ԳլխավորՄի կտոր գիրք

Թափառում ենք փողոցներում, ես քո սիրով, դու՝ ուրիշի. Սիլվա Կապուտիկյան

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ —
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:

Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ —
Սիրիր, ինչպես կամ —
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.

Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը —
Ինձ իսկականն է հարկավոր միայն:

Հրդեհ մի խաղա —
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից —
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար…

***

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արեւը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու:

***

Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով, դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքով, դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ, ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…

***

Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո′ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո′ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե′տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե′ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո′ց երկիր, հայո՜ց հող։

Սիլվա Կապուտիկյան (հունվարի 20,1919-օգոստոսի 26, 2006)

Comment here