ԳլխավորՄի կտոր գիրք

«Հաղթական կամար». Էրիխ Մարիա Ռեմարկ

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 — 1970) «Հաղթական կամար» վեպից։

***

Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը։ Նա քայլում էր արագ, բայց տարօրինակ օրորվելով։ Ռավիկը կնոջը նկատեց այն ժամանակ միայն, երբ արդեն համարյա իր կողքին էր։ Նա տեսավ ցցուն այտոսկրերով և աչքերն իրարից հեռու գտնվող գունաթափ մի դեմք։ Այդ դեմքը ընդարմացած էր և նմանվում էր դիմակի։ Լապտերի աղոտ լույսի տակ թվում էր անկենդան, իսկ աչքերում սառել էր ապակյա դատարկության մի այնպիսի արտահայտություն, որ Ռավիկը մի տեսակ ուշադրությունը լարեց։

Կինը այնքան մոտիկ անցավ նրա կողքով, որ գրեթե իրեն քսվեց։ Ռավիկը ձեռքը մեկնեց ու բռնեց նրա արմունկից։ Կինն օրորվեց և, ըստ երևույթին, կընկներ, եթե Ռավիկը բռնած չլիներ։ Ռավիկը ամուր սեղմեց կնոջ թևը.

— Այդ ո՞ւր եք գնում,— հարցրեց նա փոքր-ինչ հապաղելով։

Կինը սևեռուն նայեց նրան։

— Թողեք,— շշնջաց նա։

Ռավիկը ոչինչ չասաց։ Նա շարունակում էր ամուր բռնել կնոջ թևը։

— Բաց թողեք։ Սա ի՞նչ բան է։— Կինը հազիվ էր շրթունքները շարժում։

Ռավիկին թվաց, թե կինը իրեն նույնիսկ չի էլ տեսնում։ Կնոջ հայացքը անցնում էր նրա միջով և թափանցում ինչ֊որ տեղ գիշերային դատարկ խավարը։ Պարզապես մի բան պահում էր նրան, որին դիմելով, նա անընդհատ կրկնում էր. «Բաց թողեք ինձ»։

Ռավիկն իսկույն տեսավ, որ կինը պոռնիկ չէ։ Եվ ոչ էլ հարբած։ Նա կնոջ թևը առաջվա նման չէր սեղմում այլևս։ Կինը այդ չէր զգում և, եթե ուզենար, հեշտությամբ կարող էր ազատվել նրա ձեռքից։ Ռավիկը փոքր-ինչ սպասեց։

— Իսկապես, ո՞ւր եք գնում։ Գիշեր, մենակ, Փարիզում,— հանգիստ հարցրեց նա ևս մի անգամ ու բաց թողեց կնոջ ձեռքը։

Կինը լռում էր, բայց մնաց անշարժ։ Կարծես, մի անգամ կանգ առնելուց հետո նա այլևս չէր կարողանում տեղից շարժվել։ Ռավիկը հենվեց կամրջի ճաղաշարին։ Նա ձեռքերի տակ զգաց խոնավ, չեչոտ քարը։

— Չլինի՞ այնտեղ եք ուզում,— նա գլխով ցույց տվեց դեպի ցած, ուր գորշագույն մշուշում անհանգիստ փայլփլելով հոսում էր Սենան դեպի Ալմա կամրջի ստվերները։

Կինը չէր պատասխանում։

— Դեռ շատ շուտ է,— ասաց Ռավիկը։— Շատ շուտ է, և շատ էլ սառը. նոյեմբերն է։

Նա հանեց սիգարետի տուփը և գրպաններում փնտրեց լուցկին։ Նեղլիկ ստվարաթղթի վրա ընդամենը երկու լուցկի էր մնացել, և նա, զգուշաբար կռանալով, գետից փչող թեթև քամուց ձեռքերի ափերով պաշտպանեց լուցկու բոցը։

— Ինձ էլ մի սիգարետ տվեք,— հազիվ լսելի ձայնով ասաց կինը։

Ռավիկն ուղղվեց և ցույց տվեց սիգարետի տուփը։

— Ալժիրական է։ Սև թութուն։ Օտարերկրյա լեգեոնի զինվորներն են սա ծխում։ Ձեզ համար, թերես, շատ սարթ լինի։ Մոտս ուրիշը չկա։

Կինը գլուխն օրորեց ու մի սիգարետ վերցրեց։ Ռավիկը նրան մոտեցրեց վառվող լուցկին։ Կինը ագահորեն ծխեց, ամբողջովին ներս քաշելով ծուխը, Ռավիկը լուցկին կամրջի ճաղաշարի վրայով ցած շպրտեց։ Ընկնող փոքրիկ աստղի նման լուցկին թռավ խավարի մեջ և հանգավ միայն այն ժամանակ, երբ հասավ ջրին։

Կամրջի վրա դանդաղորեն հայտնվեց մի տաքսի։ Վարորդը մեքենան կանգնեցրեց, նայեց նրանց, մի պահ սպասեց, ապա գազ տվեց ու շարունակեց ճանապարհը մթության մեջ շողշողացող Գեորգ Հինգերորդի խոնավ ավենյուով։

Հանկարծ Ռավիկն զգաց, որ հոգնել է։ Նա ամբողջ օրը ծանր աշխատանք էր կատարել և չկարողացավ քնել։ Այդ պատճառով էլ տնից դուրս եկավ, որպեսզի մի բան խմի։

***

Սկսել էր անձրև գալ։ Ռավիկը դռան առաջ կանգ առավ։

— Դուք ո՞ր կողմն եք գնալու։ Նա վճռել էր, որ ինքը գնա հակառակ ուղղությամբ։

— Չգիտեմ։ Որևէ կողմ։

— Իսկ որտե՞ղ եք ապրում։

Կինն արագ մի շարժում արեց։

— Ես այնտեղ գնալ չեմ կարող։ Ոչ։ Չեմ կարող։ Միայն թե ոչ այնտեղ։ Նրա աչքերը հանկարծ լցվեցին վայրի մի սարսափով։

Գժվել է, մտածեց Ռավիկը։ Կռվել է ամուսնու հետ և տնից հեռացել։ Վաղը կփոշմանի և կվերադառնա։

— Մի՞թե մեկնումեկը չկա, որի մոտ կարողանաք գնալ։ Որևէ ծանոթ կին։ Կարող եք այստեղից զանգահարել։

— Ոչ։ Ոչ մի մարդ։

— Բայց դուք պետք է որևէ տեղ գիշերը մնաք, փող չունե՞ք հյուրանոցում որևէ սենյակ վարձելու համար։

— Կա։

— Ուրեմն, որևէ հյուրանոց գնացեք։ Այստեղ լիքը հյուրանոցներ են։

Կինը ձայն չէր հանում։

— Չէ՞ որ որևէ տեղ դուք պետք է գիշերեք,— վրա բերեց Ռավիկը, համբերությունը կորցրած։— Հո չե՞ք կարող փողոցում անձրևի տակ մնալ։

Կինը կոճկեց անջրանցիկ վերարկուն։

— Ճիշտ եք ասում,— ասաց նա, կարծես ինչ-որ որոշում կայացնելով։— Դուք միանգամայն իրավացի եք։ Շնորհակալ եմ։ Այլևս մի անհանգստացեք ինձ համար։ Մի տեղ կգնամ։ Շնորհակալ եմ։— Նա վերարկուի օձիքի ծայրերը միացրեց իրար ու մի ձեռքով բռնեց։— Շնորհակալություն այս ամենի համար։

Հայացքը տառապանքով լեցուն կինը վերից վար նայեց Ռավիկին, ճգնելով ժպտալ։ Ապա մշուշոտ անձրևի տակ անձայն քայլերով արագ հեռացավ։

Ռավիկը մի վայրկյան մնաց անշարժ կանգնած։

— Սատանան տանի,— շփոթահար ու անվճռական մրթմրթաց նա։ Ռավիկը չգիտեր, ինչպես այդ պատահեց և ինչ էր այդ — անմխիթար ժպիտ, թե հայացք, ամայի փողոց, թե գիշեր — նա գիտեր միայն մի բան — որ այդ կնոջը, որը գիշերային անձրևոտ մշուշում հանկարծ նրան մոլորված մի երեխա թվաց, ինքն այդպես մենակ չպետք է բաց թողներ։

Ռավիկը հասավ նրա հետևից։

— Եկեք ինձ հետ,— ասաց նա չոր։— Մի բան կանենք։

Նրանք դուրս եկան Էտուալ հրապարակը, որը գորշ մշուշով պարուրված փռվել էր նրանց առաջ անծայր ու վեհատեսիլ։ Մառախուղը թանձրանում էր, և այս ու այն կողմ ճյուղավորվող փողոցներր այլևս չէին երևում։ Երևում էր միայն ընդարձակ հրապարակը՝ լապտերների ցաքուցրիվ, աղոտ լուսիններով և վիթխարի հաղթական կամարի մառախուղում կորած քարե զանգվածով, որը կարծես հենարան էր դարձել տրտում երկնքի համար և պաշտպանում էր իր տակ գտնվող մենավոր ու դժգույն լույսը, վառվող Անհայտ զինվորի գերեզմանին, որը թվում է, թե մենության ու խավարի մեջ կորած մարդկության վերջին գերեզմանն է։

Նրանք կտրեցին, անցան ամբողջ հրապարակը։ Ռավիկը քայլում էր արագ։ Նա այնքան էր հոգնած, որ մտածել չէր կարողանում։ Կողքին լսում էր կնոջ երերուն, փափուկ քայլերը, որը գլուխը կախ, ձեռքերը անջրանցիկ վերարկուի գրպանում թաղած, անխոս հետևում էր Ռավիկին — նա, ուրիշի կյանքի փոքրիկ այդ լույսը։

Եվ հանկարծ հրապարակի գիշերային մենության մեջ, թեև ինքը ոչինչ նրա մասին չգիտեր, իսկ գուցե նաև հենց այդ պատճառով կինը Ռավիկին մի ակնթարթ տարօրինակորեն մոտիկ թվաց։ Ռավիկի համար նա օտար էր, ինչպես ինքն էր օտար զգում իրեն ամենուրեք, և դա զարմանալի կերպով մոտիկացնում էր ավելի շատ, քան բոլոր բառերն ու զգացմունքները բթացնող երկարամյա սովորույթը։

***

Ռավիկը նայեց շուրջը։ Սենյակ, մի երկու-երեք ճամպրուկ, մի քանի իրեր, քրքրված գրքերի մի կապ — տղամարդուն շատ բան պետք չի՝ ապրելու համար։ Անհանգիստ կյանքի պայմաններում ի՞նչ պետք է, որ մարդ շատ բաների ընտելանա։ Չէ՞ որ մարդ դրանք միշտ կամ ստիպված է լինում թողնել ու գնալ և կամ էլ վերցնել հետը։ Մինչդեռ դու պետք է յուրաքանչյուր րոպե պատրաստ լինես ճանապարհ ընկնելու։ Ահա հենց այդ էր պատճառը, որ նա մենակ էր ապրում։

Եթե մարդ ճանապարհ է ընկել, ուրեմն, նրան ոչ մի բան չպետք է ոչ կաշկանդի և ոչ էլ հուզի։ Ամենաշատը այդ հուզմունքը կարող է պատճառել որևէ պատահական կապ, սակայն ոչ ավելին։

Ռավիկը նայեց մահճկալին։ Ճմռթված, գորշագույն սավան։

Սպասելը նրա համար առանձնապես մեծ դժվարություն չէր։ Նա հաճախ էր սպասել կանանց։ Բայց զգում էր, որ առաջ սպասել էր բոլորովին ուրիշ տեսակ — առանց խոր զգացմունքների, պարզ, կոպիտ։ Երբեմն էլ կարծես տենչանքը ազնվացնող թաքնված մի քնքշությամբ։ Բայց երկար ժամանակ է, ինչ ոչ ոքի չէր սպասել այսօրվա նման։

Նրա մեջ աննկատելի կերպով ինչ-որ բան էր սողոսկել։ Մի՞թե նա արթնացել է նորից։ Մի՞թե նորից նա սկսել է շարժվել։ Երբվանի՞ց այդ բոլորն սկսեց։ Գուցե կրկին ինչ-որ բա՞ն է կանչում հեռավոր անցյալից, խորքերից կապույտ, գուցե թեթև մի սյո՞ւք է դա, որ գալիս է անանուխով պատված մարգագետիններից, բարդիների շարքե՞ր են գուցե, որ բարձրանում են հորիզոնի վրա, գուցե ապրիլյան անտառների բուրմո՞ւնքն է այդ։ Նա այլևս այդ չէր ուզում։ Չէր ուզում տիրանալ դրան։ Չէր ուզում համակվել այդ ամենով։ Նա արդեն ճանապարհին էր։

Նա տեղից վեր կացավ և սկսեց հագնվել: Անհրաժեշտ էր միշտ անկախ մնալ։ Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից։ Մարդ ուշադրություն չի դարձնում դրանց վրա և ահա հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ։ Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։ Նույնիսկ կնոջ մարմնին։

Ռավիկը դուռը բանալիով չփակեց։ Եթե Ժոանը գա, իրեն չի գտնի։ Նա կարող է սպասել այստեղ ցանկության դեպքում։ Նա մի պահ մտածեց, թե մի երկտող չգրի՞ արդյոք թողնելու համար։ Բայց ստել չէր ուզում, իսկ ասել, թե ուր է գնացել — նույնպես ցանկություն չուներ։

Ռավիկը վերադարձավ առավոտյան ժամը ութի կողմը։ Քայլելով վաղորդյան ցուրտ, դեռ լապտերներով լուսավորված փողոցներով, նա թարմացավ ու թեթևություն զգաց։ Սակայն հենց որ հասավ հյուրանոցին, նրան նորից համակեց նախկին լարվածությունը: Ժոանը չէր եկել։ Ռավիկն զգաց, որ ինքը հենց այդպես էլ կարծում էր։ Սակայն սենյակը նրան թվաց սովորականից ավելի դատարկ։ Ռավիկը նայեց իր շուրջը, փնտրելով որևէ նշան, որով կարելի կլիներ իմանալ Ժոանը եկել է թե ոչ։ Սակայն ոչինչ չգտավ։