ԳլխավորԼուր

3D տեխնոլոգիական կրթություն. քննարկում ԿԳՄՍՆ-ում՝ «Ռոստեխի» և «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար «Ռոստեխ» և «Ռոսատոմ» պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով հյուրերին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը:

Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որը համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտության հետագա զարգացման հիմքը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ գործում է հայ-ռուսական միջպետական ծրագիր, որի շրջանակում տարեկան շուրջ 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջպետական ծրագրով՝ ՌԴ քաղաքացիները ևս ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, Հայաստանի պետական առաջնահերթություններով պայմանավորված, ՌԴ բուհեր գործուղվող դիմորդների համար կարող է առավելապես բնագիտական և տեխնոլոգիական տեղերի պահանջ ներկայացվել:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլոգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաների արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնարավորություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում:

Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլոգիական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարների բացահայտման երկկողմ նախաձեռնությունների օրակարգերի մշակման վերաբերյալ հարցեր: