ԳլխավորՄի կտոր գիրք

«Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց…». Արթյուր Ռեմբո

Ներկայացնում ենք ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոյի (Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո, 20 հոկտեմբերի, 1854-  10 նոյեմբերի, 1891) ստեղծագործություններից։

ԱՌԱՋԻՆ   ԵՐԵԿՈՆ

(երեք համբույրի կատակերգություն)

—  Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։

-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։

Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։

Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
—  Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։

—  Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա’վ է, բայց…

Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից…».
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում…
—   Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամռան կապույտ գիշերին շավիղներով կգնամ՝
Ծակծկվելով հասկերից, ճզմելու արտը խոտի,
Անրջելով՝ ոտքերիս նրա զով շունչը կզգամ
Եվ կթողնեմ, որ քամին մազերը իմ շաղոտի։

Կքայլեմ ես միայնակ, լուռ ու առանց խորհելու,
Սակայն սերը անսահման կհամակի իմ հոգին,
Գնչուի պես կգնամ ես միշտ հեռու, միշտ հեռո՛ւ
Ու կգրկեմ երջանիկ Բնությունը, որպես կին։

ՆԻՆԱՅԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՏՂԱՆ  –
……………………………………
Կուզե՞ս կուրծքս կրծքիդ վրա
Քայլենք անվերջ
Կապուտաշող առավոտվա
Շողերի մեջ,
Որ կցողեն գինու նման
Դեմքերը մեր…
Երբ անտառն է հեղում համայն
Համըր մի սեր
Ամեն ճյուղից ու բողբոջից,
Ցողից կանաչ,
Սարսռում է օդի մեջ ջինջ

Մարմինը բաց :
Դու կփռես առվույտի մեջ
Շորդ ճերմակ,
Կշողացնես սև ու անշեջ
Աչքդ կրակ.
Սիրահարված ու երջանիկ
Կտարածես
Քո խենթ ծիծաղը շամպայնի
Փրփուրի պես.
Եվ կսկսես դու ինձ ծաղրել`
Հաբած ուժգին,
Ես էլ ուժով կուզեմ քաղել
Քո շրթունքի
Բույրը մոշի ու ելակի,
Դու կծաղրես
Գարնան քամուն, որ կգրկի
Քեզ գողի պես,
Մասրենուն, որ գգվանքով
Կտաջի քեզ,
Եվ հատկապես սիրածին քո
Կծանակես…
Դու տասնյոթ տարեկան ես,
Կերջանկանաս,
Ահա դաշտերը սիրակեզ.
Դե ի՞նչ, կգա՞ս…
Կուզե՞ս կուրծքս  կրծքիդ վրա,
Զրուցելով,
Քայլենք դանդաղ, մտնենք ապա
Անտառը զով…

Եվ աչքերը քո կիսաբաց,
Մեռյալի պես,
Իմ թեվերին` ընդարմացած
Դու կպառկես…

Եվ կտանեմ  քեզ ժպպտադեմ,
Իմ թեվերին,
Կերգի հավքը իր անդատեն`
«Կաղնիներին» …

Կկռանամ ես քո  դեմքին,
Քեզ պինդ գրկած,
Ինչպես քնած երեխային,
Գինովացած

Քո արյամբ, որ հոսում է տաք
Մաշկիդ ներքո,
Կասեմ խոսքեր ես համարձակ
Ականջին քո…

Անտառը իր հյութը կզգա,
Արեգակի
Շողքը վառման
Նրան կտա երազ ոսկի:

………………………………………

Տուն կդառնանք երեկոյան
Ծանոթ ճամփով,
Ինչպես հոտն է թողնում դժկամ
Հանդ ու արոտ:

Չորս կողմը խոտն է կապտաթույր
Ու անխռով,
Եվ այգիներն են` քաղցրաբույր
Խնձորներով:

Կիսամութին մենք գյուղ կգանք
Լուռ, հոգնաբեկ,
Կաթնեղենի հոտը կզգանք
Ամենուրեք,
Կզգանք օդի մեջ` գոմերի

Բույրերը տաք,
Կլսենք հևքը կովերի,
Եվ լուսնի տակ

Նրանց մազեղ մեջը կոպիտ
Մենք կտեսնենք.
Ամեն քայլի կկոռոպի
Գոմեշը սեգ…

Հետո` ակնոցը տատիկի,
Քիթը երկար`
Գրքի վրա,գարեջրի
Խըցված  տակառ,

Նաև`ծխի ամպեր կապած
Ծխամորճներ,
Եվ ծխահոտ շուրթեր կախված,
Որ անհամբեր

Վերջ են տալիս խոզապուխտին
Ագահաբար,
Իր ցոլքերն է սփռում  չորս դին
Կրակը վառ:

Մի մանուկի հետույքը գեր
Ու շողարձակ,
Որ ամանի մեջ է խցկել
Դեմքը ճերմակ.

Գռմռում է կողքին մի շուն
Մեծ, պատվավոր,
Որ քսվում է նրան, լիզում
Թուշը կլոր…

Մռայլ, նստած աթոռակին
Մի անկյունում
Սարսափազդու մի պառավ կին
Թել է մանում…

Եվ կտեսնենք,սե’ր իմ, էլի
Բաներ այնքա՜ն,
Երբ կրակը լուսավորի
Դուռ, պատուհան…
-Հետո թփի տակ մի փարթամ
Յասամանի

Մեզ թաքնված մի պատուհան
Աչքով կանի…

Կգա~ս,կգա~ս, սիրո’ւմ եմ քեզ,
Իմ բարձրահո′ն,
Կգաս, չէ՞, որ մշտապես…

ԱՂՋԻԿԸ  –
Իսկ իմ բյուրո՞ն: