ԳլխավորՓորձադաշտ

Ես քեզ չեմ տա ինձ երևի երբեք. Անահիտ Արշակյան

Ներկայացնում ենք Անահիտ Արշակյանի՝ 17.am-ում հրապարակված գրվածքը

***

Դու փակել ես էջը, ես՝ գիրքն եմ այրել:

Ես աշխարհում կամ ու չկամ՝ քոնում: Դու էն աշխարհում ես վաղուց, որ իմն է:

Դու գտել ես աշխարհ ու այն կառուցել, ես ստեղծել եմ ավազից:

Դու անցել ես աշխարհներ, ես բանտարկված եմ իրականությանս մեջ:

Դու բախտավոր ես, որ ես քո բախտը չէի, ես ունեմ բախտ՝ քեզնից նվեր, որ դժբախտությունս էր:

Մոռացումը քեզ հարկավոր չէ, իսկ ես մոռացված եմ հիշողությանս մեջ:

Դու նույնն ես, անցորդները քեզ չեն փոխել: Ես չկամ անցորդների հետ. էլի նույնն եմ ես:

Աշխարհում կան շատ ճանապարհներ, իսկ ճանապարհներում աշխարհներ՝ շատ քիչ:

Դու տգեղ ես, անսահման տգեղ, բայց դա ինձ չի խանգարել երբեք: Ես գեղեցիկ եմ, անսահման գեղեցիկ, իսկ դա քեզ խանգարեց:

Դու խոսում էիր ինձ հետ, ես՝ քեզ հետ: Մենք խոսում էինք այնքա՜ն հարմար, այնքա՜ն ճիշտ, այնքա՜ն հեշտ: Ես խոսում էի, հասկանու՞մ ես, ես խոսում էի, ինչպես ոչ միշտ, ինչպես երբեք:

Ես այն մեկն եմ, ում ձեռքը անդունդի եզրից չքաշեցիր ու կողքիդ չգցեցիր, թողեցիր գնամ ու դու մենակ մնացիր: Քո աշխարհը քանդել ինձնով դու չուզեցիր:

Դու չթողեցիր ինձ մոտ, դու ինձ չսպանեցիր: Ես քեզ չսպանեցի, որովհետև ուժ դու ինձ չտվեցիր, թույլ չտվեցիր: Դու մեռած ես երևի ու ապրել չուզեցիր:

Դու հորինվածք ես ու մի քանի րոպեներ: Ես խփնված եմ, որ գրում եմ քո մասին այսպես:

Դու կյանքից հոգնել ես ու այնքան պարզ ես այդպես: Ես այնքան դժվար եմ, բայց կյանքից չեմ հոգնել, կյանքն է ինձ ուժասպառ արել:

Ես թատրոն չգնացի էդպես էլ ու մոռացա  քեզ: Քանզի ես միայն ստեղծեցի շարունակություն ու չպահեցի այն, ինչ իրապես էր եղել:

Որովհետև դու ներկայացում ես ու անցորդ: Իսկ ես ուղղակի՝ անծանոթ: Իսկ թե նման ես ինձ, դու էլ ես իմ պես, ապա ես ֆիլմ եմ ու վեպիդ մի գլուխն արդեն: Տես, նույնիսկ սա՛ չգիտեմ:

Դու տեսնում ես ինձ քո գույնի մեջ: Իմ գույները կորչում են քեզ հետ:

Դու գտել ես ինձ քո հետ, ես փնտրում եմ քեզ իմ մեջ:

Դու չես լսում ինձ, բայց մտածում ես, որ տեսնում ես ու գիտես: Ես լսում եմ քեզ, բայց չեմ տեսնում ու չեմ էլ տեսնի երևի երբեք, որովհետև դու միշտ գիտես, իսկ ես՝ երբեք:

Դու հարվածներ ես ստանում բազում ու ինձ պատմում ես, թե հարցնեմ: Ես հարվածներ երևի նույնպես ստացել եմ, բայց այնքա՜ն կուզեի լռեիր ինձ լսելու պես ու երևի ես կխոսեի, երևի չէի գոռա հիմարի պես:

Դու քնքշանքս ու հանգիստս ես մեկ-մեկ:

Ես քեզ չեմ տա ինձ երևի երբեք:

դու՝ Դու, Ես ՝ ես: