«Անտարես» հրատարակչությունը դեկտեմբերի 3-ին, ժամը 17:30-ին հրավիրում է Մաճառ 44 (Երևան, Իսահակյան 44) արձակագիր Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» գրքի շնորհանդեսին։
Usanogh.am-ը ներկայացնում է հատվածներ ստեղծագործությունից։
***
…Սիմոնը պաշտում էր մորը, բայց հենց վաղը Նախշունի կտակը չկատարվեց: Մարտիրոսը ռազմաճակատում էր, Սիմոնն ամաչում էր, սովոր չէր, քաջ չէր՝ ո՛չ հեռանալու, ո՛չ պատերազմ գնալու համար: Հիշեց, որ դպրոցում, երբ իրեն ծեծում էին, մեծ եղբայր Աբգարը գալիս էր օգնության, չնայած, եթե հաշվի առնենք Սիմոնի ու Աբգարի ֆիզիկական տվյալները՝ փրկության: Սիմոնը որոշեց, որ պիտի եղբոր մոտ գնա: Աբգարը հայրական տնից քիչ հեռու խաղողի այգիներ էր տնկել ու հողագործությամբ էր զբաղվում: Պատանեկության տարիներին մի տարօրինակ երազանք ուներ՝ հոգեւորական դառնալու, բայց Մարտիրոսը մերժեց մեծ որդու «դիմումը»՝ գերդաստանի ժողովին, ավելին, ամեն անգամ, երբ տեսնում էր որդուն՝ աղոթելիս, ապտակում էր ու գոռում.
-Հը՞, բա երկրորդ այտդ դեմ չես տալի՞ս, շա՛ն որդի:
Աբգարը հոգեւորական չդարձավ, բայց որոշեց, որ երբեք չի ամուսնանալու, երբ մի անգամ երջանկահիշատակ Նախշունն ասաց.
-Որդի, բայց…
Պատասխանեց.
-Չեմ ուզում, քանի որ չեմ ուզում, որ շան որդիները շատանան:
Իրեն նվիրեց հողին: Իր աճեցրած խաղողով սեփական գինին էր արտադրում ու վաճառում: Միայն եկեղեցիներին անվճար էր տալիս: Իմիջիայլոց, ամենաշատ պատվերը հենց եկեղեցիներից էր. երևի քահանաներն աշխատանքից հոգնած՝ օրվա վերջում սիրում են մի բաժակ խմել…Քրիստոսի արյունը:
-Բացեցի՞ր ծրարը,-տեսնելով այգի մտնող եղբորը՝ ասաց Աբգարը:
Սիմոնը նամակը հանեց գրպանից ու մեկնեց եղբորը:
-Ինքը քեզ ա գրել, որ ուզենար ես կարդամ, ինձ էլ կգրեր,-բահը մի կողմ նետելով՝ ասաց Աբգարը:
-Նստիր կողքս,-Աբգարը նստեց հենց հողին ու վառեց սիգարետը,-ի՞նչ ա եղել:
Սիմոնը նստեց եղբոր կողքին.
-Ասում ա՝ գնա,-ասաց Սիմոնը:
-Բա ինչի՞ ես եկել:
-Եսիմ…Պատերազմ ա:
-Վախենում ես թշնամին հաղթի՞…Այսինքն հիմար ես: Գիտե՞ս թշնամին երբ է հաղթում, երբ գալիս է ոչ թե զենքով, այլ խինդ ու ծիծաղով մտնում տունդ: Սկզբում նստում է սենյակի մի անկյունում, հետո` վառարանի մոտ: Հետո` թախտին, հետո թախտը տանում է վառարանի մոտ ու քեզ ասում. «Դե դուռը փակիր, որ չմրսեմ: Դրսից»: Ու դու փակում ես:
-Հենց դուռը դրսից փակելուց էլ վախենում եմ էլի:
-Իզուր: Չնայած՝ վախենում ես, վախեցիր: Վախը լավ բան ա: Հենց չվախենաս, ուրեմն մեռել ես:
-Պապան գա, նոր:
-Բա որ չգա՞:
Եղբայրները լռեցին՝ ասես հարգելով ինչ-որ մեկի հիշատակը:
-Քեզ մի բան կասեմ,-Աբգարը հողի մեջ հանգցրեց սիգարետը,-գիտե՞ս պապան, մեր հայրերը էլի, ինչ երկիր են սարքել: Երկիր, որտեղ գրողները երջանիկ են, քաղաքական գործիչները երջանիկ են, լրագրողները երջանիկ են, բայց մարդը տանջվում է: Երկիր, որտեղ մեռնելու համար հայրենիք են գալիս, ծնվելու համար արտասահման են գնում: Դրա համար էլ սա մահվան երկիր է, ոչ թե կյանքի:
Էլի լռեցին:
-Ուրեմն գնա՞մ,-ասաց Սիմոնը:
-Եսիմ:
Աբգարը ոտքի կանգնեց ու ձեռքն առավ բահը:
***
Սար անպայման պիտի լինի: Սիմոնը որոշել էր, որ օտար հողում մեքենան կանգնեցնելու է այնտեղ, որտեղ անպայման գոնե մեկ սար լինի: Հեշտ գտավ: Թշնամիներին հաճախ պարտված ու միշտ նահանջած ժողովուրդների երկրներում սարեր շատ են լինում. դրանք խեղճուկրակների պաշտպանության համար են, որպես Աստծո պարգև, որ իրենց զգան բարձր ժողովուրդ, որ գոնե միայն ապրելատեղով կարողանան վերևից նայել աշխարհին, որ Բարձրյալին մոտ լինեն ու հնարավորինս շուտ տեղ հասնեն:
Սարի գլխին նույնիսկ ձյուն կար: Շուրջբոլորն էլ՝ կանաչ դաշտ: Նույնիսկ քիչ հեռվում ձոր կար ու գետ էր քչքչում:
-Էսքան եկանք, գոնե ծովի մոտ հասնեինք,-դժգոհեց Սաթիկը:
-Չէ: Մեզ չի կարելի ապրել ծովի մոտ: Պիտի միշտ երազելու բան ունենանք,-մեքենայից իջավ Սիմոնը:
Սաթիկը հնազանդվեց: Տեղն իսկապես սիրուն էր: Տեսանելի հեռվում ոչ մի տուն չկար, տպավորություն էր, որ աշխարհի այդ գողտրիկ անկյունի տեղը մարդիկ չգիտեն, ինչը շատ հասկանալի է, քանի որ մարդիկ նույնիսկ դրախտի տեղը չգիտեն ու մոռացել են, որ ինչ-որ մի օր այնտեղ էին:
Սիմոնն ու Սաթիկը երկու գիշեր մեքենայում անցկացրեցին, մինչև ժամանակավոր կացարան գտան: Սիմոնը հղի կնոջը տեղավորեց այնտեղ ու միացավ իրենց տունը սարքողներին: Շինարարությունն արագ էր ընթանում, քանի որ Սիմոնն ուզում էր հասցնել՝ մինչև որդու ծնունդը: Փառք Աստծո, Նախշունը կտակում չէր գրել, որ Սիմոնի տունը պարտադիր պետք է երկհարկանի լինի, ու Սիմոնը որոշեց, որ արագ լինելու համար մի հարկը դեռ բավարար է:
Օրերն արդեն տաքանում էին, երբ կապեցին տանիքը և Սիմոնն ու Սաթիկը առաջին անգամ քնեցին իրենց տանը:
-Կատարեցի,-պառկած՝ առաստաղին նայելով, շշնջաց Սիմոնը:
-Դե մոլոդեց,-ամուսնու հակառակ կողմը թեքվեց Սաթիկը:
Բայց Սիմոնը չլսեց կնոջը: Սիմոնն այդ պահին ու ամբողջ գիշեր ուրիշ բան էր լսում.
…Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ…
…Մի քանի ամսից, երբ Սիմոնն արդեն սրբում էր քրտինքը տնամերձ հողում աշխատելիս, ծնվեց Մարտիրոսը:
-Ուրիշ անուն չկա՞,-ասել էր Սաթիկը:
-Ուրիշ հեր չկա,-թեման փակել էր Սիմոնը:
Մարտիրոսը հոր պես կապույտ աչքեր ուներ ու Սասունցի Դավթի պես ժամով էր մեծանում: Արդեն չորեքթաթ խաղում էր բակում, երբ Սիմոնի ու Սաթիկի դրախտ ներխուժեցին ուրիշ մարդիկ՝ այն դարձնելով սովորական բնակավայր: Սիմոնի տուն սարքող բանվորները հավանել էին տեղանքը ու այս կողմերի առաջին բնակիչներից դարձան: Սիմոնն իհարկե հասկանում էր, որ իրադարձությունները չեն զարգանում մոր կտակի համաձայն, քանի որ իր բնակության վայրն արդեն ամայի չէր, բայց Սիմոնն ո՞վ է աշխարհի դեմ մենամարտում: Սովորական մարդ, միլիարդից մեկը նրանցից, ովքեր չեն կարողանում ճանապարհ բացել, բայց հաճույքով գնում են արդեն բացված ճանապարհներով: Չնայած՝ վստահ են, որ հենց իրենք էին, որ առաջինը գնացին այդ ճանապարհով:
Բանվորներին հաջորդեցին նրանց հարազատները, նրանց հարազատներին՝ նրանց խնամիները, նրանց խնամիներին նրանց հարևանները, նրանց հարևաններին՝ հեռու բարեկամները: Շուտով ամայի վայրը դարձավ խիտ բնակեցված բնակավայր, հետո վերածվեց քաղաքի, որն ուներ 5 թե 6 դպրոց, 2-3 մանկապարտեզ, մոտավորապես տասը հիվանդանոց, որոնցից մեկը ծննդատուն ուներ, հարսանյաց 4 սրահ, սգո՝ 7 սրահ, երեք ռեստորան, բավականին մեծ շուկա, ոստիկանության բաժանմունք, դատարան ու նույնիսկ երկու մարդասպան, 14 գող ու վեց հանցագործ, որոնք դատապարտվել էին բռնաբարության համար:
Ասել, թե Մարտիրոսը մեծանում էր սիրո մեջ, ճիշտ չի լինի: Չնայած Սիմոնն այլևս չէր հարբում, Սաթիկն էլ գրեթե չէր փնթփնթում, բայց այս երկուսին դժվար էր անվանել սիրող ամուսիններ: Իրար հետ քնում էին, իրար կողքի զարթնում էին, իրար հետ հաց էին ուտում, նույնիսկ խոսում էին, բայց Սիմոնը, օրինակ, մոռացել էր, որ Սաթիկը ծնողներին երբեք չի տեսել, որ ինքը Սաթիկին մանկատնից է գտել, որ առաջին անգամ Սաթիկին համբուրել է մութ գերեզմանոցում, քանի որ իրենց հին քաղաքի մանկատունը հենց գերեզմանոցի կողքին էին սարքել: Սիմոնն իր հայրական տունն էր մոռացել, նույնիսկ որդու անունը հաճախ չէր հիշում: Մոռացել էր, որ տան վրա ախր գրել էր «Վաճառվում է», տեսնես վաճառվե՞ց, չէր հիշում, որ Սաթիկը երեկ ավելուկով ճաշ էր եփել…Սիմոնը խրվել էր աշխատանքի մեջ ու հայրենիք էր կառուցում՝ հայրենիքի մեջ: