ԳլխավորԿրթություն

Վարդան Դևրիկյանը ԿԳՄՍՆ-ին առաջարկում է ամեն ինչ ջնջել ու սկսել զրոյից

ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակված հանրակրթական դպրոցի նոր չափորոշիչները, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ, բգդ Վարդան Դևրիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում որակել է որպես խորտակված ինքնաթիռ: Ըստ նրա, նոր չափորոշիչներում երեք անընդունելի հասկացություն կա, որոնց վերացնելու դեպքում միայն կարող ենք խոսել ծրագրում ներառված հեղինակների, թեմաների և ստեղծագործությունների մասին.

«Այս նոր չափորոշիչներով հայ գրականությունը հիշեցնում է մի խորտակված ինքնաթիռ, իսկ դասագրքերը՝ մեծ պարկ, որոնց մեջ անսիստեմ, այստեղից-այնտեղից հավաքված, լցված են այդ խորտակված ինքնաթիռի բեկորները: Այս ծրագիրը մերժելի և աղբանոց նետելու խոտան պետք է համարվի: Ավագ դպրոցի դասագրքերը չեն կարող լինել հիբրիդ: Հովհաննես Թումանյանը մի միտք ունի, ասում է՝ թեև գրականությունը հայրենիք չունի, սակայն ամեն հայրենիք ունի իր գրականությունը: Մեր դպրոցներում անցնելիք գրականությունը պետք է լինի մեր ժողովրդի գրականությունը ՝ հայ գրականությունը:

Հաջորդ անընդունելի կետն այն է, որ գրականությունը ներկայացվում է ժանրային բաժանմամբ և ոչ թե ժամանակագրական ընթացքով: Սա առավել անթույլատրելի է հայ գրականության դեպքում, որովհետև հայ գրականությունը մեծապես ստուգաբանվում է հայ ժողովրդի պատմության շրջանակում: Այսինքն՝ իրավունք չունենք գրականությունը կտրել պատմության կոնտեքստից»,- ասել է գրականագետը։

«…Այս հայեցակարգ կոչեցյալ ծրագրի փոխարեն կա ոչինչ չասող, ամեն կարգի ստանդարտ բառակույտեր, բայց չկա ծրագիր: Փոխարենը՝ ունենք ընթերցանության անհաջող, խառնափնթոր ժողովածու: Սա կարծես լինի գրականության քրեստոմատիա կամ ժողովածու, ընդ որում, կազմված մի քանի մարդու ճաշակով: Այսինքն՝ հայ գրականությունը, որ մի ամբողջական խճանկար է, կարծես բռնել ու խառնել են լոտոյի քարերի պես և ամեն տեղում մի բան դրել են։ Սրա վերջը պետք է տալ»,-նշել է նա:

Բանախոսը ԿԳՄՍՆ-ին առաջարկում է ամեն ինչ ջնջել ու սկսել զրոյից. «…Ըստ երևույթին, այդ հանձնախմբի անդամները մտածել են, որ ինքնատիպ ստեղծագործություն է, բայց ինքնատիպ ստեղծագործությունները ուսանողական շրջանից՝ խմբակներում, գրական տարբեր ուղղությունների հավաքույթներում կարելի է, իսկ դպրոցը նորմավորված բան է, դպրոցում երեխայի մտածողությունը չպետք է խեղաթյուրվի: Ամեն ինչ իր մեջ պետք է պերմանենտ զարգացում պարունակի, որտեղ պերմանենտ զարգացում չկա, դա շիզոֆրենիայի դրսևորում է: Ինքնատիպ են միայն շիզոֆրենիկները, մնացյալ յուրաքանչյուր մարդ ստեղծագործաբար շարունակում է եղած ավանդները, ով չի շարունակում նա հոգեկան հիվանդ և տարբեր շեղվածություններ ունեցող է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here