Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն այսօր ներկայացրել է հայտագրված դիմորդների թիվը, ամենապահանջված մասնագիտությունները։
Նա նշել է, որ ամենապահանջած մասնագիտությունների տասնյակն անփոփոխ է մնացել անցած տարվա համեմատ։
Առաջին տեղում կրկին ԵԲՊՀ-ի «Ստոմատոլոգիա»-ն է՝ 2.9 դիմորդ մեկ տեղի համար, երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ»-ն է (2.3 դիմորդ), երրորդը ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ն է (2.1), չորրորդը՝ ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտություն»-ը (2)։
Ի դեպ, ամենապահանջված 10 մասնագիտություններից կեսը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են, հայտնեց Նասիբյանը։
Դիմորդների թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդում` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները։
Նասիբյանը նաև հայտնել է, որ 22 բուհի 53 մասնագիտություն ունեն ընդամենը 1-ական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ այս փուլում չկա։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


