ԳլխավորՄի կտոր գիրք

Ջեկ Լոնդոն. «Մարտին Իդեն» (հատվածներ)

Կադր «Մարտին Իդեն» ֆիլմից

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի (12.01.1876 – 22.11.1916) «Մարտին Իդեն» վեպից։

***

Դուռը շրխկոցով փակվեց, և նա, դեռ ետ չդարձած, ամբողջ մարմնով դողաց նոր զգացումից, որն առաջացավ նրա մեջ ոչ թե աղջկա երևալուց, այլ եղբոր ձայնից։ Նրա մկանոտ մարմնում ապրում էր սրված զգայնությունը։ Արտաքին աշխարհի ամենաաննշան ազդեցության տակ նրա զգացումներն ու մտքերը պոռթկում ու բոցավառվում էին. նա խիստ զգայուն էր և տպավորվող, իսկ վառ երևակայությունն անընդհատ գործում էր՝ իրերի փոխհարաբերությունները, նմանությունն ու տարբերությունը սահմանելու համար։ Նրան ցնցեցին «միստր Իդեն» բառերը։ Նա, որին ամբողջ կյանքի ընթացքում կոչել էին «Իդեն», կամ «Մարտին Իդեն» և կամ պարզապես «Մարտին», հանկարծ «միստր» դարձավ։ «Դա որևէ նշանակություն չունի»,— մտածեց նա։ Նրա գիտակցությունը, հանկարծ վերածվեց մի ահագին մութ խցի, և աչքին անվերջ շարանով պատկերացան իր կյանքի զանազան դրվագները՝ հնոցները, նավամբարները, դոկերը, նավամատույցները, բանտերն ու գինետները, ջերմախտի հիվանդանոցներն ու մռայլ խլանկյունները․ այս ամենը շարվել էին մի առանցքի վրա՝ վարվելաձևի վրա, որին վարժվել էր նա առօրյա կյանքում։

Ահա նա ետ նայեց ու տեսավ աղջկան։ Նրա հիշողության մեջ վխտացող անկանոն տեսարանները միանգամից անհետացան։ Նրա առջև կանգնած էր մի դժգույն, եթերային էակ՝ խոշոր, ծավի, խելացի աչքերով, ոսկեգույն մազերի զանգվածով։ Նա չգիտեր, թե աղջիկն ինչպես է հագնված. գիտեր միայն, որ նրա հագուստը նույնպես հրաշալի էր, ինչպես ինքը Ռութը։ Նա մտովի համեմատեց նրան նուրբ ցողունի վրա բուսած բաց ոսկեգույն ծաղկի հետ։ Ո՛չ, ավելի շուտ նա մի ոգի է, աստվածություն, դիցուհի, այսքան վեհ գեղեցկությունը չի կարող երկրային լինել։ Եվ կամ իրոք ճիշտ են ասում գրքերը. հասարակության այլ, բարձր շրջաններում շատ կան նրա նմանները։ Սուինբեռնը պետք է նրան գովերգեր։ Թերևս Սուինբեռնը նկատի է ունեցել նրա նման մեկին, երբ նկարագրել է Իզոլդային, այն գրքում, որը դրված է այնտեղ, սեղանին։ Մտքերի, տեսիլքների և զգացումների այդ ամբողջ շարահարությունը տևեց միայն մի ակնթարթ։ Իսկ արտաքին դեպքերն ընթանում էին իրենց կարգով առանց ընդհատվելու։ Աղջիկը երկարեց նրան իր ձեռքը, և Իդենը նկատեց, թե ինչպես նա շեշտակի նայում է իրեն, երբ պինդ, առնականորեն սեղմեց նրա ձեռքը։ Նրա ճանաչած կանայք այդպես չէին սեղմում։ Ընդհանրապես նրանցից շատերը ամենևին ձեռք չեն տալիս։ Մարտինին նորից ողողեց երփներանգ պատկերների մի ամբողջ հոսանք. նրա միտքը պաշարեցին զանազան կանանց հետ իր ծանոթության հիշողությունները։ Բայց նա ետ մղեց բոլոր այդ հիշողությունները և նայեց Ռութին։ Այդպիսի աղջիկ նա երբեք չէր տեսել իր կյանքում։ Նրա գիտցած կանայք… իսկույն նրա կողքին շարքով կանգնեցին «այդ» կանայք։

Մի վայրկյան, որը թվաց մի ամբողջ հավիտենականություն, նա կարծես գտնվում էր դիմանկարների դահլիճում, ուր Ռութը կանգնած է կենտրոնում, իսկ նրան շրջապատել են բազմաթիվ կանայք, որոնց պետք է գնահատել լոկ հարևանցի ակնարկով և համեմատել նրա հետ՝ չափանիշ ունենալով հենց նրան։ Մարտինի աչքին ներկայացան ֆաբրիկայի բանվորուհիների և շուկաներում դեգերող լպիրշ պոռնիկների հիվանդագին դեմքերը, անասնաբուծական ահագին ռանչոներում աշխատող կանայք և հին Մեքսիկայի թխադեմ, սիգար ծխող բնակչուհիները։ Այնուհետև, նրա աչքին երևացին տիկնիկների նմանվող, փայտե ներբաններով ճեմող ճապոնուհիներ, Եվրասիայի կանայք՝ նուրբ դիմագծերով և այլասերումի արդեն նկատելի նշաններով. նրանց հաջորդեցին Խաղաղ օվկիանոսի կղզիների պարարտամարմին, թխամորթ և ծաղկեպսակներով զարդարված կանայք։ Եվ վերջապես, այդ բոլորին մի կողմ քշեց հրեշավոր, մղձավանջային մի ամբոխ՝ Ուայթչեպլի մայթերին թրև եկող գզգզված անառակ կանայք, մռայլ պոռնկանոցների՝ ջինի տկճոր դարձած ջադուներ, դժոխքի ծնունդների մի ամբողջ ջոլիր, որոնք իջևաններում որսում են նավաստիներին՝ նավահանգիստների այդ թափթփուկները, մարդկային աղտահորի այդ փրփուրն ու մրուրը։

***

Նա լսում ու նայում էր առանց գիտակցելու իր նայվածքի սևեռուն լինելը և առանց գիտակցելու, որ իր խառնվածքի ամբողջ առնական էությունը արտացոլվում է իր վառվռուն աչքերում։ Բայց աղջիկը, որ քիչ բան գիտեր կյանքի ու տղամարդկանց մասին, հանկարծ կանացիորեն զգուշացավ՝ որսալով նրա բոցավառ հայացքը։ Դեռ ոչ մի տղամարդ այդպես չէր նայել նրան, և այդ նայվածքը շփոթեցրեց աղջկան։ Նա կարկամեց ու լռեց, հանկարծ կորցրեց իր մտքի կապը։ Այդ մարդը նրան վախեցնում էր, միաժամանակ ինչ֊որ պատճառով հաճելի էր, որ նա այդպես նայում է իրեն։ Ստացած դաստիարակությունը նախազգուշացնում էր աղջկան վտանգի և այդ խորհրդավոր նենգ թովչանքի դեմ․ բայց նրա արյան մեջ բնազդը զգացնել էր տալիս իրեն, պահանջելով, որ ինքը մոռանա իր ծագումը, հասարակության մեջ ունեցած դիրքը և ձգտի ընդառաջ գնալու մի այլ աշխարհից եկած այս հյուրին, այս անշնորհք, խոցոտված ձեռքերով, օձիք կրելու անսովոր, վզին կարմիր սպի ունեցող երիտասարդին, այլանդակ կյանքից (դա ակներև էր) ապականված պատանուն։ Աղջիկը մաքուր էր և նրա ամբողջ անարատությունն ընդվզում էր. բայց նա կին էր, այն էլ կանացի բնության զարմանալի պարադոքսի մասին դեռ նոր մտածել սկսած կին։

***

Սակայն նրանց բաժանող տարածությունը շարունակ հուսահատեցնում էր Մարտինին։ Ռութը անսահմանորեն հեռու էր, և Մարտինը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել նրան մոտենալու միջոցը։ Անցյալում ինքը սովորաբար հաջողություն ուներ իր դասակարգի կանանց և աղջիկների շրջանում, բայց երբեք չի սիրել նրանց, իսկ Ռութին սիրեց։ Բանն այն չէր, որ Ռութը պատկանում էր այլ դասակարգի․ Մարտինի սերը աղջկան բարձրացրեց բոլոր դասակարգերից էլ վեր։ Ռութը այլ էակ էր, այնքան տարբեր, որ ինքը մինչև անգամ չգիտեր, թե ինչպես մոտենալ նրան իր սիրով։ Ճիշտ է, որ ընդլայնելով իր տեսածները և սովորելով ուղիղ խոսել ինքը մոտեցել էր աղջկան. նրանց միջև առաջացել են ընդհանուր լեզու, ընդհանուր թեմաներ, ճաշակներ ու շահեր, բայց սիրո ծարավը դրանով չէր բավարարվում։ Սիրահարի երևակայությունը պարգևել է աղջկան այնպիսի սրբություն, այնպիսի անմարմին մաքրություն, որ դա բացառում էր մարմնական ամեն մի մոտիկություն։ Ինքը՝ սերը հեռացնում էր աղջկան և անմատչելի էր դարձն ում նրան. ինքը սերը խլում էր նրանից այն, ինչ նա այնքան ջերմորեն ցանկանում էր։

Եվ ահա մի գեղեցիկ օր նրանց բաժանող վիհի վրա մի պահ կամուրջ ձգվեց և այդ պահից հետո այդ վիհն արդեն այնքան լայն չէր թվում։ Նրանք նստած բալ էին ուտում, խոշոր սև բալ, որի հյութը հիշեցնում էր բարկ գինի։ Եվ հետո, երբ աղջիկը նրա համար սկսեց կարդալ «Իշխանուհին», Մարտինը նրա շրթունքների վրա նկատեց բալի հյութը։ Մի պահ Ռութի աստվածայնությունը տատանվեց։ Ուրեմն նա մարմնեղեն արարած էր, նրա մարմինը ենթակա էր նույն օրենքներին, ինչ իր մարմինը, ինչ որ ամեն մի մարդու մարմինը։ Նրա շրթունքները նույնպես մարմնեղեն էին, ինչպես իր շրթունքները, և բալը նրանց վրա նույնպիսի հետքեր է թողել։ Եվ եթե նրա շրթունքները մարմնեղեն են, այդպիսին պետք է լինի մնացած և ամեն ինչը։ Նա կին է, ինչպես ուրիշ ամեն կին։ Այս միտքը կարծես շանթահարեց նրան։ Դա իսկական մի հայտնություն էր Մարտինի համար։ Նա կարծես տեսավ երկնքից ընկնող արևը կամ ներկա եղավ աստվածության սրբապղծմանը։

***

Մարտինը գիտեր, որ հեշտ չի լինելու Ռութի հետ բացատրվելը․ բացի այդ, նրա հայրը, հավանաբար, կջանա օգտվել այս անմիտ հերյուրանքից, որպեսզի քանդի նրանց նշանդրեքը։ Մարտինի մռայլ ենթադրությունները շուտով հաստատվեցին։ Հաջորդ օրն իսկ փոստատարը նամակ բերեց Ռութից։ Նախազգալով կորձանումը, նա անմիջապես բացեց ծրարը և սկսեց կարդալ կանգնելով բաց դռան առաջ, հենց այնտեղ, ուր փոստատարը հանձնել էր նամակը։

Կարդալիս Մարտինը մեքենաբար ձեռքով խառնում էր գրպանը այնտեղ փնտրելով ծխախոտ և թուղթ, որոնք առաջներում միշտ էլ պահում էր գրպանում։ Նա չէր գիտակցում, որ իր գրպանը վաղուց դատարկ է, մինչև անգամ հաշիվ չէր տալիս, թե ինչ է որոնում այնտեղ։

Նամակը գրած էր հանգիստ տոնով։ Ցասումի ոչ մի հետք չկար այնտեղ, բայց ամբողջ նամակը՝ առաջին տողից սկսած մինչև վերջինը, համակված էր վիրավորանքով ու հիասթափությամբ։ Ռութը գրում էր, որ Մարտինը չարդարացրեց նրա հույսերը։ Նա կարծում էր, որ Մարտինը վերջ է տվել իր սոսկալի սովորություններին, որ, հանուն իր նկատմամբ ունեցած սիրո, իրոք պատրաստ է համեստ ու պարկեշտ կյանք վարել։ Իսկ հիմա հայրիկն ու մայրիկը վճռականապես պահանջեցին, որ նշանդրեքը քանդվի։ Եվ Ռութը չէր կարող չընդունել, որ նրանց պատճառաբանությունները հիմնավոր են։ Երկուսի հարաբերություններից ոչ մի լավ բան չի կարող ստացվել, դա հենց սկզբից սխալ էր։ Նամակում կար միայն մի կշտամբանք, որն առանձնապես դառը թվաց Մարտինին․ «Երանի թե դուք ուզենայիք ծառայության մտնել, ջանայիք գրավել կյանքում որևէ տեղ,— գրում էր Ռութը.— բայց դա անհնար է, դուք անցյալում ապրել եք չափազանց անառակ ու անկարգ կյանքով։ Ես հասկանում եմ, որ դուք կշտամբելի չեք այդ բանում։ Դուք վարվում էիք ձեր բնավորության համաձայն և ձեր նախկին սովորություններին համապատասխան։ Եվ ես չեմ կշտամբում ձեզ, Մարտին, մի՛ մոռանաք այդ։ Պարզվեց, որ իմ հայրիկն ու մայրիկը իրավացի էին, մենք իրար չենք սազում, և պիտի ուրախ լինենք, որ դա պարզվեց ոչ չափազանց ուշ… Մի փորձեք տեսնվել ինձ հետ,— եզրափակում էր Ռութը,— այդ տեսակցությունը հավասարապես դժնդակ կլինի և՛ մեր երկուսի, և՛ իմ մայրիկի համար։ Առանց այն էլ ես զգում եմ, որ շատ վիշտ եմ պատճառել նրան և բավական ժամանակ է հարկավոր ինձ փարատելու համար այդ վիշտը»։

Մարտինն ուշադիր կարդաց նամակը կրկին ու կրկին։ Հետո նա նստեց ու սկսեց գրել պատասխանը․ նա շարադրեց այն ամենը, ինչ ասել էր սոցիալիստական միտինգում՝ մեղադրելով թերթին ամենաանխիղճ զրպարտության մեջ։ Նամակի վերջում նա խոսեց իր ջերմ ու անփոփոխ սիրո մասին։ «Անպայման պատասխանեցեք ինձ,— գրեց նա,— գրեք միայն մի բան՝ սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ․ դա ամենագլխավորն է»։

Բայց անցավ մի օր, երկու օր, և պատասխան չկար։