ԳլխավորԼուր

Տնտեսագիտական մայր բուհում էսսեների մրցույթ է անցկացվել

Էսսեների մրցույթ ՀՊՏՀ-ում

Այսօր Տնտեսագիտական մայր բուհում հյուրընկալվել էին մայրաքաղաքի և մարզերի ավագ դպրոցների ավարտական դասարանների երեք տասնյակ աշակերտներ։ Պատանիները ՀՊՏՀ-ում էին՝ փորձելու իրենց ուժերը տնտեսագիտական էսսեների մրցույթում, որն անց է կացվում 3-րդ տարին շարունակ՝ ընդլայնելով աշխարհագրությունն ու մեծ թվով դպրոցականների ներգրավելով, հայտնում են բուհի լրատվական վարչությունից։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն Հայաստանում տնտեսագետ կադրեր պատրաստող հիմնական բնօրրանն է, ապա հավելեց, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն բուհ-դիմորդ կապն ամրապնդելու, այլ նաև աշակերտների կրթական մոտիվացիան բարձրացնելու տեսանկյունից: Ռեկտորը նաև տեղեկացրեց՝ հաղթելու և Տնտեսագիտական համալսարան ընդունվելու դեպքում մրցույթի առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։

Այնուհետև ռեկտորի մասնակցությամբ տեղի ունեցավ էսսեների թեմաների ընտրությունը (վիճակահանությամբ), որից հետո մասնակիցներն անցան ստեղծագործական աշխատանքի՝ «Ինչպես հզորացնել Հայաստանի մարզերի տնտեսությունը» կամ «Թղթադրամնե՞ր, թե՞ էլեկտրոնային փող։ Ո՞րն է վճարման նախընտրելի տարբերակը» թեմաներով։

Նշենք, որ տնտեսագիտական էսսեների հանրապետական մրցույթի հաղթողներին կորոշի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից բաղկացած հանձնաժողովը։ Գնահատելիս նախապատվությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք լավագույնս կարտացոլեն էսսեին ներկայացվող պահանջները՝ շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն։