Ներկայացնում ենք բանաստեղծ, արձակագիր, ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի ստեղծագործություններից։
ՏՐՈՓՅՈՒՆ
Ժամանակը տրոփում է դանդաղ, հուսահատ,
Մեռնող ստվերի աչքի մեջ գունատ,
Անկողնում` անքուն կնոջ կողքին
Մլավում է կատուն, ցատկում հատակին։
Հազարավոր կիսախարխուլ մեկնություններ,
Ել ու մուտ են անում փողոցում,
Ելնելով` իջնում, առնելով` ծախում,
Զավթում մութ օրեր, անդեմ տարիներ։
Արևն արցունքի մեջ է ներծծվում,
Զրահամեքենաներ են փողոցում շրջում,
Ագռավն սպիտակում է, մարդը` սևանում։
Ժամանակը տրոփում է դանդաղ, հուսահատ,
Մեռնող ստվերի աչքերի մեջ գունատ,
Մի մանուկ աչքերը բացեց, երազեց, անցավ։
ԴԱՐՊԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Մի ստվեր կանգնել, սպասում է վաղուց
վեր խոյացող ժանգոտ դարպասների դիմաց,
որոնց պատերին փակցված է մեկ այլ անվան ստվեր,
քամին անփութորեն շարժում, այս ու այն կողմ է նետում
երկու արտացոլանքների միջև ընկած կյանքը,
թվում է՝ ուր որ է կկոտրվեն հիշողության բոլոր ապակիները,
և մի կորած անցորդ փողոցում թափ կտա ուսերի ժանգը,
խաչակնքվելու համար վեր պարզած ձեռքերը
կմոտեցնի դեմքին, կհանի երկաթե դիմակը,
տուն կդառնա նորածնի պես` երկինքը հոգու մեջ…
Գիշերն իջնում, թանձրանում է դարպասների վրա,
ստվերները բարձրանում, ծածկում են կյանքը,
անցորդը ծնկում, երկու ձեռքով շոյում է երկաթե դիմակը,
և դառնում` սեփական անկման առաջին ականատեսը…
***
Կայծակը երկնքի կոկորդում խրված դանակ,
այդ օրը անձրևը գալիս էր արյունի պես
ամպի բաց վերքից,
փողոցները ջրասույզ էին լինում,
ծխախոտի մնացորդները ալիքի հետ բարձրանում
և թվում էր՝ ուր որ է կծածկեն իրենց ծնող մարդկանց…
Պատուհանների ետևում,
ծանր լռության մեջ,
հազարավոր աղվամազե երազանքներ են լողում
ափսոսանքի թաց անկողիններում,
իսկ ժամանակը իր ուռկանը նետել է
կյանքի օրեցոր ցամաքող լիճը
և ձկնորսի համբերությամբ սպասում է…
Անձրևը չի դադարում,
քամին արձակում է ուռենու մազերը,
ափդ ձեռքիս մեջ տրոփում է
երեխայի սրտի պես,
վարդից բույր է ընկնում օձիքիս,
աչքիցդ լույս` վարդի կարմիր սրտի մեջ…
Հետո ձեռքերիդ կանթեղների մեջ
իրիկունը վառում է լուսնի պատրույգը,
երազս պառկում է մանուշակի թերթիկի մեջ
և սովորականի պես բաց է թողնում դուռը…
Իմ երազի մեջ մնում է քո բառերի ոտնահետքը,
որոնք լռել ես ինքդ քեզ,
և չես ասել իմ ներկայությամբ երբեք…
***
Երկար ժամանակ բարձիցս շարական էր լսվում,
հետո անունդ հանեցի բարձիս տակից,
կախեցի պատուհանից,
որ յասամանն էլ քեզ լսի…
Հիմա վաղ եմ արթնանում,
գրասեղանից հավաքում եմ փշուրներս
և օրս սկսում եմ շարականից,
որ ամեն օր մոռանաս ինձ…
Երբ դուրս ես գալիս տնից,
յասամանից շարական է հնչում,
երգի միջով ես անցնում աշխատանքի գնալիս…
***
Ես կարող եմ քեզ ցույց տալ
թանգարաններ, հուշարձաններ,
որոնք մարդիկ են եղել,
սակայն չես կարող սեղմել
նրանցից ոչ մեկի ձեռքը,
ժամանակը նրանց ձեռքերը օդում է թողել,
որ կարողանա նրանցից
թանգարաններ և հուշարձաններ կերտել․․․
Ես կարող եմ քեզ ցույց տալ
խիտ բնակեցված
մարդկանցից դատարկ փողոցներ,
որոնք սպանել,
հետո վերցրել և ապրում են
սպանվածների անուններով․․․
Ես կարող եմ քեզ ցույց տալ
միևնույն ուղղությամբ քայլող
հազարավոր մարդկանց,
ովքեր իրենք իրենց կիսանդրին են դարձել,
և կարող եմ երկար բարակ պատմել
մահվան մասին,
որ համոզվես ինքդ քո միակ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ լինելու մեջ․․․
***
Ծննդյան տոներին
միմյանց նվեր ընտրելու համար
գնումների գնացինք…
Ես ողջ օրը
քեզ համար թևեր փնտրեցի,
և այդպես էլ չգտա…
Դու մի քանի րոպեում,
ինձ համար գեղեցիկ
ձեռնաշղթաներ ընտրեցիր…