ԳլխավորԼուր

Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում. նախագահ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորությունները, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքները, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են:

Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:

Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն:

…Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է իր զավակներին, որոնք իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգի տակ են դրել այս ծանր օրերին, գնահատի»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

Comment here