ԳլխավորԼուրՄի կտոր գիրք

Հովիկ Աֆյան. «Քաղցր կյանք»

«Քաղցր կյանք»

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Երեւանի «Դարան» գրախանութում (Իսահակյան 16 ա) տեղի կունենա Հովիկ Աֆյանի «Քաղցր կյանք» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Ներկայացնում ենք հատվածներ՝ «Քաղցր կյանք»-ից։

***

Արփիկի մանուշակագույն դույլի մեջ թթուն պճպճում էր: Ծիծակն ու սխտորը՝ բոլ-բոլ, լոլիկը՝ թեթեւ կարմիր, կաղամբը՝ դույլի պես մանուշակագույն, գազարն էլ՝ բազուկի գույնի: Հոտն էլ՝ անտանելի, ճիշտ Արփիկի տրամադրության պես: Պատերազմը նոր էր ավարտվել: Մարդիկ, որը` ողջ, որը` մեռած, գնում էին առաջ:

-Պիտի նոր քաղաք կառուցենք,-ասել էր քահանան, երբ քաղաքից դուրս եկածներին լուրը հասավ, որ իրենց քաղաքն էլ չկա, իրենցը չէ:

Պիտի՜, պիտի՜, պիտի՜…արձագանքեց քահանայի թավ ձայնը ամայի վայրում: Մարդիկ հիմնականում հավատացյալ էին ու լուռ էին հետեւում քահանային: Հին քաղաքի համար մեռածները՝ առավելեւս:

Քիչ թե շատ ամրակազմ տղամարդիկ մեռածներին առանձին շարքով էին տանում: Հիմնականում կանայք ու երեխաները՝ ուրիշ շարքով էին քայլում՝ դաշտերով, սար ու ձորերով՝ դեպի հեռու մի տեղ, որ նոր քաղաք կառուցեն: Երբ ողջ մնացածներով հավաքվեցին, առանց հարց ու պատասխանի միաձայն որոշեցին, որ ուր էլ գնան, որտեղ էլ կառուցեն իրենց նոր քաղաքը, իրենց մեռելներին հետները տանելու են.

-Մեռելն ամրացնում է հողը: Առանց գերեզման հայրենիք չի լինում,-ասել էր պոռնիկներին հիշելու, ոչ թե նրանց մոտ գնալու տարիքի մի տղամարդ՝ հավաքի ժամանակ:

Հավաքի մասնակիցներն էլ բոլորը հայրենասեր էին ու մեռելներին շալակեցին եւ ճամփա ընկան՝ խաչով, տերտերով: Ու գաղթականների այս քարավանը հենց ճանապարհի սկզբից բաժանվեց երեք գծի՝ ողջերի, մեռելների ու նրանց մեջտեղով քայլող վիրավորների ու տկարների, որոնց թիվը պատերազմից հետո շատացել էր, որոնցից մեկը դառնալու ցանկությունը՝ նույնպես: Կար նաեւ չորրորդ գիծը: Հին քաղաքի, որը գուցե պարզապես մեծ գյուղ էր, ոչ թե քաղաք, անասունը: Ջահել անասնապահ Մխոն առաջնորդում էր անասունի հոտը, ինչպես քահանան էր առաջնորդում մարդկանց:

Արփիկը քայլում էր կանանց ու երեխաների շարքի առջեւից, տերտերի հետեւից, հիվանդ մոր ձեռքը բռնած: Եթե երեխաները չաղմկեին, միայն քայլող հույսի ու ապրելու ցանկության ձայնը կլսվեր, բայց եթե երեխաները չլինեին ոչ հույսը կքայլեր, ոչ էլ ապրելու ցանկություն կլիներ: Ոչ մեկը չհարցրեց Արփիկին, թե էդ թթուն ո՞ւր ես տանում. Արփիկի թթուն իրենց երջանկահիշատակ քաղաքի խորհրդանիշներից մեկն էր: Նույնիսկ արտասահմանից տուրիստներ էին գալիս՝ հատուկ Արփիկի թթուն ուտելու: Հատկապես գյուղի քահանան խելագարվում էր Արփիկի լոլիկների համար: Արփիկն էլ հավատացյալ կին էր: Նույնիսկ գաղթի քարավանի մեջ հավատում էր, որ մի օր ամուսնանալու է, սիրտը թթու է ուզելու, չորս տղա է ունենալու…

Չնայած վերջինի հաշվով Արփիկը կամաց-կամաց հավատը կորցնում էր. արդեն 40 տարեկան էր դառնում ու չնայած հրեշտակի աչքեր ուներ ու գանգուր մազեր, նիհար մեջք ու լայն սիրտ, բայց քաղաքում տղամարդ էլ չէր մնացել, քաղաքն էլ չէր մնացել: Միակ հույսն Աստվածն էր, դրա համար էլ ամեն օր եկեղեցի էր գնում, դրա համար էլ քահանան, որ ամուսնացած էր ու երկու փոքրիկ տղա ուներ, սկսեց ծխել:

***

Տեսիլքները վաղուց էին համարվում Սահակի ընտանիքի լիարժեք անդամներ: Պատերազմից առաջ նրա հայրը հին քաղաքի դպրոցում աշխարհագրության ուսուցիչ էր ու երեխաներին սովորեցնում էր ոչ միայն մեր հայրենիքի տարածքներն ու դրանց անվանումները, այլեւ այն, թե որքան գեղեցիկ է մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունը:

Սահակը դեռ փոքր տղա էր, երբ հայրը նրան սովորեցնում էր, թե երկրի որ տարածաշրջանը մյուսից ինչով է տարբերվում, ինչով է նման, ո՞ր ծովերն են աշխարհում ամենասիրունը եւ որտե՞ղ է, որ գիշերները մարդիկ չեն քնում, քանի որ հանցագործություն է քնել, երբ օվկիանոսն աղմկում է՝ պատմելով, թե քանի՞ քաջարի նավաստիներ է իր գիրկն առել:

Հետո սկսվեց պատերազմն ու Սահակի հայրը կամավոր գրվեց: Որդին չհասկացավ, թե ինչո՞ւ է հայրը հեռանում տնից: Որդիները երբեք դա չեն հասկանում: Սահակն ավելի ուշ հասկացավ, որ պատերազմը հոր համար հայրենիքի բոլոր անկյունները տեսնելու հնարավորություն էր, որոնց մասին ինքն ամեն բան գիտեր՝ առանց տեսնելու, ճիշտ մարդու եւ Աստծո հարաբերությունների պես:

Պատերազմից Սահակի հայրը վերադարձավ լուռ: Հետո սկսեց խոսել, բայց ոչ ընտանիքի անդամների հետ: Հենց այդ ժամանակներից էլ տեսիլքներն աննահանջ մտան Սահակի ընտանիք: Բայց երբ բժիշկները եկան ու Սահակի հորը տարան, դրանք որոշ ժամանակով հեռացան: Հիմա նորից են եկել:

Սահակը վստահ էր, որ դրանցից մեկին է տեսել փողոցի մութ անկյունում՝ նոր-նոր չափահաս դարձած դստեր հետ համբուրվելիս, մեկ ուրիշին է տեսել իրենց տանը, երբ որոշեց ցերեկով տուն գալ ու նույն դստեր սենյակից տարօրինակ ձայներ լսեց, որոնց մասին վաղուց մոռացել էր ինքը: Սահակը չէր հասկանում, թե ինչու է դուստրը դա անում, ինչպես հորը չէր հասկանում: Նա ամեն ինչ անում էր, որ կինն ու աղջիկները որեւէ բանի կարիք չունենան, բայց ինքը հո մեղավոր չէ՞, որ չի ստացվում: Մխոյի մոտ ստացվում է, Բոքոնի մոտ ստացվում է, նույնիսկ քահանայի մոտ ստացվում է, ինքը չի կարողանում: