ԳլխավորԼուր

Իտալիայում համապետական կարանտին է. տեղաշարժն առանց անհրաժեշտության արգելված է

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել, ըստ որի սահմանափակվում է բնակչության տեղաշարժը ողջ երկրում՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարելու նպատակով, տեղեկացնում է BBC-ն։

Խոսքն առանց հարգելի պատճառների (աշխատանքային, ընտանեկան անհրաժեշտություն, ինչպես նաեւ առողջության հետ կապված) տեղաշարժի մասին է։

Արգելվում են մարզական բոլոր միջոցառումները, այդ թվում ֆուտբոլի ազգային առաջնության հանդիպումները։ Թույլատրվում են միայն Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու պարապմունքները բաց երկնքի տակ եւ միջազգային մարզական միջոցառումները՝ նախազգուշական միջոցների առկայության դեպքում։

Արգելվում են ցանկացած խմբակային հանդիպումները։

Կարանտինային միջոցառումները, որոնք ավելի վաղ առնչվում էին Լոմբարդիայի հյուսիսային մասին եւ Վենետո, Էմիլիա-Ռոմանիա, Պյեմոնտ եւ Մարկե նահանգների որոշ շրջանների, այժմ գործում են ողջ երկրում։

Փակ կլինեն ժամանցային վայրերը, այդ թվում թանգարանները, կինոթատրոնները եւ թատրոները։ Առեւտրային կենտրոնների եւ ռեստորանների ու սննդի կետերի աշխատանքը կսահմանափակվի։

Ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչեւ ապրիլի 3-ը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում մարտի 10-ին։

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 հազարը։ Ավելի քան 700 մարդ բուժվել է, մահացել է 463-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի բնակիչների թիվը 60 միլիոն է։

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե

 

Comment here