ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ռուսաստանի բուհեր ընդունվելը 5 անգամ հեշտացել է. Sputnik Արմենիա

Ռուսաստանյան համալսարաններն ամեն տարի օտարերկրյա դիմորդների շարքում անվճար ուսուցման համար մրցութային ընտրություն են անցկացնում ՌԴ կառավարության քվոտայով։  Սակայն այս անգամ ընդունելության գործընթացը խիստ փոխվել է` առաջին անգամ Ռուսաստանում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրացիները կարող են ողջ ընթացակարգն անցնել առցանց՝ գրանցվելով հատուկ կրթական սուպերսերվիսում, տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն։

Ընդունելությունը մեկնարկել է հունվարի 20-ին և կավարտվի փետրվարի 20-ին։ «Ռոսսոտրուդնիչեստվոյում» ամենատարբեր պետություններից դիմորդների հայտերի մեծ հոսք են արձանագրել։

Սուպերսերվիսն առցանց հարթակ է, որի միջոցով օտարերկրա դիմորդները կարող են հայտեր ներկայացնել Ռուսաստանի ցանկացած բուհ ընդունվելու համար։ Ինչպես Sputnik–ի հետ զրույցում բացատրեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը՝ տվյալ մեխանիզմը գործում է մեկ պատուհանի սկզբունքով։

«Դա օտարերկրյա քաղաքացիների ընդունելության միասնական համակարգ է։ Այս տարի այն փորձարկման փուլում է, իսկ տարեվերջին արդեն լիարժեք կգործարկվի», – ասաց Շևցովը։

Այսօր սուպերսերվիսի շնորհիվ կարելի է ծրագրին մասնակցելու համար բոլոր փաստաթղթերը ներկայացնել տնից դուրս չգալով, բավական է միայն գրանցվել կայքում։ Շուտով ծառայությունը նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրի Ռուսաստանի բոլոր քաղաքների և դրանց ենթակառուցվածքի մասին։ Բացի այդ, կայքում հրապարակվելու է աշխատանքի հայտարարություններ օտարերկրացիների համար ըստ իրենց մասնագիտությունների։ Այն ուսանողները, որոնք կցանկանան սովորելուն զուգահեռ գումար վաստակել, մասնագիտական աշխատանք կատարելու հնարավորություն կունենան։

Ներկա պահին սուպերսերվիսը հասանելի է երկու լեզվով` ռուսերեն և անգլերեն։ Սակայն կայքը մշակողները ծրագրում են ավելացնել նաև այլ լեզուներ, որպեսզի օտարերկրյա պոտենցիալ դիմորդները ողջ անհրաժեշտ տեղեկությունը բուհերի, ինչպես նաև Ռուսաստանում կեցության և ուսման պայմանների մասին կարողանան ստանալ մայրենի լեզվով։

Գլխավոր խնդիրը, որի հետ բախվում են օտարերկրյա ուսանողները, միգրացիոն քաղաքականության նրբություններն են։ Չէ՞ որ յուրաքանչյուր երկրի համար առանձին կանոններ են գործում. ոմանց վիզա է հարկավոր, ոմանց էլ բավական է միայն միգրացիոն հաշվառման կանգնել, բայց կարևոր է անել դա կոնկրետ ժամանակահատվածում։ Բոլոր այս հարցերի վերաբերյալ նախապես խորհրդատվություն ստանալ ևս հնարավոր կլինի սուպերսերվիսում։

Առցանց հարթակի գործարկումը բազմաթիվ խոչընդոտներ է վերացնում, որոնք երբեմն նախկինում ծառանում էին տաղանդավոր երիտասարների առաջ, նշում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունը։ Նախկինում ռուսաստանյան բուհ ընդունվելու համար անհրաժեշտ էր մասնակցել մրցույթի միջանկյալ փուլերին առնվազն 5 անգամ։  Սակայն ոչ բոլոր դիմորդներն են բնակվում քաղաքներում, որտեղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղեր կան։ Ոմանք գյուղական տեղանքում են բնակվում, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր այց ֆինանսական ծախսեր է պահանջում։

Իսկ այսօր փաստաթղթեր հանձնել, թեստավորում անցնել ու տեսահարցազրույցի մասնակցել հնարավոր է նույնիսկ բջջային հեռախոսով` ներբեռնելով համապատասխան հավելվածը։

Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում սուպերսերվիսն ավելի քան 20 հազար հայտ է ստացել։ Դրանք շուրջ 40%–ը մերձավոր արտասահմանի երկրներից են։

Օտարերկրյա ուսանողների կողմից պահանջված ուղղությունները կապված են բժշկության հետ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից Sputnik–ին տրամադրած վիճակագրության համաձայն` սուպերսերվիսի ամենապահանջված ուղղությունների հնգյակում են «Բուժական գործ» և «Ատամնաբուժություն» մասնագիտությունները։

Ի դեպ, առցանց ընդունելության մասնակիցներից շատերն այն ուսանողներն են, որոնք արդեն սովորել են կամ սովորում են ռուսաստանյան բուհերում և ցանկանում են շարունակել ուսումը Ռուսաստանում։ Հայտերի ընդհանուր թվի 13%–ը մագիստրական ծրագիրն է։

Comment here