ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ հաստատելու և զարգացնելու գիտակրթական փոխգործակցություն՝ նպաստելով էներգետիկ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, հայտնում են Մայր բուհից։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ նշեց, որ երկու կառույցների փոխգործակցությունն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում ատոմային էներգետիկայի դերը։
ՀԱէԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, խոսելով ընկերության գործունեության, ընթացիկ աշխատանքների ու զարգացման հեռանկարների մասին, փաստեց, որ ԵՊՀ-ն կադրերի պատրաստման կարևոր դարբնոցն է, և այդ տեսանկյունից համագործակցությունն իրապես կարող է արդյունավետ լինել ու նպաստել երկրի համար կարևոր ոլորտի զարգացմանը։
Այսօր ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստման, ՀԱԷԿ-ի աշխատակիցների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների իրականացման, գիտական համատեղ միջոցառումների ու հետազոտությունների անցկացման ուղղությամբ։
Բացի դրանից՝ ստեղծվելու են բոլոր պայմանները՝ ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները ՀԱԷԿ-ում արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար, նորացվելու և համալրվելու են համապատասխան մասնագիտական լաբորատորիաները և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող են իրագործվել փոխգործակցության շրջանակում և նպաստել համատեղ նպատակներին հասնելուն։