ԳլխավորՓորձադաշտ

Կարելի՞ է արդյոք լինել այսքան մենակ. Գոք Մնացականյան

Երբ  բախտն է հղի՝
Նորաթուխ սիրո՜վ,
Առաջնեկ սիրո՜վ…

Էլ ի՞նչ կարիք կա, որ մենք մանրանանք
Մեր բառերի մեջ,
Եվ խոսքերի մեջ մեզ տկարացնենք…

Հասկանում ես դու,
Որ անկարող ենք բառերով մատնել,
Բառերով պատմել մեր զգացածը…

Եվ դրա համար, առանց բառերի հասկանալն արդեն դառնում է շնորհ,
Առանց բառերի
Հասկանալն ինքնին դառնում է տաղանդ։
Բայց արդյո՞ք մենք էլ տաղանդավոր ենք…

Որ իրար նայենք մեր խո՜ր աչքերով
Ու չշտապելով սեր խոստովանենք,
Այլև հասկանանք,
Խորհուրդը նրա…

Բայց արդյո՞ք մենք էլ,
Այդքան հմո՞ւտ ենք հասկանալու մեջ,
Որ իրար կարդանք առանց տառերի,
Հոգու թարգմանիչ հո մենք չե՞նք ծնվել։

Իսկ մենք փորձել ենք երկար տարիներ,
Մեր զգացածին կարել լոկ բառեր,
Մեր զգացածին տալ անպետք իմաստ։
Բայց արդյո՞ք մենք էլ լավ տարբերող ենք ,
Թե՞ անտարբեր էինք և ի սկզբանե։

Մենք ո՛չ էլ կարգին զանազանում ենք,
Սերը՝ սիրելուց,
Կարոտն՝ ատելուց,
Իրարը՝ մենքից։

Բայց բախտը էլի հղի է սիրո՜վ՝
Առաջնեկ սիրո՜վ,
Նորաթուխ սիրո՜վ…
Բայց արդյո՞ք մենք էլ բախտավորներ ենք …

***

Եվ պետք է, այո՛
Պետք է  սպանել կարոտը նաև,
Եվ որովհետև…
Եվ որովհետև նա գիտի միայն
Թուլությունը մեր…

Եվ պետք է, այո՛,
Պետք է և ջարդել նաև հայելին,
Քանզի նա գիտի՜,
Ու նա է միայն ճանաչում հենց մեզ…

Բայց կարո՞ղ ենք մենք,
Կարո՞ղ ենք արդյոք
Ձե՜ռք բարձրացնել,
Ա՜խ, այդ բաղձալի թուլության վրա…

***

Բայց կարելի՞ է արդյոք
Լինել այսքան մենակ,
Լինել այսքան անմեռ,
Այսքան համառ մենակ…
Առանց ոչ մի բառի,
Առանց խոսքի՝ անկամ։

Կարելի՞ է արդյոք,
Այսքան սիրո՜վ լեցուն,
Մենք դատարկվենք այսքան…
Անկարելի է…

Եվ էլ ի՞նչ անի հեռավորությունը,
Էլ ինչպե՞ս քավի  իր մեղքն աչքերից,
Մեր այսքան լեցուն,
Մեր  այսքան լի՜քը,
Խոնավ աչքերից։

Կարոտն իր մեղքը էլ ե՞րբ ընդունի,
Որ մեր սրտերում մենք ներենք նրան…

Թափուր է այնքա՜ն այս ժամանակը,
Այս եռուզեռոտ սուղ ժամանակը,
Քանզի մենք ենք  մենակ,
Այսքան համառ մենակ,
Այսքան անմեռ մենակ…

Ցավն իր գլուխը վեհ,
Ինչպե՞ս կախի ասա՛,
Ինչպե՞ս կախի մեր  դեմ,
Ինչքան…  ինչքա՞ն, ասա՛,
Ինչքան խնդրի ներում
Այս տառապանքը մեզ,
Որ մենք  ներենք նրան..

Քանզի մենք ենք  մենակ,
Այսքան համառ մենակ,
Այսքան տոկուն   մենակ…

Մի՞թե բախտը այդքան
Արժան չեղա՜վ հենց մեզ ,
Որ մենք նրան հայտնենք,
Գեթ մեկ անգամ հայտնենք.
Շնորհակալ եմ քեզ…

ԳՈՔ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տեղեկանք. Գրիգոր (Գոք) Մնացականյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում։ Ավարտել  է տեղի միջնակարգ ու երաժշտական դպրոցները։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։

Սկսել է ստեղծագործել 2016 թվականից (արձակ և չափածո)։ Տպագրվել է 2 համահեղինակային գրքերում։

«Փորձադաշտ» խորագրի այլ նյութերը՝ այստեղ