ԳլխավորԼուր

Ընդունելության քննություններին մետաղորսիչներ կկիրառվեն. ԳԹԿ փոխտնօրենը մանրամասներ հայտնեց հայտագրման ընթացքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այս տարվա հունվարին ՀՀ–ում միասնական քննություն հանձնած ավելի քան 8000 դիմորդներից 6000–ը դեռևս հայտագրված չեն Dimord.am կայքում։ Գնահատման և թեստավորման կենտրոնում սկսել են անհանգստանալ և նամակ-հիշեցում ուղարկել միասնական քննություն հանձնած դիմորդների անձնական կայքէջին, ասոլիսի ժամանակ հայտարարեց կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Ըստ բանախոսի՝ այս տարվա շուրջ 20 հազար շրջանավարտից առաջին փուլին՝ հունվար ամսվա քննություններին, մասնակցել է մոտ 8000 դիմորդ, որից դեռևս միայն 2000-ն է երկրորդ՝ հիմնական փուլով հայտագրել բուհն ու մասնագիտությունը: Այս փուլին պարտադիր մասնակցելու վերջնաժամկետի մասին ԳԹԿ-ն դիմորդներին տեղեկացնում է նաև անձնական էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակների միջոցով:

«Միասնական քննություն տված 6000 դիմորդներ ո՛չ բուհ են նշել, ո՛չ մասնագիտություն։ Անկախ այն հանգամանքից` դիմորդը գոհ է իր քննության արդյունքից, թե ոչ, պետք է հայտագրվի Dimord.am կայքում` ընտրի բուհ և մասնագիտություն։ Հակառակ պարագայում մինչև մայիսի 10-ը չհայտագրվելու դեպքում դիմորդը կզրկվի այս տարի բուհ ընդունվելու հնարավորությունից»,–ասաց Նասիբյանը։

Այն դիմորդները, որոնք վաղուց են ավարտել դպրոցը, քննություններին մասնակցելու անձնական համարը կարող են ստանալ ԳԹԿ-ի կողմից ամեն տարի հատուկ ընտրված դպրոցներից՝ իրենց տարածաշրջանում:

Նասիբյանն ընդգծեց, որ Dimord.am կայքում հայտագրման ընթացքում դիմորդը պետք է նշի «Մասնակցում եմ քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» տողը և հետո կատարի փոփոխություն այն դեպքում, երբ հունվարին քննություն է հանձնել։

Նա նաև հայտնեց, որ առաջին անգամ այս տարվա ընդունելության քննություններում հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ. այն դիմորդները, որոնք կներկայանան հեռախոսներով կամ այլ սարքավորումներով, չեն շարունակի քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։