«Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը, նշված է նախարարության Facebook-յան էջում։
«Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։
Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»,-հորդորում է նախարարությունը։
Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը Facebook-յան էջում լուսանկար էր հրապարակել ու գրառում կատարել. «Ասում են` 9-րդ դասարանի աշխարհագրության օլիմպիադայի հարցաշարում է տեղ գտել սույն անհեթեթ ձևակերպումը.
«Թվարկե’ք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու մարզկենտրոնները, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից»։