Ավելի լուրջԳլխավորԽոսք

Ճղճիմանում ենք եւ ժպտում… պարոնայք

Հայաստանյան կորոնավիրուսախառն առօրյան մերթ ընդ մերթ ընդհատվում կամ պայծառանում է հասարակական հայտնի կամ անհայտ, բայց հայտնի դառնալ ցանկացող դեմքերի գործողություններից։

Ամենատպավորիչն ու արդյունավետն, ինչ խոսք, Ազգային ժողովն է՝ իր միջանցքներով ու նիստերի դահլիճով, որտեղ նույնիսկ ամբիոն կա։ Ամբիոնն այդ նախատեսված է բացառապես ախպեր-ընկերական, մեկ-մեկ էլ՝ բութ-սրիկայական որակումներով ելույթների եւ հոպարական ռեպլիկներ լսելու համար։

Այնքան բարձրացա ես իմ աչքում, երբ մայիսի 8-ի ոչ բարեկամական գրկախառնություններից հետո մեզ սկսեցին համեմատել, օրինակ, Ուկրաինայի կամ նմանատիպ այլ՝ խորհրդարանական զարգացած մշակույթ ունեցող երկրների հետ։ «Մենակ հո մեզանով չի», «Հլը տես էն ուկրաինաներում ինչ է կատարվում» ու նմանատիպ արտահայտություններ հույս են ներշնչում, որ դեռ ամեն չի, որ կորած է, ու գոնե քաղաքական գործիչների խորհրդարանական պահվածքով կարող ենք ինչ-որ մեկին հասնել, եթե մի քիչ էլ ջանանք՝ նույնիսկ անցնել։

Երբ ընդդիմադիր կամ այդպիսին երեւալ ցանկացողներն ամբիոնն օգտագործում են գործընկերներին խելք ու խրատ տալու համար, իսկ իշխող ուժի ներկայացուցիչներն էլ՝ իրենց բռնություններից պաշտպանելու կոչեր հնչեցնելու եւ ձեռքի հետ էլ, ասենք, Մարդու իրավունքների պաշտպանին չստացված ու անհիմն դասեր տալու համար, հասկանում ես, որ մեր ընտրյալներն իսկապես հասկանում են, թե որտեղ են եւ ինչ են ասում կամ անում։

Ամեն ինչ իսկապես շատ լավ է։ Մի քանի մանր-մունր պրոբլեմներ կան, օրինակ, հասարակական տրանսպորտի բացակայության պայմաններում աշխատանքի գնալ-գալ, կոմունալ վճարներ, վարկային արդեն չհետաձգվող պարտավորություններ, հեռավարացած ուսանողների մի մեծ խմբի վարձավճարների չփոխհատուցում կամ մեկ այլ խումբ ուսանողների՝ նոր վարկեր վերցնելու անհրաժեշտություն (կարեւորը՝ 4 տոկոսով ընդամենը, հասկանում եք, չորս տոկոսով, չնայած դրանից դժվար թե ուսանողի կամ նրա ծնողների վիճակն ավելի լավանա), մանկապարտեզների բացակայության պայմաններում՝ աշխատող ծնողների անելանելի վիճակ եւ այլն, սակայն դա ոչինչ չի նշանակում։

Կարեւորը մեր «ազգի ջոջերը» լավ լինեն։ Իսկ մենք ինչ։ Մենք ժպտադեմ ու պայծառադեմք կսպասենք հաջորդ տեսարանին, որոնք ավելի ու ավելի գրավիչ են դառնում՝ ստիպելով մոռանալ նույնիսկ հանապազօրյա կոմունալ վճարների մասին։

Հ.Գ.-Այսօր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here