ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Սիրային բանաստեղծություններ՝ Սիրահարների օրվան ընդառաջ

Փարիզ, սիրահար զույգ, Էյֆելյան աշտարակ

Առաջին սերը – անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
չի ծերացել բոլորովին:

Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:

Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում:

Հովհաննես Գրիգորյան

Սիրում եմ քեզ…
անհասկանալի
չխոստովանվող
իրարամերժ։

Սիրում եմ քեզ…
բոլոր հոգեվիճակներովս
որոնք շատ են
որ շարունակ փոխվում են
թե ինչու` ինքդ գիտես
ժամանակը, կյանքը, մահը։

Սիրում եմ քեզ…
աշխարհով,
որ չեմ ընկալում
մարդկանցով,
որոնց չեմ հասկանում
հոգուս երկվությամբ
արարքների հակասությամբ
տրված ճակատագրով
թաքուն ցանկությամբ
երկիմաստ փաստերով։

Նույնիսկ երբ ասում եմ
թե քեզ չեմ սիրում
սիրում եմ քեզ
նույնիսկ երբ խաբում եմ քեզ
քեզ չեմ խաբում
իրականում այդպես
քեզ ավելի եմ սիրում։

Սիրում եմ քեզ
առանց մտորելու
անգիտակցաբար
առանց պատասխանատվության
ինքնաբերաբար
ակամա
բնազդաբար
հախուռն
չկշռադատված։

Իրականում չունեմ
տրամաբանական փաստարկներ
ոչ էլ նույնիսկ հանպատրաստից
հիմնավորելու այս սերը
որ զգում եմ քո հանդեպ.
որ ծագեց ոչնչից
խորհրդավոր ձևով
որ ոչնչի չհանգեց
կախարդական ձևով
բայց որը քիչ-քիչ և հրաշքով
իմ մեջ վատը լավ դարձրեց։

Սիրում եմ քեզ…
սիրում եմ մարմնով,
որ չի մտածում
սրտով, որ չի կշռադատում
մտքով, որ չի համակարգում։

Սիրում եմ քեզ…
անհասկանալի
առանց ինքս ինձ հարցնելու
թե ինչու եմ սիրում
կարևորություն չտալով
թե ինչու եմ սիրում
իմ առջև հարց չդնելով
թե ինչու եմ սիրում։

Սիրում եմ քեզ
պարզապես
որովհետև սիրում եմ։

Պաբլո Ներուդա

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Վահան Տերյան

Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։

-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։

Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։

Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
—  Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։

—  Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա’վ է, բայց…

Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից…».
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում…
—   Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

Արթյուր Ռեմբո

Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու…
Հաշտվել էի քո մեղքի հետ,
Բայց ուժ չկար քեզ ներելու:

Քո հայացքից նայում էր ինձ,
Մի անհանգիստ հանդարտություն,
Եվ զանգն արդեն մի մեղավոր
Հաշտությամբ էր մեզ անջատում:

Եվ ժպիտ կար քո աչքերում,
Եվ տագնապ կար ուղևորի,
Եվ դողում էր քո շուրթերին
Թաքուն մի ահ մեղավորի…

Դու ինձ թողել էիր մենակ,
Նորից գնում էիր հեռու…
Գնում էիր մեր դաշինքի
Խոսող հավատը բերելու:

Համո Սահյան

Սի՛րտ իմ, ասա՛ ինձ, ի՞նչ է պատահել,
Ի՞նչն է անդորրդ այսպես խաթարել,
Եվ կյանքը ուրիշ դռներ է բացում
Ես էլ արդեն քեզ է՛լ չեմ ճանաչում։

Անցա քո սիրած ճանապարհներով,
Անցա տխրության մութ ուղիներով,
Ջանք ու հոգնություն եկան ու անցան,
Մեզ հետ քայլեցին ու լուռ հեռացան։

Քո ջահել հոգում դաջվել է գուցե
Այդ կույսի չքնաղ պատկերը լուսե,
Նրա հայացքին դարձել ես գերի․
Քաղցր տանջանք է լույսն այդ աչքերի։

Ուզում եմ փախչել, չլինել գերի,
Վազում եմ հեռու, ուր ճամփան տանի…
Ուր էլ որ գնամ, էլի՛ նրա մոտ
Ինձ պիտի տանեն ճամփեքը փոշոտ։

Կապված եմ արդեն ես անտես թելով
Ես այդ թելերը կպահեմ սիրով։
Թո՛ղ այդ կույսը ինձ շղթայի ամուր,
Թո՛ղ մարեմ նրա աչքերում լազուր։

Եվ կախարդական իմ շղթաներով
Ուզում եմ քայլել այս ճամփաներով․
Ինչպե՞ս ազատվեմ ես այս կապանքից
Ա՜խ, սե՛ր, արբել եմ նրա նազանքից։

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…

Պարույր Սևակ

Ես քեզ գտնում եմ իրերում բոլոր,
որոնց եղբայրն եմ ես այս աշխարհում,-
դու չնչիններում սերմն ես խորախոր
և մեծերում` մեծ նվիրաբերում:

Ուժերի հրաշք խաղն է մեզ բացվում`
տրված իրերին ի ծառայություն.
արմատի մեջ` աճ, բնում` չքացում
և սաղարթի մեջ` ասես հարություն:

Ռայներ Մարիա Ռիլկե

— Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր. —
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:

Եղիշե Չարենց

Միրաբոյի հին կամրջի տակով հոսում է Սենան
Եվ սերերը մեր:
Արդյոք պե՞տք է, որ հիշեմ անպայման՝
Միշտ տառապանքից հետո էր ժպտում պահը խնդության:
Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Ձեռքեր ձեռքերում մնանք դեմ դիմաց,
Մինչ մեր թևերի
Կամրջի տակով թող հոսի կամաց
Հավիտենական նայվածքների լուռ ալիքը հոգնած:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:
Սերն է հոսում, ինչպես այս ջուրը անկանգ,
Սերն է հոսում:
Ինչքա՜ն դանդաղ են օր ու կյանք,
Եվ հույսն ինչքա՜ն մոլեկան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:
Անցնում են օրեր, շաբաթներ այնքան,
Սակայն ո՛չ նրանք,
Ոչ էլ սերերը վերստին կգան…
Միրաբոյի հին կամրջի տակով հոսում է Սենան:

Թող գա գիշեր: Հնչի ժամ:
Օրերն անցնեն: Ես դեռ կա՛մ:

Գիյոմ Ապոլիներ

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի

Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
Ու չէր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
Ուխտավորի սիրով ու սրբությամբ:

Ուրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
…Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
Ու անձրևն էր լալիս մեղմ ու տխուր…

Վահագն Դավթյան

Ես խմում եմ քանդված իմ տան
Ու ձախողակ բախտի համար,
Մեր համատեղ այս մենության
Եվ, իհարկե, հենց քեզ համար:
Ինձ դավաճան շրթունքների
Ու աչքերի համար մռայլ,
Նրա համար , որ ցավերիս
Տերը հարմար ճար չգտավ:

Աննա Ախմատովա

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արևը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն:
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում.
Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ:
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու:

Սիլվա Կապուտիկյան

Դու մերժեցիր ինձ, չըկանչեցիր ետ:
Եվ անցան տխուր, տարիներ տխուր.
Եվ հեռվից վախով, հույսերից թափուր,
Նայում էի քեզ, մենակ վշտիս հետ:

Օրերս շքեղ չքացան անհետ,
Բայց մի վայրկյանը քո կախարդ գրկում,
Մի վայրկյանը սոսկ` խրթին ու անհուն
Ժամանակս անցած` կդարձնե ինձ ետ:

Ավետիք Իսահակյան

Դու ինձ չե՞ս սիրում, չե՞ս խղճում, ասա
Մի՞թե սիրուն չեմ այդքան, սիրելիս,
Դողում ես կրքից դեմքս չտեսած,
Ձեռքերդ դնում հոգնած ուսերիս:

Քեզ հետ կոպիտ չեմ, և կամ էլ քնքույշ,
Դու դեռ ջահել ես, նրբին քո դնչով,
Քանի՞ շուրթեր ես, ասա ինձ, հիշում,
Քանիսի՞ն ես դու գերել տաք շնչով:

Ես գիտեմ, նրանք ստվերների պես
Անցան, չդիպան հոգուդ կրակին,
Շատերին ես դու անցյալում գրկել,
Ինչպես նստել ես հիմա իմ ծնկին:

Ոչինչ, որ փակ են աչքերդ սիրուն,
Որ ուրիշին ես հիշել դու կրկին,
Ես էլ, ճիշտն ասած, քեզ շատ չեմ սիրում,
Ես էլ եմ հիշել հեռավոր մեկին:

Այս սիրախաղը բախտ մի համարիր,
Կրքի հանգույցը խախուտ է այնքան,
Ինչպես որ հանկարծ քեզ հանդիպեցի,
Հեռանալիս էլ հանգիստ կժպտամ:

Ու գորշ օրերիդ փոշիների մեջ
Դու էլ կքայլես քո ճանապարհով,
Չդիպչես նրանց, որ անմեղ են դեռ,
Չխաբես նրանց կրքերիդ խաղով:

Ու օրից մի օր հեռու նրբանցքում
Երբ սեր կբացես անծանոթ մեկին,
Գուցե ես կանցնեմ անտարբեր քայլքով
Ու կհանդիպենք մենք իրար կրկին:

Եվ երբ թևանցուկ անցնեք իմ կողքով,
Կհակես ներքև գլուխդ մի քիչ
Ու կամաց կասես. «Բարի երեկո»,
Կպատասխանեմ՝ «Բարև ձեզ, տիկին»:

Ոչինչ այլևս չի հուզի հոգիս
Ու չի հրդեհի կրակով անցած,
Որ այրվեց արդեն, չի այրվի կրկին,
Չի սիրի նորից, ում սերը անցավ:

Սերգեյ Եսենին

Եթե հիշեիր դու ինձ,
Կողք-կողքի կանգնած
Կճանապարհեինք հեռավոր նավերին
Եվ արծաթե ձկներ կորոնեինք ջրերի մեջ։

Եթե հիշեիր դու ինձ,
Մանրիկ ավազների վրա կփռեինք մեր անցյալը
Կքայլեինք փշրվող ալիքների երկարության
Եվ մեր հիշողության լաստը կսահեր
Պատանեկան անուրջների միջով։

Իսկ հետո,
Երբ ձայնս քսվեր աչքերիդ փայլին,
Եվ կրծքիդ թափվող
Տերևներ դաոնային շուրթերս, —
Կխնդրեինք մեր ձեռքերին,
Որ միանան։
Եթե հիշեիր դու ինձ…
Եթե հիշեիր դու ինձ…

Հրաչյա Սարուխան

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

Հուսիկ Արա

Դու ինձ գրկեցիր ամուր եւ ամուր,
Ինչ-որ կյանք առավ երազը, սուտը,
Մեր միջեւ մութը ճմլվեց, ճչաց,
Եվ աչքերիս դեմ փշրվեց մութը:
Փշրվեց, ընկավ մեր ոտքերի դեմ,
Իսկ մենք նայեցինք համր ու զարմացած,
Թե ինչպես այդքան աստղեր, երազներ
Երկնքից հանկարծ շառաչել են ցած:

Ռազմիկ Դավոյան