ԳլխավորԼուր

Արտակարգ դրությամբ պայմանավորված փոփոխություն՝ «Կրթության մասին» օրենքում

ՀՀ կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում:

Ներկայացնելով կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը` հիմնական զեկուցող, կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոխել բուհերի ընդունելության կարգը։ «Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա` առցանց ընդունելության և դիմում-հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը»,- նշել է նախարարը:

Նախաձեռնությամբ գործադիրը նախատեսում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար (ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված) և հնարավորություն ընձեռել կառավարությանը ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

Comment here