ԳլխավորԽոսք

Շոգեխաշված մտորումներ

Հուլիսի 16-ին երեւանյան արեւը չգիտես ինչից ոգեւորված՝ այնպիսի կրակ էր թափում երկնքից, որ հատկապես քաղաքի կենտրոնով քայլելը դարձել էր տանջալից-դանդաղեցված մի գործողություն, ու հատկապես Հյուսիսային պողոտայում, որտեղ համառորեն վերանորոգում է ընթանում արդեն չենք հիշում որերորդ անգամ կամ որերորդ ամիսը։

Մարդը բայց իսկապես հետաքրքիր ու ամենա-ամենադիմացկուն արարածն է։ Դրանում համոզվելու համար բավական է այդ շոգին նստել երթուղային տաքսի՝ վարորդի անմիջապես կողքը, որտեղ ամառ-ձմեռ ամենաջերմ տեղն է, դիմացից էլ արեւն է իր համար փայլփլում… Պատկերացրեցի՞ք։ Այլեւս անտարբեր ես դառնում ամեն ինչի նկատմամբ ու քեզ զգում ես շոգեխաշվող ինչ-որ երեւույթ, իսկ ճանապարհն էլ թվում է քավարանի հատված, որ ուղիղ գնում է դեպի դժոխքի վառարանի մոտ։ Փոխարենը երբ իջնում ես վերջապես, զգում ես, որ կյանքն այնքան էլ վատ չի ու օրն էլ այնքան էլ շոգ չի, որքան թվում էր մի կես ժամ առաջ։

-Կներեք, բայց մանր չունեմ, էսօր համարյա գործ չեմ արել։

Դա արդեն չորրորդ թե հինգերորդ կրպակի վաճառողն էր, ով քսանհազարանոց թղթադրամը տեսնելով՝ մերժում էր մի տուփ սիգարետ տալ։ Կիսաերիտասարդ մի տղամարդ, ով այս շոգին չափչում էր Մաշտոցի պողոտան՝ սիգարետ գնելու փորձերով, մեքենաբար քայլերն ուղղեց ստվերոտ ու հարազատ սրճարանի կողմը՝ մի քիչ շունչ քաշելու ու հետագա անելիքները մտքում դասդասելու մտադրությամբ։

-Կներեք, բայց մանր չունեմ, էսօր համարյա գործ չենք արել։

Դա արդեն մատուցողուհին էր։

Շոգից թե պարզապես անելանելիությունից՝ մատուցողին շարունակեց.

— Ոչինչ, մյուս անգամ կվճարեք։

«Մնացինք առանց սիգարետի դեռ մի անորոշ ժամանակ»,-ծույլ-ծույլ մտածեց կիսաերիտասարդ հաճախորդը, վերջացրեց սուրճն ու շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ։

Մինչեւ հաջորդ խաչմերուկ ընկած սրճարաններում ու կրպակներում փող մանրելու համառ փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։ Ու չնայած շոգը բթացրել էր ամեն զգացողություն՝ տխրեց տղամարդը, որ «էսօր համարյա գործ չեմ արել»-ը բոլորի մոտ էր։

-Ապեր, քեզ ասել էինք կարծեմ, որ Կառայի հետ գործ չունենաս, իսկ քեզ տենող է եղել, որ ձեռքը բռնած՝ քայլել եք փողոցով։ Էդ էլ է զուտ հնգերական մոմե՞նտ։

Սա արդեն կանգառում շոգի դեմ ու Կառայի համար պայքարող մի այլ երիտասարդ էր փորձում իր իրավունքները պաշտպանել հեռախոսով։

Կիսաերիտասարդ մյուսը հիմա էլ Կառայի մասին մտածելով՝ բարձրացավ կիսալեցուն ավտոբուսն ու ուղղվեց տուն՝ հուլիսյան այս շոգին գումարելով նաեւ ճանապարհի մեծ մասն իրեն հենված ու պայուսակի եզրով մեջքը ծակող բավականին գեր կնոջ ներկայությունը։

Իսկ արեւի ոգեւորությունը դեռ չէր անցել։

Հա, մոռացանք ասել, որ մինչ այդ տղամարդը այնուամենայնիվ կարողացել էր բրենդային մի խանութում փողը մանրել, գնալ սրճարան ու վճարել շոգից, անելանելիությունից թե ուղղակի բնույթով բարի մատուցողուհուն։

Ա. Կ., 2014

Comment here