ԳլխավորՄի կտոր գիրք

«Շիվու Ավագի երկրային արկածները». Ժիրայր Ավետիսյան

Ներկայացնում ենք հատվածներ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանի (նոյեմբերի 21, 1932 – դեկտեմբերի 26, 2001) «Շիվու Ավագի երկրային արկածները» ֆանտաստիկ վեպից։

Հավելենք, որ նրա առավել հանրաճանաչ գործերից է նաև «Սիմոն որդի Սիմոնի» վեպը (4 գրքով)։

***

— Աստված բարձրանում է մարդու հետ,- դանդաղ պատասխանեց ծերունի Օհան Գասպարյանը։- Ինչքան շատ է բարձրանում մարդը, էնքան ավելի շատ է բարձրանում աստված։

— Բադալն էլ եկավ,- ասաց նա։

— Բոլորն էլ գալու են,- արձագանքեց ծերունի Օհան Գասպարյանը՝ կարծես մի տեսակ չարախնդությամբ, թեև համագյուղացու մահը պիտի տխրություն պատճառեր նրան։

— Բադալն առաջիններից մեկը գնաց գյուղից,-հիշեց պառավ Մարան-Մարիամը։

Ծերունի Օհան Գասպարյանը լուռ գլխով արեց։

— Գնալուց առաջ էլ կռվեց քեզ հետ,- շարունակեց պառավ Մարան-Մարիամը։- Հիշո՞ւմ ես, քիչ էր մնում բանը հասներ տուրուդմփոցի։

— Հիշում եմ,- ասաց ծերունի Օհան Գասպարյանը։- Ամեն ինչ հիշում եմ, լավ եմ հիշում։ Բայց դու սև շորդ կհագնես։

— Ձե՞զ մոտ էլ են հանգուցյալներին տանում իրենց ծննդավայրում թաղելու,- հարցրեց իմ հյուրընկալը և կանգ առավ ոչ միայն պատասխանը լսելու, այլև շունչը տեղը բերելու համար։

— Ո՛չ,- ասացի ես, բայց չավելացրի, որ մեզ մոտ առհասարակ հանգուցյալներին չեն թաղում։

— Ուրեմն ավելի զարգացած մարդիկ են,- ենթադրեց ծերունի Օհան Գասպարյանը,- կորցրել են հայրենի հողի սերն ու կարոտը։

— Բայց քարերի վրա նշանագրեր կան։

— Ճիշտ է, կան։ Բայց մարդու մասին ի՞նչ կարող են ասել միայն անունն ու ազգանունը և թե երբ ու ինչքան է ապրել։

— Մի՞թե ոչինչ։

— Ոչինչ,- ասաց ծերունի Օհան Գասպարյանը։

— Այդ դեպքում ինչի՞ համար են այս քարերը։

— Որ ապրողները հիշեն։

— Բայց չէ՛ որ չեն հիշում,- ասացի ես։- Կամ էլ հիշում են շատ կարճ ժամանակ։

— Դա էլ է ճիշտ,- համաձայնեց ծերունի Օհան Գասպարյանը։- Բայց քար պետք է։

— Ինչի՞ համար,- չհասկացա ես։

— Չգիտեմ,- ասաց ծերունի Օհան Գասպարյանը։- Կարգ է։

Մեր մոլորակում գերեզմանոցներ չկան. hանգուցյալների դիակներն այրում են և մոխիրը հանձնում գետերի ջրերին։ Մարդը խառնվում է բնությանը և հավերժանում բնության մեջ։ Մարդու և բնության միջև չի բարձրանում շիրմաքարը, որ մոռացվելու է երկու-երեք սերունդ հետո, դառնալու ավելորդ բեռ հողի վրա։ Մեր մոլորակում երբեմն էլ մարդիկ չեն սպասում բնական վախճանին. երբ հաղթահարում են առաջացած տարիքն ու թուլությունը, երբ կյանքը կորցնում է իր քաղցրությունն ու իմաստը, երբ հաճույքները դառնում են անմատչելի, իսկ ցավերը՝ սովորական, նրանք որոշում են ընդհատել իրենց կյանքը և կամավոր գնում են աննյութականացման կայանները… Ո՛չ ոք նրանց ոչինչ չի հարցնում, ո՛չ ոք չի փորձում հետ պահել այդ քայլից։

— Նա լա՞վ մարդ էր,- տվեցի ես իմ հիմնական հարցը։

Ծերունու հայացքն ավելի սրաթափանց դարձավ։ Ես կարծում էի, թե նա կլռի, որովհետև ամենայն հավանականությամբ իմ հարցն անպատշաճ էր տվյալ պարագայում, բայց նա շրջեց հայացքն ու պատասխանեց կիսաշշուկով.

— Երկնային դատավորն է որոշում էս աշխարհից հեռացողների լավն ու վատը։

Ես գիտեի, որ երկնքում գալակտիկաներ ու միգամածություններ կան, աստղեր ու մոլորակներ կան, արբանյակներ ու երկնաքարեր, այստեղ իմացա, որ ամենազոր գերբնական էակ կա, բայց հատուկ դատավորի մասին առաջին անգամ էի լսում։ Մի՞թե սրանք կարծում են, թե ուրիշ աստղային համակարգությունների մոլորակներից են բանական արարածներ դուրս գալու իրենց հանգուցյալների չար ու բարի արարքները որոշելու համար։ Դա ի՞նչ է. պարզունակ հավատալի՞ք, թե հաստատ համոզմունք։ Անհնար չէ նաև, որ նրանց մոտ վայրէջք կատարած լինեն այլ՝ բարձր քաղաքակրթության ներկայացուցիչներ։

— Իսկ որևէ մեկը տեսե՞լ է երկնային դատավորին,- հարցրի ես, չգիտես ինչու, նույնպես կիսաշշուկով։

Ծերունին խեթ նայեց ինձ ու մռթմռթաց.

— Անհավատ։

***

Համբուրելով այդ շիրմաքարը, իմ հյուրընկալը, նորից թևիցս քաշելով, տարավ մի ուրիշ գերեզմանի մոտ.

— Սրա տակ էլ թաղված է գյուղի վերջին դարբինը։ Ոսկի ձեռքեր ուներ։ Ուզենար՝ երկաթից մարդ կսարքեր։

Դա արդեն ակնհայտ չափազանցություն էր. ինչքան էլ հմուտ լիներ այդ դարբինը, այս գյուղակի պայմաններում չէր կարող արհեստական բանականությամբ օժտված մեքենա ստեղծել։ Բայց ես չխոսեցի այդ մասին, որպեսզի անհարմար դրության մեջ չդնեմ իմ հյուրընկալին։

***

Անկողին մտնելով, ես մտածեցի, թե այնուամենայնիվ դեռ չեմ կարող ինձ համար բացահայտել ծերունի Օհան Գասպարյանի իմաստությունը, որ այնքան բարձր էր գնահատում անտառապահ Մեխակը։ Ինձ համար նա մի շատ բարի, շատ աշխատասեր և շատ անօգնական մարդ էր՝ կտրված իր աշխարհից, հետևաբար, նաև առաջադիմությունից, քաղաքակրթության շատ նվաճումներից։ Բայց մի՞թե իրարից շատ հեռու են մեծ բարությունն ու մեծ իմաստությունը։ Գիտության և տեխնիկայի նվաճումները միշտ չէ, որ ավելացնում են առանձին անհատների և ամբողջ հասարակության բարոյական արժեքները. այլապես այս մոլորակում չէին լինի անցյալ (գուցե և ներկա) պատերազմները, չէր լինի նոր՝ աշխարհակործան պատերազմի սպառնալիքը։ Գուցե որոշ քաղաքակրթությունների զարգացման որոշ շրջաններում կորուստներն ավելի են լինում, քան ձեռքբերումները, թեկուզ և կորուստներն աննկատելի են թվում, ձեռքբերումներն՝ ակնհայտ։ Հավանաբար, ծերունի Օհան Գասպարյանը պահպանել է այն, ինչ կորցրել են ուրիշները։ Եվ դա է նրա իմաստությունը։ Գուցե հենց այդպես է եղել անտառապահ Մեխակի մտքերի ընթացքը, երբ նա ինձ հետ խոսում էր ծերունի Օհան Գասպարյանի մասին։ Դա կպարզվի հետո, երբ ես բազմաթիվ բանական արարածների հետ կշփվեմ և համեմատության եզրեր կունենամ։

***

— Է՜յ, երկնայի՛ն,- Հոռոմենց Սաքո կոչվածը բարեհաճեց դիմել ինձ,- մի փաստաթղթերդ ցույց տո՛ւր, տեսնենք ինչ թռչուն ես։

— Եթե աչքերդ լավ բացես, կտեսնես, որ ես թռչուն չեմ, այլ բանական արարած,- ասացի ես։

— Ի՞նչ արարած։

— Բանական։

— Դու ինձ ձե՞ռք ես առնում,- հարցրեց Հոռոմենց Սաքո կոչվածը։

Շուտով ես գլխի ընկա, որ նա շարունակ կրկնում է երկու տող.

«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթա՜ն,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթա՜ն…»

Ձմեռն այս մոլորակի տարվա եղանակներից մեկն է, երբ ձյունով է ծածկվում ցամաքի տարածքի մեծ մասը։ Այն կրկնվում է պարբերաբար. այնպես որ ձմռան նման եկող ու գնացող անհաջողակ օրերը պետք է կրկնվեն պարբերաբար։ Արժե՞ արդյոք իրեն սփոփել այն մտքով, թե հեռանում է դժբախտությունը՝ մոռանալով, որ այն վերադառնալու է նորից։

— Լսի՛ր, բարեկամ, դու ինչո՞ւ գյուղում ինձ ցույց չտվեցիր փաստաթղթերդ։

Նրա հարցը զարմանք պատճառեց ինձ։

— Ես ինքս եկա քեզ հետ,- ասացի։- Մի՞թե ես ավելի կարևոր չեմ, քան փաստաթղթերը։

— Բայց փաստաթղթերը պիտի ասեն, թե դու ով ես։

— Մի՞թե ես չեմ կարող ասել։

— Դու ամեն ինչ կարող ես ասել, բայց քո ասածին հավատալու համար փաստաթուղթ է պետք, որ հաստատի քո խոսքերը։

— Իսկ հաստատելը պարտադի՞ր է։

— Պարտադիր է, իհա՛րկե պարտադիր է,- ասաց Հոռոմենց Սաքո կոչվածը համոզմունքով,- թե չէ փաստաթղթեր չէին ստեղծի։

— Իսկ ինչո՞ւ են ստեղծել,- հարցրի ես, քանի որ միայն ստեղծելու փաստը չէր կարող հաստատել դրանց անհրաժեշտությունը։

— Որովհետև առանց փաստաթղթերի ոչ մի կերպ չի կարելի,- պնդեց Հոռոմենց Սաքո կոչվածը։

— Իսկ ինչո՞ւ չի կարելի։

— Որովհետև մարդը կարող է ստել։

— Իսկ փաստաթուղթը չի՞ կարող ստել։

— Կարող է,- համաձայնեց Հոռոմենց Սաքո կոչվածը քիչ մտածելուց հետո։- Չէ՛ որ փաստաթուղթն էլ մարդն է ստեղծում։

— Ուրեմն փաստաթղթին հավատալով, ի վերջո հավատում ես մարդուն, որ ստեղծել է այն,- տրամաբանեցի ես։

— Էդպես է դուրս գալիս,- դարձյալ քիչ մտածելուց հետո համաձայնեց Հոռոմենց Սաքո կոչվածը ոչ առանց զարմանքի։

— Մարդը մարդ է։ Եթե մի ուրիշ մարդու, որը փաստաթուղթ է տալիս, հավատում ես, ինձ ինչո՞ւ չես հավատում,- հարցրի ես։

— Էդ ուրիշ մարդուն հավատում եմ, բարեկամս, որովհետև էդ ուրիշ մարդը պաշտոն ունի, կնիք ունի, իրավունք ունի։ Եթե դու էլ պաշտոն ունես, ասա՛, հաստատի՛ր, կանգնեցնեմ մոտոցիկլետը, իջնեմ ու քեզ պատիվ տամ։

***

— Տղե՛րք, սա գուցե կախարդ է,- ասաց քչփորողը՝ ոչ առանց երկյուղի նայելով ինձ։

— Ի՞նչ է, դու պառավական բաներին հավատո՞ւմ ես,- հանդիմանեց նրա կողքին կանգնածը, որ ամենից բարձրահասակն էր և երևի, ամենից երիտասարդը։

— Կախարդ չէ, բայց գուցե ֆիզիկոս է,- միջամտեց երրորդը, որ խելոք աչքեր ուներ և երևի, ամենից զարգացածն էր։

— Եթե կարող է ու չի անում, ուրեմն հանցագործ չի,- բավական լարվելուց հետո գլխի ընկավ գլխավորը։- Իսկ եթե հանցագործ չի, ի՞նչ է։

— Ինձ թվում է՝ գիտնականներն են սարքել… էս արարածին, որ փորձեն իմանան, թե մենք ինչ ենք անում և ինչ կարող ենք անել,-ուղեղի հանկարծական պայծառացումով ենթադրեց Սաքոն։

— Իսկ ես ուզում եմ գալ ձեզ հետ,- պնդեցի ես։

— Փրկություն չկա,- փնթփնթաց գլխավորը։

— Ուզո՞ւմ ես, քեզ փող էլ կտանք,- առաջարկեց Սաքոն։

— Փողն ի՞նչ եմ անում,- ասացի ես։

— Կծախսես։

— Ես ծախսելու կարիք չունեմ։

— Բոլորովի՞ն,- զարմացավ գլխավորը։

— Բոլորովին,- ասացի ես։

— Իսկական ռոբոտ է,- իր ենթադրության մեջ վերջնականապես համոզվեց գլխավորը,- մարդը չի կարող ծախսելու կարիք չունենալ և միանգամից հրաժարվել բոլորովին անվտանգ փողից։

— Ես ռոբոտ չեմ,- ասացի։- Իմ բանականությունն արհեստական չէ, այլ բնական է, ինչպես քոնը, թեև զարգացման մակարդակով անհամեմատ բարձր է։

— Դու ինձ չես հավատացնի,- քիչ մտածելուց հետո ասաց Սաքոն խորին համոզմունքով։

— Ինչո՞ւ։

— Ես մի կինոյում ռոբոտներ եմ տեսել, որոնք բոլորն էլ պնդում էին, թե իրենք իսկական մարդիկ են, և իսկական մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանում նրանց ճանաչել, տարբերել իրենցից։

— Ո՛չ ոք չի մեղադրի,- փորձեցի հանգստացնել նրան։

— Կմեղադրեն,- ասաց նա հառաչանքով։ Հենց ինձ կմեղադրեն։ Իմ վիզն ամենից բարակն է։

— Ի՞նչ կապ ունի վզի հաստությունը կամ բարակությունը մեղադրանքի հետ,- զարմացա ես։

— Ունի,- պատասխանեց Սաքոն նորից հառաչելով, հետո ավելացրեց.- Է՜հ, դու ի՞նչ գիտես մեր գործերը։

— Ես գիտեմ այն ամենը, ինչ հասանելի է բանականությանը և ենթական է տրամաբանության։

— Էստեղ ի՞նչ գործ ունեն բանականությունն ու տրամաբանությունը,- սրտնեղեց Սաքոն։

— Բանականն ու տրամաբանականը ամեն տեղ գործ ունեն,- բացատրեցի ես,- բանական մարդու բոլոր գործողություններում։

— Դա գուցե ձեզ համար,- ասաց Սաքոն նույն սրտնեղած եղանակով,- իսկ մենք առանց դրա էլ յոլա ենք գնում։

…Ես մտածեցի, որ այս մոլորակի բնակիչները չգիտեն չափազանց հասարակ մի բան. մարդու և ռոբոտի հիմնական տարբերությունն այն է, որ մարդը կարող է նկատել ու գնահատել գեղեցիկը, իսկ ռոբոտը՝ ոչ։ Իսկ երբ իմանան (մի բան, որ ժամանակի խնդիր է), կսկսեն ռոբոտնե՞ր համարել այն բանական արարածներին, որոնք չեն նկատում և գնահատում գեղեցիկը