Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է: Այդ առնչությամ միասնական հայտարարությամբ են հանդես եկել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողներն ու ուսանողները։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (այսուհետ՝ Բժշկական համալսարան) գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը:
Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։
Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն ԲՈՒՀ-երի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։
Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:
Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը:
Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով:
Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ. «…աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»:
Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով:
Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական:
Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:
Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։
Եզրահանգելով, կոչ ենք անում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կառավարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին հավանություն է տվել դեկտեմբերի 3-ին ու այն ուղարկել Ազգային ժողով։
Նախագծի հապշտապ ընդունման ու բովանդակության վերաբերյալ իրենց դժգոհություններն են հայտնել Երեւանի պետական համալսարանի դեկաններն ու ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։