ԳլխավորՄի կտոր գիրք

«Այ քեզ Հայաստան». Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

Այսօր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի (18.07.1938-21.08.2017) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատված նրա «Արշակ Երկրորդ» վեպից։

***

Վասակը գլուխը թափ տվեց ու շարունակեց քայլել պալատի դատարկ միջանցքներով։ «Այ քեզ Հայաստան»,-ինքն իրեն ժպտաց սպարապետը։ Եթե նրան հարցնեին, թե ինչ բան է Հայաստանը, նա, առանց երկմտանքի, կվերապատմեր այս խոսակցությունը։ Կվերապատմեր բառ առ բառ։ Չավելացնելով ու չպակասեցնելով ոչինչ։ Ամենքն ամեն ինչ գիտեն։ Գիտեն, թե ով է գահ ստանում եւ ով է գահից զրկվում։ Թե ով ումից հետո է նստելու տաճարում։ Ում հողն են բռնագրավելու եւ ում են նվիրելու։ Որ մեղքի եւ որ ծառայության համար։ Ով ինչքան հարկ է տալիս։ Ով ում է պարտք։ Եվ ինչքան է պարտք։ Ում բերքն է այս տարի առատ, ումը՝ սակավ։ Ով ում հետ ինչ խոսեց, որտեղ խոսեց, որ թփի մոտ, որ ժայռի տակ, որ պատի կողքին։

Ամե’ն ինչ գիտեն։ Գիտեն նույնիսկ, թե ում մտքին ինչ կա։ Քո մասին գիտեն նաեւ այն, ինչ ինքդ դեռ չգիտես։ Ամե~ն ինչ գիտեն, ամե’ն ինչ։ Եվ իմանալը ամեն մեկն իր իրավունքն է համարում։  Ոչ ոք չի հանդգնում ժխտել, որ շինականը շինական է, կրտսեր նախարարը՝ կրտսեր նախարար, ավագ նախարարը՝ ավագ նախարար, արքան՝ արքա։ Չէ, ոչ ոք չի ժխտում։ Բայց մտովի, ո’չ ոք մտովի չի ընդունում այդ սահմանը։  Մտքով ամեն մեկը սեղան է նստում արքայի հետ։ Խորհուրդներ տալիս նրան։ Սովորեցնում, թե ինչ պետք է անի։ Ում պետք է քշի պալատից եւ փոխարենը ում բերի։ Եվ մտքում որոշածը տարածում է անմիջապես, եւ ամեն օր մի նոր լուր է ծնվում ու շրջում երկրով մեկ։

Ա’յ քեզ Հայաստան։ Բոլորը ճանաչում են իրար, բոլորը ազգական են միմյանց, խնամի, բարեկամ, հարեւան։ Բոլորը քեֆ են արել իրար հետ, թաս բարձրացրել, կենաց ասել, գովել, փառաբանել միմյանց, ամուսնացել իրար հետ, երեխաներ բերել, հետո այդ երեխաներն են իրար առել, բազմացել, ցրվել տարբեր գավառներ, եւ նրանց թվացել է, թե շատ են իրարից հեռացել, բայց ինչքան էլ հեռացել են, ընդամենը մի քանի օրվա ճամփա է բաժանել նրանց։

Comment here