ԳլխավորԼուրԿրթություն

Ուսանողներն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. խնդիրներ ու լուծումներ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր քանակը 2019 թ. կազմել է 49 բողոք (50 անձից), 2020 հունվարից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ՝ 89 բողոք 143 անձից, այդ թվում՝ ուսանողներին առնչվող տարբեր բնույթի դիմումներ եւ բողոքներ։ Այս մասին usanogh.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Պաշտպանի իրավասությանը վերաբերող դիմումների եւ բողոքների կապակցությամբ գրավոր ու բանավոր ընթացակագրով քննարկումներ են տեղի ունեցել իրավասու պետական մարմինների հետ։

Ուսանողներին բողոքները հիմնականում վերաբերել են.

• հաշմանդամություն ունեցող անձի ուսումը Հայաստանի պետական բուհերից մեկում անվճար հիմունքներով չկազմակերպելուն,

• անվճար հիմունքներով բուհ ընդունվելուն, պայմանավորված «հաշմանդամ երեխա» կագավիճակ ունենալու հանգամանքով, այնուհետեւ առողջական վիճակի պատճառով այլ երկիր տեղափոխվելուն եւ իր դիմումի համաձայն ուսումնառությունը դադարեցվելուն։ Խնդիրն այն  է, որ դիմողն ակադեմիական արձակուրդ չի ձեւակերպել, այլ դիմումի համաձայն՝ ուսումնառությունը դադարեցվել է, որի պատճառով էլ ուսանողը չի վերակագնվել բուհում մինչեւ ուսումնառության դադարեցումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ (անվճար հիմունքներով),

• «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձի կողմից բուհ ընդունվելիս դիմում-հայտի հետ միասին իր «հաշմանդամ երեխա» կարգավիճակը հավաստող փաստաթուղթ չներկայացնելուն, ընդունող հանձնաժոովի անդամներից որեւէ մեկի կողմից դիմողից «հաշմանդամ երեխա» կարգավիճակը հավաստող փաստաթուղթ չպահանջելուն, արդյունքում ուսումն անվճար ուսուցման համակարգում կազմակերպելու հնարավորությունից դիմողի զրկվելուն։ Հետագայում խնդիրը կարգավորվել է, դիմողը հրամանագրվել է բուհ՝ անվճար ուսուցման համակարգում,

• բուհից հեռացվելուն,

• փաստաթղթերի ընդուման վերջնաժամկետից ուշ փաստաթուղթ (ատեստատ) ներկայացնելու պատճառով բուհի իր նախընտրած ֆակուլտետ չընդունվելուն,

• Երեւանի պետական համալսարան առկա ուսուցման բակալավրիատի կրթական ծրագրով 2019-2020 թթ. ուսումնական տարվա ընդունելության քննություններին դիմողի երկրորդ փուլով մասնակցելուն, քննության արդյունքներով իր նախընտրած ֆակուլտետ ընդունվելուն, սակայն ատեստատը փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից ուշ ներկայացնելու պատճառով իր նախընտրած ֆակուլտետում հրամանագրվելու եւ սովորելու հնարավորությունից զրկվելուն,

Ֆրանսիական համալսարանում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում չտրամադրելուն։

• դիմողի կողմից միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի՝ 70 տոկոս ցուցանիշ ունենալու պարագայում տարկետում ստանալու հնարավորությունից չօգտվելուն, քանի որ Ֆրանսիական համալսարանն ունի ՀՀ-ում գործող պետական մյուս համալսարաններից տարբերվող գնահատման համակարգ, պետական գերազանցության շեմը պետական մյուս համալսարաններում հիմնականում 90 է։ Օրենսդրությամբ նախատեսված է եղել, որ զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ուսանողը պետք է ունենա ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոս։ Նշվածի վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։ ՄՈԳ-ի աավելագույն արժեքն իջեցվել է 80, սակայն կոնկրետ դեպքով խնդիրը լուծված չէ,

• պետական նմուշի դիպլոմ չստանալուն,

• դիմորդին պետական բուհ ընդունելու հնարավորությանը,

• դիպլոմի կրկնօրինակ չտրամադրելուն,

• դիմողի կողմից 1991 թ. Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտն ավարտելուն, 1992 թ. ապրիլի 13-ին Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի դիպլոմ ստանալուն, ավարտական դիպլոմի կրկնօրինակը տրամադրելու նպատակով Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան (նախկինում՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ) դիմելուն, սակայն արդյունքի չհասնելուն։ Տվյալ խնդիրը լուծվել է, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հիման վրա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից դիմողը ստացել է իր դիպլոմի կրկնօրինակը,

• չնայած հանրագումարային միջին որակական գնահատականին (ՄՈԳ) առավելագույն արժեքը 92.18 տոկոս լինելուն՝ գերազանցության դիպլոմ չստանալուն։ Դիմողը տեղեկացրել է, որ 2018-ին ընդունվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մագիստրատուրա, 2019-ին ավարտել է այն եւ ստացել մագիստրոսի որակավորում։ Տեղեկացրել է նաեւ, որ չնայած ուսումնառության վերջում հանրագումարային ՄՈԳ-ի առավելագույն արժեքը կազմել է 92.18 տոկոս՝ չի ստացել գերազանցության դիպլոմ,

• ակադեմիական պարտք (լուծարք) ունենալու եւ լուծարքի վերահանձնման 2 փուլին չմասնակցելու պատճառով ուսանողին բուհից հեռացման ներկայացնելուն։ Ուսանողը լուծարքին չէր մասնակցել առողջական վիճակով պայմանավորված,

• բուհի նույն ֆակուլտետի առկա համակարգից հեռակա համակարգ փոխադրվելու պայմաններում ուսման վարձի զեղչից (30 տոկոս) չօգտվելուն։

• զինվորական ծառայության մեկնած ուսանողի կողմից զորացրվելուց հետո ուսումը բուհերից մեկի առկա համակարգում շարունակելուն, ուսման վարձի զեղչից (30 տոկոս) օգտվելուն, այնուհետեւ աշխատելու նպատակով ուսումը բուհի նույն ֆակուլտետի հեռակա համակարգում շարունակելով պայմանավորված՝ ուսման վարձի զեղչից (30 տոկոս)  այլեւ օգտվել չկարողանալուն։

Առանձնապես շատ են դիմորդների կողմից ստացված բողոքների ու դիմումների թիվը՝ ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ ընդունված 2020-2021 թթ. ուսումնական տարվա ընդունելության կարգում փոփոխություններ կատարելու պատճառով։

Եվ այսպես, բողոքները հիմնականում վերաբերել են.

• ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ ընդունված 2020-2021 թթ. ուստարվա ընդունելության կարգի  դրույթների վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից պատշաճ իրազեկում չիրականացնելուն։

• 2020-21 թթ. ուստարվա ընդունելության միասնական քննությունների ամփոփման արդյունքում դիմորդների կողմից բարձր գնահատական ստանալու պարագայում տվյալ դիմորդների կողմից բուհեր չընդունվելուն։

Պատերազմին մասնակցած ուսանողների երկրորդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն

• ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 21-ի N 826-Ն որոշմամբ ընդունված 2020-2021 ուստարվա ընդունելության կարգով միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդների համեմատությամբ ավագ դպրոց ավարտած դիմորդների համար խտրականություն պարունակող առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

• Դիմորդների կողմից միավորներ կորցնելուն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ դասագրքերի միջեւ առկա է եղել բովանդակային անհամապատասխանություն, որի հետեւանքով դիմորդներն ընդունելության քննության ընթացքում նշել են սխալ պատասխաններ։ Կոնկրետ դեպքում խնդիրը վերաբերել է նրան, որ առկա է եղել բովանդակային անհամապատասխանություն 2014 թ. հրատարակության «Հայոց պատմություն» դասագրքերի միջեւ։

• Ընդունելության միասնական քննության ընթացքում հսկիչ հանձնաժողովի անդամների կողմից քննության անցկացման կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկված չլինելուն եւ դիմորդներին սխալ ուղղորդում տալուն, որի հետեւանքով դիմորդները կորցրել են միավորներ։

նոր տիպի կորոնավիուսի վարակակիր կամ կոնտակտավոր անձ լինելու պատճառով որոշ դիմորդների կողմից ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, եւ իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով ընդունելության միասնական քննություներին չմասնակցած դիմորդների համար հետագայում լրացուցիչ քննություններ չկազմակերպելուն, որի հետեւանքով տվյալ դիմորդները զրկվել են բուհերի իրենց համար նախընտրելի ֆակուլտետներ՝ ուսուցման իրենց համար նախընտրելի ձեւով (առկա կամ հեռակա) ընդունվելու հնարավորությունից։

Միաժամանակ, տվյալ դիմորդները զրկվել են նաեւ մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից։ Հարցն առավել խնդրահարույց է եղել այն դիմորդների պարագայում, որոնք ամռանը, 2020-21 ուստարվա ընդունելության միասնական քննություննեից անմիջապես հետո, զորակոչվել են ՀՀ զինված ուժեր։

• նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաներում բուհերի ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով ընդունված՝  ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 21-ի N 826-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված կարգով նոր տիպի կորոնավիրուսի վարակակիր կամ կոնտակտավոր անձ լինելու հետեւանքով ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդների ընդունելության քննությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չլինելուն։

• դիմողներից մեկն առաջարկել է ՀՀ զինված ուժերում ծառայությունն ավարտելուց ու զորացրվելուց հետո մեկ քննություն հանձնելով բուհ ընդունվելու հնարավորություն ընձեռել նաեւ այն դիմորդներին, ովքեր 2020-2021 ուստարվա ընդունելության վերոնշյալ կարգի փոփոխության արդյունքում չեն ընդունվել բուհեր եւ զորակոչվել են ՀՀ զինված ուժեր։ Տվյալ առաջարկի հիմնավորումը եղել է այն, որ այդ դիմորդների կողմից բուհեր չընդունվելու պատճառ է եղել գործող «անարդար կարգը», բացի այդ, ՀՀ զինված ուժերում ծառայելու ընթացքում տվյալ դիմորդները չեն ունենալու մեկից ավելի առարկայի ընդունելության քննության համար նախապատրաստվելու օբեկտիվ հնարավորություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկվել խնդիրները լուծելու ուղղությամբ

Վերը նշված դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում իրականացվել է ուսումնասիրություն։ Խնդրահարույց հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաեւ խնդիրների հնարավոր լուծման նպատակով գություններ են հասցեագրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ պարետատուն եւ այլ իրավասու պետական մարմիններ։ Ըստ անհրաժեշտության, իրավասու պետական մարմինների հետ տեղի են ունեցել նաեւ բանավոր քննարկումներ։

Գրություններից մեկին կից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել մանրամասն տեղեկանք, որում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմած՝ 2020-2021 ուստարվա դիմորդներից յուրաքանչյուրի կողմից բարձրացված խնդիրներն ու պնդումները՝ դրանք նաեւ անհատապես քննարկելու, ըստ անհրաժեշտության համապատասխան միջոցներ ձեռնարկելու եւ քննարկման արդյունքների, ինչպես նաեւ ձեռնարկված միջոցների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով։

Նոր տիպի կորոնավիրուսի վարակակիր կամ կոնտակտավոր անձ լինելու պատճառով որոշ դիմորդների կողմից ընդունելության միասնական քննություններին մասնակցելու հնարավորություն չունենալու եւ իրենց կամքից անկախ հագամանքների պատճառով ընդունելության միասնական քննություններին չմասնակցած դիմորդների համար հետագայում լրացուցիչ քննություններ չկազմակերպելու խնդրի կապակցությամբ Պաշտպանի կողմից ՀՀ պարետին ուղղված գրությանն ի պատասխան ՀՀ պարետատնից հայտնել են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ տվյալ դիմորդներին, այդ թվում՝ արդեն ՀՀ զինված ուժեր զորակոչվածներին, հնարավորություն կտրվի 2020 թ. սեպտեմբեր ամսին մասնակցել բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին։

Մարդու իրավոնքների պաշտպանին դիմած դիմորդների մի մասն իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան, որի հետեւանքով նրանց դիմումներն այլեւս ենթակա չեն քննարկման Պաշտպանի կողմից։ Մնացած դիմորդների դիմումների քննարկումը Պաշտպանի աշխատակազմում գտնվում է ընթացիկ վիճակում։

Մարդու իրավունքների պաշտպանին դիմած որոշ դիմորդների կողմից բարձրացված խնդիրները ստացել են լուծում, եւ տվյալ դիմորդներն ընունվել են բուհեր, ինչպես նաեւ հնարավորություն են ստացել սովորել բուհերի իրենց համար նախընտրելի ֆակուլտետներում։

Պաշտպանին դիմած դիմորդներից մեկը, որն ի սկզբանե վճարովի հիմունքներով էր ընդունվել բուհ, դիմումով ներկայացված պնդումների ուսումնասիրության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության արդյունքում հնարավորություն է ստացել տվյալ բուհում սովորել անվճար հիմունքներով։

Comment here