Երասխի դպրոցն ու դպրոցին կից մանկապարտեզը գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո` անմիջապես մարտական դիրքերի հարևանությամբ: Այս մասին արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած փաստահավաք խումբը այս տարվա հունիսի 15-ին Երասխի միջնակարգ դպրոց կատարած այցի շրջանակում: Դպրոցը, որտեղ սովորում է 129 աշակերտ, ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր:
«Դպրոցի տնօրենը տեղեկացրել է, որ հունիսի 14-ին տեղի էր ունենում 12-րդ դասարանի պետական ավարտական քննություն` «Հայոց պատմություն» առարկայից: Նույն օրն առավոտյան 11.30-ի սահմաններում ` աշակերտների քննություն հանձնելու ժամանակ, սկսվել են կրակոցները: Ընդ որում, կրակոցներն արձակվել են անմիջապես դպրոցի դիմացի բլրին տեղակայված ադրբեջանական դիրքերից»,-ասված է ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ 2023թ. հունիսից ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:
Աշակերտները շուրջ 15 րոպե կրակահերթերի ձայների ներքո շարունակել են կատարել քննական աշխատանքը, սակայն կրակոցների աննախադեպ ինտենսիվության և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը հաշվի առնելով` ստիպված են եղել քննությունը 20 րոպե շուտ ավարտել: Անվտանգության նկատառումներից ելնելով` ստիպված են եղել երեխաներին ու ուսուցիչներին խումբ-խումբ տարհանել դպրոցից:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 28-րդ հոդվածով ևս երաշխավորվում է երեխայի` կրթություն ստանալու իրավունքը:
Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ վարքագիծը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները`ուղղակիորեն ազդելով երեխաների բնականոն կյանքի, կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա: