ԳլխավորՄի կտոր գիրք

Հուսիկ Արա. «Թե համբուրես ինձ` ես աշխարհը շուռ կտամ…»

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:

Բախիր՝ կբացվեմ

Սերը քո հայացքն ունի հիմա,
ճիշտ քո քաշով ու հասակով է.
հենց այդ տեսքն եմ ուզում պատմել
ոչ թե աշխարհին կամ ուրիշ մեկի,
ուղղակի քեզ, իմ ամենաաղջիկ,
որովհետև չգիտես այն, ինչ ես գիտեմ քո մասին:

Սերը չի տեսնում,
աչքեր չուներ հենց սկզբից,
պատկերացնում է միայն,
բայց միտք չունեմ հորինել կամ հավելել ինչ-որ բան.

դու իմ կյանքն ես, ու թե հանկարծ մահս դառնաս,
գուցե զարմանամ, թե ինչ չքնաղ է մահը,
ու մեռնեմ առանց երկմտելու:
Իմ սկիզբն ես
և իմ վերջն ես դու.
ձայն տուր` կշրջվեմ,
բախիր` կբացվեմ,
ցանկացիր` կունենաս ինձ.
չէ՞ որ դու սերն ես:

Ճակատագրիս վերջին էջն եմ կարդում.
չեն խաչվելու մեր ուղիները երբեք,
ու չեն փաթաթվելու մեր ոտքերն իրար:
Ես դիտորդն եմ ու հսկիչը քո սիգաճեմ ընթացքի,
բայց այնպես խաղաղ եմ ու հանգիստ՝
քո բոլոր մանրամասներով մինչև վերջին բջիջս հագեցած:
Այդպես մեկ անգամ է անցնում սերը՝ լիաշունչ ու մերկ,
որ քոնն է ամբողջովին ու բոլորովին քոնը չէ,
ինչպես Աստված է ամպի տեսքով երկնքում։

Գիտեմ, դու էլ կին ես,
քո գաղտնիքն ունես և աշխարհը ավերված
ու երբեմն էլ պոռնիկ ես սովորական,
բայց ես ասում եմ՝ Աստված սեր է և այդ սերը դու ես:

Միշտ հիվանդ լինեմ քեզանով

Իմ դեղը դու ես,
որովհետև ես հիվանդ եմ քեզնով:

Մահացու է սիրո հիվանդությունը,
ու թե բուժվում է անգամ,
ծանր մնում է հետևանքը միշտ:
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ հիվանդ լինեմ քեզնով:

Քո աչքերը ամենասիրուն արևներն են տիեզերքի,
եթե նայես ինձ`
ես կպտտվեմ հայտնաբերված նոր մոլորակ:
Քո մատները շշունջներ են թափանցիկ,
եթե գրկես ինձ`
ես կհնչեմ ինքնանվագ երգեհոն:

Քո մաշկը մաքուր հորիզոն
ու եթեր է փափուկ,
եթե առնես քո մեջ ինձ`
ես կխոսեմ նոր օրերի մարգարե
և կքայլեմ հրեշտակը քո ուղարկած:
Ուրիշ ոչ մի տեղ չկա քո շուրթերից,
թե համբուրես ինձ`
ես աշխարհը շուռ կտամ առանց հենման կետի:

Քո ակնթարթը կատարյալ է ու մնայուն,
թե հպվես ինձ`
ես կճչամ, որ այս կյանքում
ամեն բան հավերժ է ու ճիշտ:

Քո նմանը միայն դու ես,
ու թե ասես` սիրում եմ քեզ,
ես կդառնամ աստված
և կարարեմ դրախտը նորից,
ու որքան էլ արգելված պտուղ ուտես,
քեզ չեմ վտարի իմ պարտեզից:

Դու իմ դեղն ես,
Բժշկի’ր ինձ, սերս,
բայց ես ուզում եմ
միշտ հիվանդ լինեմ քեզնով:

Վերջակետ

Քո գնալուց
կյանքը կանգ առավ ու մեռավ ամեն բան․
ես ինչպե՞ս ապրեմ, երբ երկիրն է ամայի։

Քո սկիզբն էի ես,
իմ վերջը եղար դու․
մենք միասին կարող էինք Աստված լինել՝
հաստատելով խոսքը նախախնամ․
թե՝ ես եմ սկիզբը և վերջը։

Երբ գնում ես,
քեզ հետ տանում ես ամենը, ինչ ես ունեմ,
իսկ քո գալով՝
իմն ես դարձնում այն, ինչ չեմ ունեցել։

Դու իմ վերջին աղոթքն էիր,
որ տեղ չհասավ.
ու ես սատանային եմ ծախում ինձ,
միայն թե լսվի աղոթքս,
որ երաշխիքն է իմ ապրելու։
Իմ խաղն էիր վերջին անգամ.
վստահեցի` ինչ մնացել էր կյանքից
և ապրելու արդեն կիսված օրս վրիպեցի:

Դու քեզ հետ տարար ամբողջը՝
երազ ու իրականություն.
անձրևաջրի կաթիլների հետ,
աշնան վերջին գիշերվա մեջ,
ագռավն է թաց-թաց կռում․
-Նա չէր, ում կանչեցիր նրա անունով։
Ու ես գնում եմ մի քիչ հեռու այս անգամ.
կոպերիս տակ ունեմ հիմա ո՛չ մի երկինք քեզ համար։

Մեկ անգամ էլ գարունդ լինեմ.
նորաբաց վարդը ննջարանդ բերեմ ամեն առավոտ
ու լուսաբացի սերս շաղ տամ մահճակալիդ շուրջը.
օդում փոշեհատիկը հավաքեմ շուրթերով
և անխառն բուրմունքդ պահեմ թոքերիս մեջ։
Տաք օրերս մեկ-մեկ փռեմ ամեն քայլիդ առաջ,
երբ մանրասահ իջնես պարտեզ՝ հայացքս տրորելով․
կյանքս վատնեմ քեզ համար շռայլորեն ու անխնա։

Դու իմ բանաստեղծությունն ես,
որ կարող եմ այսպես պատմել երկար,
բայց երբեք չգրել այստեղ․
այնպես չեմ ուզում դնել վերջակետ։

Հուսիկ Արա (Ֆելիքս Եղիազարյան), հունիսի 24, 1967

Comment here