ԳլխավորԿրթություն

Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ դիմորդը սպասում է ԿԳՄՍ նախարարության արձագանքին

Usanogh.am-ը նամակ է ստացել Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհի, դիմորդ Նունե Ազիբեկյանից։

«Բարև ձեզ, ես Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից եմ։ Քննություն եմ հանձնել անգլերեն առարկայից ԵՊՀ Ռոմանոգերմանական բաժնի համար, ստացել եմ 14 բալ։ Եթե անցողիկի շեմը համարվում է 7,5 բալը, ինչպես է ստացվում որ 7 բալ հավաքած երեխան կարող է անցնել, իսկ 14, 15, 16 բալ հավաքած երեխաները՝ ոչ»,-մասնավորապես նշված է նամակում։

Նունեն քննություն է հանձնել անգլերեն լեզվից, ստացել 14 միավոր։

Իր հայտի մեջ նշել  հետեւյալ մասնագիտությունները՝

1. Միջմշակութային հաղորդակցություն՝ (անգլերեն)-անվճար/վճարովի

2. Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ-վճարովի

3. Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն-վճարովի

4. Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն-վճարովի

5. Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն-վճարովի

6. Անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն-վճարովի։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ի սկզբանե 3 առարկա է պարապել (որի համար վճարել է), իսկ արդեն ապրիլին բոլոր դիմորդների պես իմացել է, որ մեկ քննություն պետք է հանձնի եւ կենտրոնացել է անգլերենի վրա։

Ընդունելության մրցութային նոր կարգի մասին նա տեղեկացված չի եղել եւ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո է միայն իմացել, որ նախապատվությունը տրվում է առաջին տողով նշված մասնագիտությանը, ապա դրա վճարովի տարբերակին։

Ինչեւէ։ Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհի, դիմորդ Նունե Ազիբեկյանը, 2 տարի սահմանամերձ գյուղի ծանր առօրյայում պարապելով ու բավականին բարձր գնահատական ստանալով՝ չի կարողացել բուհ ընդունվել։ Ու միակ պատճառը տվյալ դեպքում մրցութային նոր կարգն է։

Ի՞նչ կարող է անել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ այս դեպքում, միթե որեւէ արտոնություն չունի սահմանամերձ գյուղի դիմորդը, ով ուզում է ոչ թե ցածր գնահատականով մի կերպ մտնել բուհ, այլ պահանջում է արդարություն՝ «բարձր գնահատական ստացողին ավելի շատ հնարավորություն» տրամաբանությունից ելնելով։

Կոթի գյուղում սպասում են ԿԳՄՍՆ արձագանքին։

Հեղինակի տվյալները usanogh.am-ի տրամադրության տակ են։

Ի դեպ, այսօր բազմաթիվ ծնողներ են հավաքվել ԳԿԹ-ի մոտ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու մրցութային նոր կարգից։

 

Comment here