Այս տարի բուհերի ընդունելության առաջին փուլի մրցույթից հետո կա մոտավորապես 15.000 թափուր տեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է, որովհետև բացի պետական բուհերից` ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը։
«Եթե դիմորդները այսօր ժամը 18.00–ից բացեն մեր dimord.am կայքը և փորձեն գտնել թափուր մնացած տեղերն ըստ մասնագիտությունների և ըստ բուհերի` կտեսնեն նաև ոչ պետական բուհերում թափուր մնացած տեղերը։ Այսօրվանից մինչև հուլիսի 26–ը ներառյալ այն դիմորդները, որոնք դրական միավորներով դուրս են մնացել բուհ ընդունվելուց, կարող են նորից հայտագրվել»,–ասաց նա։
Հուլիսի 26–ից հետո կազմակերպվելու է մրցույթը, իսկ հուլիսի 30–ին կհրապարակվեն արդյունքները։
Այս տարի դիմորդների համար առաջին տեղում ՏՏ ոլորտի մասնագիտություններն են, պահանջված են նաև իրավագիտությունը, բժշկական մասնագիտությունները։
Եթե տարիներ առաջ շատ դիմորդներ ընտրում էին տնտեսագիտությունը` մասնավորապես ֆինանսներ և վարկ, կառավարում, ապա այս տարի այդ բաժիններում նույնիսկ ամենացածր միավորներով ընդունվել են, այսինքն համարյա մրցույթ չի եղել։
Թափուր տեղերի թիվը մեծ է նաև քիմիային առնչվող, կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններով։
Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21 հազար 820: Գնահատման և թեստավորման կենտրոնում միասնական քննությունների համար հայտագրվել էր 11 հազար 58 դիմորդ, ընդունվել է 8 հազար 83-ը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։