեսրայր, ու ասենք՝ 97 ամյա մի տատիկանց տատիկ, պատկերացնել հնարավոր չէ, թե ինչպես պետք է վարել կենցաղավարություն կոչված ավտոմեքենան՝ այս ու այնտեղ անընդհատ չխփելու, բախումներից խուսափելու համար։

Բայց ամենօրյա կիրակին ունի նաեւ բազմաթիվ դրական կողմեր։

Հիշում ե՞ք, որ երազում էիք մի կարգին քնել, մի քանի հետաձգված գրքեր կարդալ, անգլերենը կատարելագործել կամ ընդհանրապես՝ ճապոներեն սկսել սովորել, հին կամ նոր թողարկված ֆիլմեր նայել, տները մի լավ «ուբոռկա» անել (հեսա մարտը պրծնում է, դեռ չեմ սկսել…) ու ոչ թե 1-2 օրում ու թիապարտ ստրուկի պես, այլ ասենք 10 օրում՝ խաղուպարով… բանաստեղծություն կամ պատմվածք գրել, նկարել, մարզվել…

Եվ վերջապես՝ հիշո՞ւմ եք ինչպես էիք երազում պարզապես նստել ու ոչինչ չանել։ Փորձեք։

Ու վստահ ժպտացեք՝ սա էլ կանցնի։

Usanogh.am

Մի քանի օգտակար հղումներ՝ usanogh.am-ից

Առցանց անվճար 600 դասընթաց

Ինչ դիտել եւ ինչ կարդալ

Ֆիլմեր՝ համաճարակների մասին

Comment here