ԳլխավորԼուր

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ հանձնաժողովը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում ԱԺ-ում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ բուհերի ռեկտորների հետ, որոնց արդյունքում նախագիծը կրել է որոշ փոփոխություններ:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախագծում կատարվել են հանձնաժողովի քննարկմանը վերադարձնելուց հետո:

«Այս ընթացքում հնարավորություն ունեցանք աշխատել օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ: ԱԺ-ում ռեկտորների հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր, որովհետև քննարկման առարկան, ըստ էության, օրենքի բուն բովանդակությունն էր: Այս գործընթացը կարող է անվերջ տևել, սակայն օրենքը շատ կարևոր է, և անհրաժեշտ է, որ այն հնարավորինս շուտ ընդունվի»,- ասել է նախարարը՝ ներկայացնելով հիմնական փոփոխությունները:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ռեկտորի ընտրության հարցն է: Նախորդ տարբերակում առաջարկվում էր ընտրանքային տարբերակ, երբ պետք է ներկայացվեր ռեկտորի մինչև 3 թեկնածու, իսկ լիազոր մարմնի ղեկավարը երեքից մեկին նշանակեր այդ պաշտոնում: Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով մի շարք կարծիքներ՝ ներկա տարբերակում ռեկտորը կընտրվի խորհրդում և կհրամանագրվի 5 տարի ժամկետով:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, ըստ հիմնական զեկուցողի, այն է, որ եթե նախորդ տարբերակում առաջարկվում էր, որ բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, իսկ օրենքում կամրագրվի միայն գիտական աստիճանի առկայության պահանջը, ապա ներկայացված առաջարկների հիման վրա նախագծում կատարվել է փոփոխություն և սահմանվել, որ օրենքում, գիտական աստիճանից զատ, պահանջ դրվի նաև 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության ստաժի առկայության հարցը:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ նախորդ տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնը համարվում էր վարչական, ներկայում առաջարկվում է այն համարել ակադեմիական աշխատանք:

Նախարարն անդրադարձել է նաև հաջորդ կարևոր փոփոխությանը, այն է՝ բուհերի հավատարմագրման գործընթացին.

«Հավատարմագրման դրույթներում հստակ ամրագրվել են անցումային ժամկետները և մեխանիզմները: Այն բուհերին, որոնք ներկայում չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում, իսկ ոչ պետական բուհերի թիվը բավականին մեծ է (պետական բոլոր բուհերը որոշակի ժամկետով ունեն այդ հավատարմագրումը), մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը տրվել է ժամկետ՝ այդ գործընթացն անցնելու համար:

Հակառակ պարագայում՝ այդ պահից սկսած նշված բուհերն այլևս չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց: Բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում կարող են սեփական որակի կենտրոնների միջոցով իրականացնել ծրագրային հավատարմագրում: 2027 թվականից սկսած ինստիտուցիոնալ հավատարմագրման անցնելու գործընթացի հետ միաժամանակ դրանք կանցնեն նաև ծրագրային հավատարմագրում, սակայն՝ արդեն արտաքին: Եթե բուհերին տրվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում մինչև 2022 և 2023 թթ.-ը, ապա այդ ժամկետն ավտոմատ կերկարաձգվի մինչև 2025 թվականի հունվարի մեկը, որպեսզի մինչ այդ դրանք ծրագրային հավատարմագրում անցնեն սեփական կենտրոնի միջոցով: Դրանից հետո այլևս բոլոր բուհերը, անկախ դրանց իրավակազմակերպական ձևից, պետք է անցնեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում ու աշխատեն նույն կանոններով»:

Նախարարի ելույթից հետո հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես պատգամավորները մտավախություն են հայտնել, որ եթե բուհը նշված ժամկետում չհասցնի անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, արդյոք դրա արդյունքում չի տուժի ուսանողը, և պետությունն այդ առումով ինչ պարտավորություն ունի: Նախարարը փարատել է պատգամավորների մտահոգությունը՝ նշելով, որ այդ գործընթացը չի վերաբերելու արդեն իսկ տվյալ բուհ ընդունված ուսանողին. նրանք կավարտեն այն հիմունքներով, որոնցով ընդունվել են, և նոր կարգավորումները չեն ազդի նրանց վրա, ու չի խախտվի նրանց կրթության իրավունքը:

Պատգամավորներին հետաքրքրել է նաև ռոտացիայի և ռեկտորի տարիքային սահմանափակման փոփոխության հարցը: Աննա Կոստանյանն առաջարկել է առհասարակ հանել ռեկտորի պաշտոնավարման համար սահմանված 70 տարեկանի սահմանափակման շեմը, քանի որ, ըստ պատգամավորի, առկա է Սահմանադրության հետ հակասություն: Նախարարը պատասխանել է, որ պրոֆեսորադասախոսական գործունեության ընթացքում տարիքային սահմանափակում չկա, մինչդեռ ադմինիստրատիվ, ղեկավար և մրցութային պաշտոններում այն պարտադիր է:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձել է այն բոլոր փոփոխություններին, որոնք կատարվել են այս ժամկետում, մասնավորապես՝ ռոտացիայի խնդրին: Նրա խոսքով՝ նախագծում ուսանողական խորհուրդ հասկացությունը փոխարինվել է ուսանողական միավորումներով: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ այս փոփոխությամբ ուսանողներին ինքնարտահայտվելու հնարավորություն կտրվի: Նա նշել է, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը վերաձևակերպված ներառվել է օրինագծում:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը բարձր որակի համագործակցության համար. «Փոխզիջումներով, իրար լրացնելով՝ հասել ենք այս կետին»:

Պատգամավորների ներկայացրած մի քանի տասնյակ առաջարկներ քվեարկությամբ ընդունվել են, մյուս մասը պատգամավորները հետ են վերցրել, մի քանիսն էլ մերժվել են:

Հանձնաժողովը որոշում է կայացրել նախագծին տալ դրական եզրակացություն ու այն ներառել լիագումար նիստի օրակարգ:

Comment here