ԳլխավորՄի կտոր գիրք

Հերման Հեսսե. «Դեմիան» (հատվածներ)

Հերման Հեսսե, «Դեմիան»

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946) Հերման Հեսսեի (2.07.1877-9.08.1962) «Դեմիան» վեպից։

***

Եթե դու այսօր այդ երկու ավազակներից մեկնումեկին պարտավորված լինես որպես ընկեր ընտրելու կամ մտաբերելու լինես, թե այդ երկուսից որ մեկին դու ավելի շուտ կկարողանաս վստահել, ապա, անշուշտ, համենայնդեպս ոչ այդ դարձի եկած լալկանին։ Ոչ, դա հաստատապես այն մյուսը կլինի, նա մի իսկական տղա է և բնավորությամբ է օժտված։ Նա թքած ունի այդ դարձի վրա, որ ներկա վիճակում լոկ մի գեղեցիկ խաբկանք կարող էր լինել, նա իր ճանապարհը մինչև վերջ է գնում ու ամենավերջին ակնթարթին վախկո տի պես չի հրաժարվում սատանայից, որը մինչև այդ պահը պետք է որ իրեն օգնած լիներ։ Նա բնավորությամբ է օժտ­ված, իսկ բնավորության տեր մարդիկ աստվածաշնչյան պատմության մեջ հազվադեպ և այն էլ շատ կարճ ժամա­նակով են հայտնվում։

***

Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն, ձգտում է այդպիսին դառնալ՝ անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք՝ ով ինչպես կարող է։ Յուրաքանչյուրն իր մեջ կրում և մինչև օրերի վախճանն իր հետ տանում է նախածին, վաղնջական անդրաշխարհից ժառանգած իր ծննդյան մնացորդները, լորձունքախորխն ու ձվակճեպը։ Ոմանք երբեք մարդ չեն դառնում, մնում են գորտ, մնում են մողես, մնում են մրջյուն։ Ոմանք էլ վերևում մարդ են, իսկ ներքևում՝ ձուկ։ Սակայն յուրաքանչյուրը բնության մի-մի նետվածքն է՝ մարդուս նախապատկերին նմանակող։ Մեր բոլորիս ծնունդները ընդհանուր են՝ մայրերը, մենք բոլորս ծագում ենք միևնույն անդնդախոր երախից, սակայն յուրաքանչյուրս, խորխորատներից սերած փորձն ու նետվածքը, ձգտում է դեպի իր սեփական նպատակները։ Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ։

***

Հին և Նոր Կտակարան­ների այդ ողջ Աստված կոչվածը, ճիշտ է՝ թեև հրաշալի մի կերպար է, բայց այն չէ, ինչը նա իսկապես պետք է ներկայացներ։ Նա ամենաբարին է, ազնիվը, հայրականը, գեղե­ցիկն ու նաև բարձրը, զգայացունցը, միանգամայն ճիշտ է… Բայց աշխարհը նաև ուրիշ բաներից էլ է բաղկացած։ Հիմա այդ բոլորը պարզապես սատանային են վերագրվում, և աշխարհի այդ ողջ մնացյալ մասը, այդ ողջ հատվածը կամ կեսը թաքցվում է ու քար լռության մատնվում։

***

Դու գիտեիր, որ քո այդ «թույլատրելի աշխարհը» աշխարհի միայն մի կեսն է, և դու փորձել ես նրա երկրորդ կեսը թաքցնել քեզանից, ինչպես քահանաներն ու ուսուցիչներն են անում։ Սա քեզ երջանկություն չի բերի… Դա չի երջանկացնի և ոչ ոքի, հենց որ նա միայն մեկ անգամ այդ մասին մտածել սկսի:

***

Երբ մենք ատում ենք մի մարդու, ապա ի դեմս նրա մենք ատում ենք մի բան, որը նաև մեր մեջ է նստած։ Այն, ինչը մեր մեջ չկա, այն մեզ չի հուզում կամ վրդովում։

***

Իմ պատմությանն անելու համար ես պետք է շատ հեռվից սկսեմ։ Հարկ կլիներ, եթե ինձ հնարավորություն ընձեռվեր, շատ ավելի հեռուն ետ գնալ, մինչև իմ մանկության ամենաառաջին տարիները և դեռ նրանցից էլ դենը՝ ետ դեպի իմ ծննդյան հեռաստանը։ Բանաստեղծները, երբ նրանք վեպեր են գրում, աշխատում են այնպես անել, որ ասես իրենք Աստված լինեն և ի զորու՝ որևիցե մարդու պատմությունն ամբողջության մեջ մի հայացքով ընդգրկել ու ըմբռնել և բանն այնպես ներկայացնել, որպես թե Աստված ինքն այն պատմելիս լիներ, առանց դույզն-ինչ շղարշաքողի, ամեն ինչում իմաստահեղց ու ըստ էության։ Այդ ես չեմ կարող, այն նվազագույնը, որ բանաստեղծներն են կարողանում։ Իմ պատմությունը, սակայն, ինձ համար շատ ավելի կարևոր է, քան որևիցե բանաստեղծի համար իրենը, որովհետև այն իմ սեփականն է և պատմությունն է կոնկրետ մարդու, ոչ մտացածին մեկի, հնարավոր, կատարյալ կամ որևիցե այլ կերպ գոյություն չունեցողի, այլ մի իրական, իր եզակիության մեջ միանգամյա, կենդանի մարդու։ Ի՞նչ է դա՝ իսկապես ապրող մարդը, այսօր այդ մասին, արդարև, ավելի քիչ գիտեն, քան երբևիցե, ուստի և նույնիսկ բոլոր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը բնության մի-մի մեծարժեք, եզակի միանգամյա փորձն է, հատկացնում են մեռածների բազմությանը։

***

Այսօր էլ յուրաքանչյուր ոք կարող է մի կնոջ հետ քնել, եթե միայն նրանք քահանայի մոտ են եղել ու ամուսնացել են իրար հետ։ Ուրիշ ժողովուրդների մոտ այլ պատկերացումներ են իշխում, նույնիսկ այսօր։ Այդ պատճառով էլ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի ինչն է թույլատրված և ինչն արգելված, իրե՛ն արգելված։ Մարդս երբեք չի կարող արգելված մի բան անել, դա միայն մեծ սրիկաները կարող են իրենց թույլ տալ։ Ու նաև հակառակը։ Իրականում ասած՝ դա ընդամենը հարմարության խնդրին է առնչվում… Ում ավելի հարմար է գալիս, որ ինքը մտածի և ինքը լինի իր դատավորը, նա իրեն հենց արգելվածին է կապում, նրանց, որոնք այժմ են այդպիսին համարվում։ Նա դրանից թեթևացած է զգում իրեն։ Մյուսներն իրենք են իրենց մեջ պատվիրաններն զգում, նրանց արգելված են բաներ, ինչ ամեն ազնիվ մարդ անում է ամեն օր, և թույլատրված են այլ բաներ, որոնք սովորաբար անթույլատրելի են համարվում։ Ամեն ոք պետք է ինքն իր համար որոշի։

***

Դրա դեմ ես, սակայն, մի շատ պարզ միջոց ունեի։ Ամեն անգամ ես ամուր սևեռումով նայում էի նրա աչքերի մեջ։ Դա գրեթե բոլոր մարդիկ էլ դժվար են տանում։ Նրանք անհանգիստ են դառնում։ Երբ դու ինչ-որ մեկից մի բանի հավակնությունն ունես և անսպասելիորեն համառությամբ աչքերի մեջ ես նայում, և նա բնավ անհանգստության նշաններ ցույց չի տալիս, ապա ուրեմն թող… Դու նրա նկատմամբ ոչնչի չես հասնի, երբեք… Բայց դա շատ հազվադեպ է պատահում։