ԳլխավորՄի կտոր գիրք

Յանուշ Կորչակ. «Ինչպես սիրել երեխային»

Այսօր ազգությամբ հրեա՝ լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակի (22.07.1878-7.08.1942) ծննդյան օրն է։ Նա սպանվել է ֆաշիստների կողմից՝ մերժելով իր ղեկավարած մանկատան երեխաներին լքելու բոլոր առաջարկները։

Ներկայացնում ենք մի քանի մտքեր նրա «Ինչպես սիրել երեխային» գրքից։

***

Վախենալով, որ մահը կարող է խլել մեզնից մեր երեխային, մենք խլում ենք նրան կյանքից. չցանկանալով, որ նա մահանա, չենք թողնում, որ երեխան ապրի։

Մանկական «Սա ի՞նչ է» հարցը նշանակում է՝ ինչպիսի՞ն է այն, ինչի՞ համար է, ի՞նչ օգուտ կարող է ինձ լինել դրանից։

Համառության եւ կամակորության արցունքները անզորության եւ խռովության արցունքներ են, բողոքի հուսահատ փորձ, վկայություն այն բանի, որ երեխային անմտորեն նեղում եւ ստիպում են, վատ ինքազգացողության եւ տառապանքի արտահայտութուն։

Անսովոր լինելով ցավին, վիրավորանքին, անարդարությանը՝ երեխաները տանջվում են ու այդ պատճառով էլ՝ հաճախ լաց լինում, բայց երեխայի նույնիսկ արցունքները հումորային դիտողությունների առիթ են դառնում, թվում են անկարեւոր, հաճախ էլ զայրացնում են։

Երեխաներն անխելք չեն. հիմարները նրանց մեջ ավելի շատ չեն, քան մեծահասակների շարքերում։

Ժամանակակից ողջ դաստիարակությունն ուղղված է նրան, որ երեխան դառնա հարմար, հետեւողականորեն, քայլ առ քայլ ձգտել քնեցնել, ճնշել, ոչնչացնել այն ամենը, ինչ կազմում է երեխայի կամքն ու ազատությունը, նրա ոգու ամրությունը, նրա պահանջների ուժը։

Սկզբունք. երեխան պետք է ուտի այնքան, որքան ցանկանում է, ոչ ավել, ոչ պակաս։

Երեխան նման է օտարերկրացու, նա լեզուն չի հասկանում, չգիտի փողոցի ուղղությունը, չգիտի օրենքներ ու սովորույթներ։ Երբեմն գերադասում է ինքը շուրջը նայել, դժվար լինի՝ խորհուրդ կհարցնի։ Անհրաժեշտ է զբոսավար, որը քաղաքավարի կպատասխանի հարցերին։ Հարգեք նրա անգիտությունը։

Մենք միամտորեն վախենում ենք մահից, չգիտակցելով, որ կյանքը մեռնող ու կրկին ծնվող ակնթարթների շուրջպար է։

Comment here