ԳլխավորԼուր

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարքյանն ընդմիջումից հետո ելույթ ունենալով՝ հայտարարեց, որ առավոտյան տեղի ունեցածը (ծեծկռտուքը-խմբ.) քաղաքական է եւ պահանջում է քաղաքական գնահատական եւ քաղաքական հետեւանքներ, որոնք դեռ չեն եղել, չնայած անցել է ավելի քան 3 ժամ։

«Միջադեպից անցել է արդեն 3 ժամ եւ ավելի, սակայն մենք չտեսանք որեւէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական, քաղաքական համակարգին: Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարի դեռ հետեւից, կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետեւյալն է՝ ինչ եղել է, քաղաքական է, եւ պետք է ունենա քաղաքական գնահատական: Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը եւ պետք է ունենա քաղաքական գնահատական: Եվ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե Հայաստանի քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին»,-ասաց Մարուքյանը:

Խմբակցությունը որոշեց լքել նիստերի դահլիճը եւ սպասել քաղաքական գնահատականի, որից հետո կորոշեն, թե «ինչպես են շարունակում աշխատել այս խորհրդարանում»։

Comment here