ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը. ինչպես դիմել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սկսվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը, հայտնում են Գնահատման ու թեստավորման կենտրոնից։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական,ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։ Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀպաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: